Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին ՌԴ դեսպանը մի բան է ասում, ՀՀ իշխանությունը` այլ

Նոյեմբեր 18,2013 18:04

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, խոսելով Հայաստանի` Մաքսային միության անդամակցության մասին, կարծիք էր հայտնել, թե «անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»:

Aravot.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց` արդյոք այս հայտարարությունը չի՞ հակասում ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցրած այն հավաստիացումներին, թե Մաքսային միությունը չի վտանգում ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությանը:

Պարոն Ավագյանը պատասխանեց. «Խորհուրդ կտայի, որ այսպես ուշի ուշով հետևեիք ոչ թե այլ երկրների, այլ մեր երկրի պաշտոնյաների հայտարարություններին: Ինչ վերաբերում է կոնկրետ ձևակերպմանը, ապա տարբեր ձևակերպումներ կարող են տարբեր պաշտոնյաներ ներկայացնել: Խնդիրն այն է, որ ընդհանրապես նման միություններում ընդհանուր սկզբունքներ ու որոշումներ են լինում և, հավանաբար, այդ որոշումների մասով է ներկայացվել այդ մեջբերումը: Եվ ցանկացած նմանատիպ միությունում, անգամ Եվրամիությունում գոյություն ունեն ընդհանուր կանոններ. օրինակ` ընդհանուր մաքսային ցանկ, մաքսազերծման ընդհանուր գներ: Բնականաբար, ինչ ձևակերպում էլ տան, խոսքը այն մաքսային գործընթացներին է վերաբերվում, որ նախատեսվում է իրականացվել կոնկրետ մաքսային ընդհանուր տարածքում: Ընդհանրապես, ճիշտ կլինի զերծ մնալ գնահատականներից ու մեկնաբանություններից, մինչև չլինեն կոնկրետ փաստաթղթեր»:

Կարեն Ավագյանից հետաքրքրվեցինք` մտահոգություն չունի՞, որ ռուս դիվանագետի վերոնշյալ հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունը ժողովրդի աչքում այսպես ասած սխալ դուրս եկավ: Կարեն Ավագյանը պատասխանեց. «Չի կարող նման բան լինել, քանի որ, կրկնում եմ, դա բնորոշ է ամեն տեսակի միություններին: Ռուսաստանը, լինելով գերտերություն, անգամ ինքն է կորցում իր` համապատասխան միանձնյա որոշում կայացնելու իրավունքը: Ցանկացած որոշում բխելու է միության քաղաքականությունից, որը վերաբերվելու է կոնկրետ մաքսային հատվածին»:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Չեմ կարծում, որ ՌԴ դեսպանը մեր ինքնիշխանության հարցը հարցականի տակ դրած լինի, այլապես ստացվում է, որ նույն հաջողությամբ Ռուսաստանն ինքն է կորցնելու իր ինքնիշխանությունը, քանի որ Մաքսային միության անդամ բոլոր երկրներն ունեն հավասար իրավունքներ: Չեմ կարծում, որ վերոնշյալ ձևակերպմամբ այդ նպատակն է հնչել. հաստատ, դա այդպես չէ: Թարգմանելուց հարցեր են առաջանում, օրինակ` մի ստորակետ փոխելուց, իմաստ է փոխվում: Հայաստանը չի գնացել ու չի գնա այն քայլին, որ արյամբ ձեռք բերված ինքնիշխանությունն ու անկախությունը կորցնի: Նաև ծանոթ լինելով դեսպանի ունակություններին` չեմ կարծում, որ նման վրիպակ թույլ տված լինի: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են և անելու են, որ մեր անկախությունը հարցականի տակ չդրվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ուշադիր նայեք սրանց դեմքին, և ամեն իմչ պարզ կլիմի:

  2. Մարատ Կոստանյան says:

    «Չի կարող նման բան լինել, քանի որ, կրկնում եմ, դա բնորոշ է ամեն տեսակի միություններին: Ռուսաստանը, լինելով գերտերություն, անգամ ինքն է կորցում իր` համապատասխան միանձնյա որոշում կայացնելու իրավունքը:» – Չլինի էս աճպարարն իսկապես կարծում է, որ գոնե ինչ որ մեկը իր ասածները հանկարծ եւ լուրջ կհամարի

  3. Մարատ Կոստանյան says:

    Սրանց նման խեղկատակների “կարծիքները” փոխանցում եք մեզ` որ ինչ անեք: “Առավոտը” պարզապես վտանգում է իր հեղինակությունը եւ կարող է կորցնել լուրջ թերթի համարումը:

  4. gggggg says:

    Երևի սրանք ուզում են ասել,որ եթե մաքսային միությունում Ռուսաստանր կայացնի մի որոշում, որը հակասում է Հայաստանի շահերին իրենք “հերոսաբար” դիմադրելու են և ստիպելու են Ռուսաստանին հետ կանգնել այդ որոշումից:

    • Կարեն says:

      Նայիր նրանց զուլոլ ու մաքուր աչքերի մեջ, մի թէ նրանք թույլ կտան, որ ինչ որ Ռուսաստան թարս նայի մեր երկրի վրա։ Մի մոռացիր՛ նրանք Նժդեհ պապիկի թոռնիկներն են, որոնք կառուցում են ազատ, անկախ և Մ.Մ. կազմում Հայաստան։

  5. Մարատ Կոստանյան says:

    Չեմ հիշում ով է ասել` “Նրա ուղեղի ծալքերն այնքան շատ են, որ Միտքն այնտեղ մոլորվում ու ելքի ճանապարհը չի գտնում”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930