“Mezzo Production” ընկերության և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ նոյեմբերի 16-ին եռօրյա այցով Արցախ էր ժամանել իսպանացի համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Պլասիդո Դոմինգո կրտսերը:
Պլասիդո Ֆրանսիսկո Դոմինգո կրտսերը իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին է: Ծնվել է 1965թ. Մեխիկոյում: Երգեր է գրել ինչպես հոր, այնպես էլ անվանի այնպիսի երգիչների համար, ինչպիսիք են Խոսե Կարրերասը, Լուչանո Պավարոտտին, Դայանա Ռոսսը, Լեոնա Միտչելլը և այլք: 2009թ. մասնակցել է “Amore Infinito” /Հավերժական սեր/ ալբոմի թողարկմանը: Ալբոմում ներառված են Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի բանաստեղծություններով գրված երգեր: 2010թ. Լատինական “Գրեմմի” մրցանակաբաշխությանը արժանացել է <<Տարվա մարդ>> կոչմանը:
Այցի շրջանակներում Պլասիդո Դոմինգո կրտսերը նոյեմբերի 17-ին Ստեփանակերտում հանդես է եկել համերգով, որի ընթացքում արցախցի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու իսպանական, մեքսիկական, արգենտինական բալլադներ` դաշնակահար Արմեն Աղաջանյանի նվագակցությամբ: Դահլիճում տիրող ջերմ և անմիջական մթնոլորտը մեծապես նպաստում էր երեկոյի հաջողությանը:
Նոյեմբերի 17-ին անվանի երգչին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել երգչին Արցախում համերգով հանդես գալու համար՝ նշելով, որ դա մեծապես նպաստում է հանրապետությունում մշակույթի զարգացմանը, մշակութային երկխոսության խորացմանը եւ իր մեջ պարունակում է խաղաղության ուղերձ: Արծարծվել են նաեւ մեր երկրում մի շարք մշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Պլասիդո Դոմիգո կրտսերը այցելել է նաև Գանձասարի վանական համալիր, ծանոթացել Շուշիի թանգարաններին, այնուհետև այցելել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, որտեղ մասնակցել է <<Խաղաղության ծառուղու>> հիմնմանը` տնկելով առաջին արծաթագույն եղևնին:
Արցախյան ավանդական սեղանի շուրջ երգիչը ներկաների հետ կիսվել է իր տպավորություններով, ընդգծել արցախցիների հյուրասիրությունն ու ջերմ վերաբերմունքը, Արցախի հարուստ մշակույթն ու ավանդույթները:
Պլասիդո Դոմինգո կրտսերը Հայաստան է ժամանել Դասական երաժշտության շաբաթվա շրջանակներում և նոյեմբերի 21-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն