Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Գեւորգյան. «Հայաստանի ըմբիշներն այս մրցաշրջանում լավ հանդես եկան, իսկ Յուրի Պատրիկեեւը շարքային ըմբիշ չէ…»

Նոյեմբեր 18,2013 18:30

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրն էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Նա խոսեց մրցաշրջան 2013-ում մեր հունահռոմեական ըմբիշների մրցելույթների մասին, պատասխանեց լրագրողների հարցերին: Գնահատելով արդյունքները` մասնագետը նշեց. «Գերազանց չես համարի, քանի որ այս տարի մեծահասակների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ չեղավ, բայց դրա փոխարեն մեդալների քանակական աճ գրանցվեց: Այս տարի հաջող հանդես եկան մեր երիտասարդներն ու պատանիները, ինչը մեզ իրավունք է տալիս մեր հավաքականների մրցելույթները գնահատել լավ»:

Անդրադառնալով մեր անվանի ըմբիշների` Գերմանիայի Բունդեսլիգայի ակումբներում հանդես գալու օգտակարությանը` Սամվել Գեւորգյանը նշեց, որ այդ ակումբները շարքային ըմբիշներին չեն հրավիրում: «Եթե ակումբներում հանդես գալը չի խանգարում Հայաստանի ազգային հավաքականի ծրագրերին, հավաքականի մարզչական խորհուրդը եւ ֆեդերացիան համատեղ քննարկում են եւ թույլ տալիս: Նախ, հանդես գալով այդ ակումբներում, ըմբիշները համեմատաբար ազատ են իրենց քաշային կարգերում, որպես կանոն, մրցակից ակումբների ըմբիշները տարբեր երկրների ազգային հավաքականների անդամներ են, օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքների հաղթողներ ու մրցանակակիրներ: Այնպես որ, ուժեղ մրցակիցների հետ գոտեմարտելը նրանց միայն օգուտ է բերում: Եվ, ինչո՞ւ չէ, մեր ըմբիշներն այնտեղ նաեւ գումար են վաստակում», – ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Aravot.am-ի հարցին, թե Յուրի Պատրիկեեւը, որ արդեն տեւական ժամանակ Հայաստանի հավաքականի կազմում մրցման չի մասնակցում, հնարավո՞ր է` մի գեղեցիկ օր էլ արդեն մեկ այլ երկրի դրոշի ներքո հանդես գա, Սամվել Գեւորգյանը պատասխանեց. «Նախ, այս պահին նա այդպիսի մտադրություն չունի: Եթե Յուրին շարքային ըմբիշ լիներ, հնարավոր կլիներ, որ երկու տարի անց այլ երկրի հավաքական տեղափոխվեր: Բայց, քանի որ նա մտնում է աշխարհի լավագույն ըմբիշների ցուցակ, դրա համար այդ հնարավոր երկիրը պետք է ՖԻԼԱ-ին խոշոր գումարներ վճարի: Էլ չեմ ասում Հայաստանի ֆեդերացիայի մասին: Միայն մեր ֆեդերացիայի համաձայնությամբ Պատրիկեեւը կարող է այլ երկիր տեղափոխվել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930