Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ միանգամից աշխատանքից ազատեցին Շիրակի մարզի պրոֆեսիոնալ դատախազներին

Նոյեմբեր 18,2013 18:51

Ինչպես տեղեկացրել ենք,  Րաֆֆի Ասլանյանի` Շիրակի մարզի դատախազ նշանակվելուց հետո մեկը մյուսի հետևից ազատվեցին  այս համակարգի հին, ստաժավոր կադրերը, մի քանի ավագ  դատախազներ, դատախազի տեղակալներ: Դատախազություն լքեցին  դատախազներ՝ Ժորա Սադոյանը, Մամեդ Սալոյանը, Ռուդիկ Սարուխանյանը,  Արթիկի դատախազ Անդրանիկ Պապիկյանը, դատախազի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը:

Այսօր լրագրողները նորանշանակ դատախազին հարցրեցին, թե ինչո՞վ է բացատրվում այս երևույթը: «Ես լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը ծանոթ եմ, քանի որ նույնպես որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի` ակտիվ կերպով հետևում եմ նաև լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը, նշվել էր` իբրև թե իմ հայեցողությամբ են նշված անձիք ազատել իրենց զբաղեցրած պաշտոնները: Ասեմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, նշված անձանցից և ոչ մեկին ես չեմ առաջարկել, չեմ ստիպել, որպեսզի կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմում ներկայացնի: Անձինք իրենց նախաձեռնությամբ են ցանկացել կենսաթոշակի գնալ, ընդ որում 5 անձանցից 3-ին անձամբ փորձել եմ համոզել, որպեսզի առնվազն առաջիկա մեկ տարում ձեռնպահ մնան այդ քայլից, բայց մարդիկ իրենք էլ ինձ են համոզել, որ ավելի լավ է թոշակի գնան.  առկա պայմանները, առկա պահանջները, ըստ էության, համարել են իրենց տարիքին ոչ համապատասխան», -պարզաբանեց Րաֆֆի Ասլանյանը:

Շիրակի նորանշանակ դատախազը կենսաթոշակի գնացող դատախազներից 3-ին համարեց նորմալ, պրոֆեսիոնալ դատախազներ, որոնք կարող էին իր պահանջները բավարարել, իսկ մյուս երկուսին բնութագրեց որպես այնպիսի աշխատակիցների, որոնց հեռանալը որևէ կերպով չի անդրադառնա  դատախազության աշխատանքների վրա: Նորանշանակ դատախազը նրանց բնութագրելիս` խուսափեց անուններ մատնանշելուց:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե այս դատախազները սպասում էին, որ դատախազը փոխվեր, գային խմբակային դիմում տայի՞ն ու  թոշակի  գնայի՞ն: «Ճիշտն ասած դա իրենցից կարող եք ճշտել, առավել ևս ձեր համաքաղաքացիներն են և ձեր հետ ավելի անկեղծ կլինեն: Կարծում եմ դատախազի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդեր նրանց որոշումների վրա, թեև դատախազի փոփոխությունը, իհարկե, նաև աշխատանքային մեթոդների փոփոխություն է առաջ բերել, աշխատանքի ուղղվածության փոփոխություն, պահանջների փոփոխություն և բազմաթիվ նման տիպի փոփոխություն: Ես ասել եմ ու կասեմ, իմ կարծիքով դա միայն իմ պահանջները չեն, դա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պահանջներն են և հրապարակվել են մամուլում: Կան որոշակի չափանիշներ, որոնք ներկայացվում են դատախազին, այսինքն՝ դատախազը պետք է լինի արդարամիտ, դատախազը պետք է ապահովի բոլորի հավասարությունը օրենքի առջև. և ամենակարևորը պետք է լինի անկաշառ, դա ամենակարևոր սկզբունքն է մեր աշխատանքային քաղաքականության և պետք է լինի խելացի ու աշխատասեր»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Լրագրողները  հետաքրքրվեցին`ստացվում է, որ  մինչև օրս այդ պատկերը  չե՞նք ունեցել: «Ես չեմ կարող ասել` ունեցել ենք, թե չենք ունեցել, իհարկե կան  դատախազներ, որոնք միանշանակ համապատասխանել են այդ չափանիշներին և համապատասխանում են: Կան դատախազներ, որոնք չեն համապատասխանել և ներկայումս էլ չեն համապատասխանում, իսկ կան դատախազներ, ովքեր համակարգից դուրս են եկել, նաև իմ թվարկած անձիք, բայց միանշանակ չենք կարող ասել, որ էդ մարդիկ չեն համապատասխանել էդ պահանջներին, մարդիկ պարզապես ցանկություն չեն ունեցել, ես նշեցի, որ առնվազն 3-ը եղել են պարկեշտ, շատ նորմալ դատախազներ»:

Լրագրողները  շարունակեցին`հարցնելով, թե  թերագնահատո՞ւմ եք համակարգը Աղվան Հովսեփյանի օրոք, որին ի պատասխան Շիրակի նորանշանակ դատախազն ասաց, որ ինքը ևս աշխատել է Աղվան Հովսեփյանի օրոք: «Համակարգը միշտ էլ պատրաստ է եղել իր առաքելությունը իրականացնելու, և իրականացրել ու իրականացնում է, պարզապես յուրաքանչյուր հաջորդ , այդ թվում նաև ես, ինձ պարտավորված եմ զգում շարունակել նախորդի թողած լավ գործերը, նախորդի կողմից կատարված ցանկացած դրական աշխատանք և ինչու չէ նաև շտկել բացթողումները: Իմ կարծիքով ինձ հաջորդող մյուս դատախազը նույնպես կվարվի նույն աշխատաոճով»:

Մեր այն հարցին, թե որտեղի՞ց կհրավիրեն  արդարամիտ դատախազների, մայրաքաղաքի՞ց, թե՞ տեղում կան այդպիսի կադրեր, կընտրեն Շիրակի մարզից, նորանշանակ դատախազն այսպիսի պատասխան տվեց. «Ցավոք, ես մայրաքաղաքից դատախազներ հրավիրելու հնարավորություն չունեմ`հաշվի առնելով մեր առաջ քաշած պայմանները, այսինքն՝ մարդիկ պետք է գան, ընդամենը աշխատավարձ ստանան և վարձով բնակվելով աշխատեն: Բնականաբար մարդիկ էդ պայմաններում պատրաստ չեն, իհարկե, ունենք շատ մտերիմներ, որոնց և արդարամտությանը և գիտելիքներին շատ  եմ վստահում, բայց մարդիկ պատրաստ չեն գալու` զուտ նյութական ապահովվածությունից ելնելով: Հնարավոր չէ այդ պայմաններում աշխատել, հետևաբար մենք ստիպված պետք է հենվենք տեղի կադրերի վրա: Տեղի կադրերին,  իհարկե, անվերապահորեն  նախապատվություն չենք տալու, այսինքն՝ սկզբում կաշխատենք, հետագայում եթե տեսնեք, որ իրենց չեն արդարացնում և աշխատանքում թերանում են, կամ իմ կողմից նշած պահանջներին չեն համապատասխանում, հետևաբար այդ անձինք կազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Իսկ  ովքեր կմնան, կաշխատեն մեր կողմից նշված չափանիշներով, ապա միանշանակ կաշխատեն և կգնահատվեն»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տավուշի տիկին դատախազի պես յուրային չէին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930