Նոյեմբերի 18-ին Երևանի Ամերիկյան անկյունում տեղի ունեցավ «Ժրաջան լաբորատորիա» միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի թիվ 67 դպրոցի սաներն ու ուսուցիչները: Միջոցառումը տեղի է ունենում «Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթ 2013» նախագծի շրջանակներում: «Ժրաջան լաբորատորիա» միջոցառման նպատակն է նպաստել երիտասարդների քննադատական մտածողության և խնդիրներ լուծելու կարողությունների զարգացմանը:
«Ժրաջան Լաբորատորիայի» ընթացքում երեխաները բաժանվելով երկու խմբերի կատարեցին իրենց հանձնարարված աշխատանքները: Միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվարդ Ք. Փրայսը, ով երեխաների հետ կատարեց հանձնարարված աշխատանքները: Վուդվարդ Ք. Փրայսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագիծը երեխաների համար լավ փորձ է.
«Սթիվ Ջոբսն իր գրքում պատմում է իր մանկության, իր առաջին փորձերի մասին և ինչպես են դրանք իրեն ոգեշնչել: Այսպիսով՝ շատ եմ կարևորում այն փորձը, որ երեխաները կարող են ստանալ»:
ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Վիոլետա Տալանդիսը Aravot.am-ին հայտնեց, որ միջոցառումը տեղի է ունենալու ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի այլ մարզերում.
«Շաբաթ օրը միջոցառումը տեղի կունենա նաև Գյումրիում: Հուսով ենք, որ երեխաներին դուր կգա: Այդ դեպքում «Ժրաջան լաբորատորիան» շարունակական կդառնա»:
«Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթը» նշվում է 2007 թվականից: Այն նվիրված է այն մարդկանց, ովքեր զբաղվում են նորարարություններով, ստեղծում են նոր աշխատատեղեր: Շաբաթվա ընթացքում նախատեսվում է գործարար պլանների մշակման մրցույթ, սեմինար ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտների համար և միկրոձեռնարկատիրության մասին սեմինար գյուղաբնակ կանանց համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ