Քարահո՞ւնջ, թե՞ Զորաց քարեր. ինչո՞ւ են շրջանառվում երկու տրամագծորեն տարբեր կարծիքներ, վերջապես, ի՞նչ է Քարահունջը և ո՞ր թվականին է այն պատկանում: Այս հարցերի վերաբերյալ այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետն արտահայտեց մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի դասախոս Վաչագան Վահրադյանը:
Նրա խոսքերով՝ կառույցն առեղծվածային է ինչպես իր անվանմամբ, այնպես էլ տարիքով ու նշանակությամբ, և գիտնականների կարծիքներն այս հարցերի վերաբերյալ չեն համընկնում: «Սակայն իմ հաշվարկներով այն մոտ 14 հազար տարեկան է, իրական անվանումը Քարահունջ է և ծառայել է աստղագիտական հետազոտությունների համար: Գիտական գրականության մեջ կառույցի առաջին անվանումը թուրքացված Ղոշուն Դաշն է, որը գործածել է ազգագրագետ Մելիք Շահնազարյանը: Խոսակցություններն այն մասին, թե կառույցը 1700-ական թվականներից կոչվում է Զորաց քարեր, սուտ են: Ոչ մի գրավոր արձանագրություն չկա այն մասին, որ կառույցն ունի այդ անվանումը, թեև արդեն երկու տարի է, ինչ սկսել են Զորաց քարեր անվանել: Դա, պարզապես, Ղոշուն Դաշի թարգմանությունն է»,- ասաց Վ. Վահրադյանը: Նա ընդգծեց, որ անվան ճշգրտումը կարևոր է ինչպես գիտական ճշմարտությունը բացահայտելու առումով, այնպես էլ կառույցը քաղաքական շահարկումներից զերծ պահելու համար. «Եթե մենք չենք վերականգնում նախնական անվանումը, այլ թարգմանում ենք թուրքացված բառը, նշանակում է՝ ընդունում ենք, որ այդտեղ դարերով ապրել են թուրքերը»,- ասում է պարոն Վահրադյանը:
Անդրադառնալով կառույցի նշանակությանը՝ նա ասաց, որ կառույցի աստղագիտական նշանակությանը կողմ աստղագետները զանազան հաշվարկներ են կատարում, փաստարկներ են բերում՝ գիտականորեն ապացուցելու, որ այն աստղադիտարան է եղել, մինչդեռ հնագետները համոզված են, որ կառույցը դամբարանային դաշտ է, «սակայն որևէ հոդված չկա, որում նրանք կկարողանան հիմնավորել, որ կառույցը դամբարանադաշտ է եղել»- ասում է Վաչագան Վահրադյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ