Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի խորհրդարանում երեկ անցկացվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը:
Նիստից հետո կայացած ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին: Նա նաեւ նշել է, որ աշխատանքներ են տարվում մեր օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելուն, եւ կարծիք է հայտնել, որ Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:
Այս կապակցությամբ Aravot.am-ը քաղաքագետ, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է, իր կարծիքով, նման շտապողականության պատճառը: Քաղաքագետն ասաց. «Բնականաբար, նոյեմբերի 24-ին Վիլնյուսում սպասվող իրադարձություններից հետո հետխորհրդային տարածքում ակնհայտորեն ձեւավորվելու է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ եւ նոր քաղաքական մթնոլորտ, հետեւաբար, Ռուսաստանն այսօր շահագրգռված է, որքան հնարավոր է շուտ ամրագրել իր «նվաճումները» Հայաստանում, փաստաթղթավորել դրանք, որպեսզի Հայաստանի համար առավելագույնս դժվար լինի դրանցից հետ կանգնելը, որովհետեւ Հայաստանի հետ կանգնելը, իրենք էլ են լավ հասկանում, որ անխուսափելի է»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է դա անխուսափելի, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Այն պատճառով, որովհետեւ, այսպես կոչված, միությունները, որոնք ձեւավորվել են միայն Պուտինի անձնական ամբիցիաները բավարարելու համար, ուղղակի չեն դիմանում ժամանակի, պատմության որեւէ քննության»:
Կարդացեք նաև
Քաղաքագետից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի այդ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտահոգությունը, ըստ որի, նիստում ամենաշատը խոսվել է Հայաստանում ռուսերենի հատուկ կարգավիճակի մասին:
Ըստ պարոն Մեհրաբյանի՝ այդ խոսակցությունները սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ձեւավորված մթնոլորտի տրամաբանական շարունակությունն են.«Այդ խոսակցությունները՝ ռուսերենի հատուկ կարգավիճակի մասին, սկսվել էին ռուսական դպրոցների վերաբացման խոսակցությունների ժամանակներից եւ պարբերաբար արծարծվում են, բայց բախվելով հանրային ճնշմանը, դժգոհությանը, կրկին նահանջում են: Եվ այս անգամ հերթական փորձն է: Վաղուց է հասունացել ժամանակը, որ Հայաստանի հասարակությունն իր վճռորոշ եւ վճռական խոսքն ասի այս կրկեսին, այս մաքսային կրկեսին, եւ ուղղակի վերջ տա այս կատակերգությանը»:
Մեր հարցին՝ արդյոք մենք ունե՞նք ռեսուրսներ՝ այդ կտրուկ «ոչ»-ն ասելու ռուսներին, այն դեպքում, երբ մեզնից տնտեսապես շատ ավելի հզոր եւ աշխարհաքաղաքական առումով շատ ավելի նպաստավոր դիրքերում գտնվող Ուկրաինան է, կարծես թե, կուլ գնում ռուսական ճնշումներին, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Անշուշտ ունենք: Այդ ռեսուրսը հասարակությունն է: Ընդ որում, դա Ուկրաինայում էլ են հասկացել եւ նոյեմբերի 24-ին նախատեսում են դուրս գալ փողոց: Բոլորը հասկանում են, որ ճնշումը՝ ճնշում, բայց դրան տրվելը գալիս է արատավոր իշխանությունից, որը կա թե՛ Հայաստանում եւ թե՛ Ուկրաինայում: Եթե այդ իշխանությունները չունենային այդ քրեաօլիգարխիկ էությունը, ապա այդ ճնշմանը միանգամայն հնարավոր է դիմակայել եւ ցույց տալ, որ գործը չպիտի հասնի նրան, որ Ռուսաստանը որոշի, թե մենք ինչը պիտի անենք, ինչը՝ ոչ»:
Մեր դիտարկմանը, որ Վրաստանում իշխանությունը լեգիտիմության դեֆիցիտ չունի, եւ, հավանաբար, այդ պատճառով է դիմակայում, քաղաքագետը պատասխանեց. «Այո, եւ Ռուսաստանում էլ են դա շատ լավ հասկանում, եւ նման անպարկեշտ առաջարկով պարզապես չեն էլ դիմի Վրաստանին»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Այսօր արդեն ՖՄ ռադիոտիրույթում ավելի շատ ռուսերեն են բարբաջում, քան հայերեն խոսում են: Պարզապես նողկալի է…
Հայաստանում ռուսերենն արդեն իսկ ունի հատուկ կարգավիճակ, և դա ամրագրված է օրենքով: Միաջազգային կոնվենցիայի ուժով, որը Հայաստանն ստորագրել է
Չիմացողներին, այդ թվում ռուսների հետ հանդիպած և ռոuսերեն լեզվի կարգավիճակի բարձրացման քննարկումներին մասնակցած պատգամավորներին տեղեկացնում եմ, որ ռուսերենը Հայաստանում հատուկ կարգավիճակ ունի: Այն մեկն է հինգ լեզուներից, որոնք Հայաստանում պաշտոնապես ճաաչված են որպես փոքրամասնության լեզու: Կուզենայի տեղեկացնել, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե ազգային, այլ լեզվական փոքրամասնության մասին է, այսինքն՝ ռուսերենով խոսող փոքրամասնության: Այդ կարգավիճակում լեզվակիրներն ունեն թե դպրոցի, թե մակապարտեզի, թե կրթության այլ մակարդակների իրավունք, ինչպես նաև պաշտոնական գրագրությունում այդ լեզուն օգտագործելու իրավունք: Սա ամրագրված է ՛՛Տարածքային և փոքրամասնությունների լեզուների՛՛ Եvրոպական խարտիայով, որին Հայաստանը միացել է: Ռուսաստանն, իհարկե, չի միացել, հետևաբար խոսք չկա այն մասին, որ Ռուսաստանում հայերենը ճանաչվել որպես փոքրամասնության լեզու՝ սրանից բխող իրավունքներով: Այս դեպքում խնդիրը միայն հայերենը չի: Ռուսաստանը, որ փաստացի կայսրություն է, և իրեն է միացրել հարակից տարացքների ժողովուրդներին, ունի բազմաթիվ ՛՛տարածքային լեզուներ՛՛: Ռուսաստանը փախչում է այդ լեզվակիրների լեզվի իրավունքների պաշտպանությունից: Բոլոր դեպքերում լավ կլինի մեր քաղաքական գործիչներն իմանան, որ Հայաստանում ռուսերենն արդեն իսկ ունի հատուկ կարգավիճակ: