Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկ. Իրերն իրենց անունով կոչելով

Նոյեմբեր 18,2013 17:29

Ձեր մասին այնքան զրպարտանք եմ լսել,

որ համոզված եմ, որ Դուք կարգին մարդ եք…

Օսկար Ուայլդ

 

Ցավում եմ, որ ստիպված եմ անդրադառնալ մի թեմայի, որի մասին չէի էլ կարող պատկերացնել, որ կգրեմ երբևէ: Ուղղակի ապատեղեկատվությունն ու զրպարտանքը այն աստիճանի է հասել, որ չգրելն ու չպարզաբանելն արդեն բարոյապես սխալ է դառնում:

Նախ և առաջ նշեմ, որ հոդվածիս շարադրման հիմնական պատճառները հարազատ ԲՈւՀ-իս` Պոլիտեխնիկին հասցված բարոյական վնասն է և Պոլիտեխնիկի վարկանիշի հաշվին, որոշ մարդկանց օգուտներ քաղելու ու վերադարձի փորձերը կանխելու հրամայականը: Պոլիտեխնիկ ընդունվել եմ 2001 թվականին: 2005 թվականից աշխատել եմ ամբիոնում որպես լաբորանտ, այնուհետև 2010 թվականին ավարտելով ասպիրանտուրան անցել եմ դասախոսական աշխատանքի, այսինքն Պոլիտեխնիկի կյանքին ծանոթ եմ արդեն 12 տարի:

Եվ այսպես, սկսենք սկզբից: Ամեն ինչ սկսվեց Պոլիտեխնիկի որոշ աշխատակիցների աշխատավարձերի իջեցումից (չնայած շատ-շատերի բողոքների ակունքներն այլ տեղերում է պետք փնտրել): Ինքս ներկա եմ գտնվել արհեստակցական ժողովի հայտնի նիստին և մեղմ ասած, որոշ պահերի ամաչում էի, որ ես ունեմ որոշ մարդկանց պես կոլեգաներ, մասնավորապես, երբ կոլեգաներս մոռացել էին, որ իրենք սերունդ կրթող ու դաստիարակող են և սկսել էին ոտքերով ու ձեռքերով դոփել և բղավել (այն էլ ուսանողների և մամուլի ներկայությամբ), երբ որևէ մեկը փորձում էր իրենց կարծիքին հակառակ բան ասել կամ հակափաստարկ բերել: Եվ այս մարդիկ, որոնք թույլ չէին տալիս, որ որևէ այլ կարծիք հնչի, մեղադրում են մեկ այլ անձնավորության` «դեսպոտության» և այլոց կարծիքները չլսելու ու հաշվի չառնելու մեջ:

Նախ ցանկանում եմ ամբողջ Պոլիտեխնիկի անունից ներողություն խնդրել բոլոր այն ուսանողներից, նրանց ծնողներից և ապագա դիմորդներից, ովքեր տեսել են այդ կադրերը կամ ներկա են գտնվել: Հա­վատացնում եմ, որ դա չէ իրական Պոլիտեխնիկը: Պոլիտեխնիկը բոլորովին այլ արժեք է:

Ժողովի ժամանակ բողոքի կազմակերպիչ պրոֆեսորներից մեկը մի, մեղմ ասած տարօրինակ միտք հնչեցրեց, որը սկզբից կարծեցի թե ուղղակի պատահաբար ասվեց, բայց հետո տարբեր առիթներով բազմիցս կրկնվեց, ուստի անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ, մասնավորապես ասվեց, որ «ռեկտորը ինժիներ չի, Պոլիտեխնիկցի չի և չի պատկերացնում տեխնիկական բուհի ռեկտորի պարտականությունները, այն է, որ ռեկտորը պետք է դրսից «պռայեկտներ» ճարի, գտնի բերի, որ աշխատողները անեն»: Հարգելի պրոֆեսորը, կարծես թե շփոթել է ռեկտորի բուն պարտականությունները, ասենք գիտակազմակերպական բաժնի աշխատակցի պարտականությունների հետ (հակառակ դեպքում, գուցե նշեիք, թե նախկին հարգարժան ռեկտորներից ով քանի հատ նախագիծ է բերել): Այստեղ ռեկտորի ամենակարևոր ֆունկցիան համապատասխան բարենպաստ միջավայր ստեղծելն է, որպեսզի միջազգային ֆիրմաներն ու ներդրող ընկերությունները հանձինս Պոլիտեխնիկի հուսալի գործընկեր տեսնեն: Նախագծեր փնտրելն ու գտնելը հենց իսկական գիտնականի գործն է, իսկ Պոլիտեխնիկի ֆունկցիան բարձր հեղինակություն և միջազգային վարկանիշ ունենալն է, իր հեղինակավոր անվամբ և աջակցությամբ այդ նախագծերի ձեռքբերմանն օժանդակելն ու սատարելը: Այդ կարգի նախագծերի ձեռքբերման և հաջող իրականացման առաջնային նախապայմաններից են գիտական ներուժի և համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունը, ինչին և հստակ միտված են եղել ռեկտորի քայլերը:

Նաև նշեմ, որ երբ մատնացույց է արվում և հիշատակվում ռեկտոր Ավետիսյանի բազային կրթությամբ ոչ «ինժիներ» լինելը, ապա հիշեցնեմ, որ այս պահին նրան ամենաշատ քննադատողն ու բողոք-ալիքների հիմնական կազմակերպիչը ևս բազային կրթությամբ «ինժիներ» չէ, ավելին, ճակատագրի հեգնանքով, նույն մասնագիտությամբ է պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները:

Մեկ այլ «պրոֆեսոր» եթերով խոսում է Պոլիտեխնիկը սիրել-չսիրելու մասին, և դա այն դեպքում, երբ «դարերով» լինելով Պոլիտեխնիկի ֆինանսական գծով պրոռեկտորը, բազմիցս է ապացուցել իր սերը Պոլիտեխնիկի հանդեպ` սեփական «դաչա»-ներն ու մեքենաները ձեռք բերելով ու վայելելով: Միամիտները գուցե հավատան, որ գուցե իր այդքան շատ ցածր աշխատավարձով է ձեռք բերել: Մեկը լինի ասի, «թե այ Պոլիտեխնիկի «անտիսիմվոլ», դու ու՞ր, Պոլիտեխնիկը սիրելը` ուր»: Պոլիտեխնիկի կյանքին անտեղյակ մարդիկ կասեն, «վաայ, էս ինչ պուպուշ պրոֆեսոր ա, էս ինչ լավ բաներ ա ասում», սակայն Պոլիտեխնիկի ներքին կյանքին քիչ թե շատ ծանոթ մարդիկ զարմանքով ասում են. «Իսուս քեզ Քրիստուս, աշխարհը շուռ է եկել, Լաերտն է խոսում Պոլիտեխնիկը սիրելու մասին»: Բոլորն են հիշում, թե ինչպես ես «սիրել» Պոլիտեխնիկը: Ուղղակի զարհուրելին այն է, որ վերոհիշյալ արհեստակցական ժողովին Լաերտ Հովհաննիսյանի ելույթից հետո ծափեր հնչեցին, որը, մեղմ ասած, անցնում է նորմալ բանականության սահմանները: Ուղղակի նախկին պրոռեկտորը կարողացավ հավաքված մարդկանց զգայական նուրբ լարերի վրա խաղալով չգիտակցված ծափերի արժանանալ: Պոլիտեխնիկի նոր ռեկտորին ողջ Պոլիտեխնիկը պետք է շնորհակալ լինի թեկուզ և միայն այն բանի համար, որ Պոլիտեխնիկին ազատեց «Լաերտ Հովհաննիսյան» պրոռեկտորից, ինչը և Պոլիտեխնիկի զարգացման անհրաժեշտ նախապայմանն էր: Իրենց շահերի համար վահան դարձրած ու շահարկված կուտակային ֆոնդն էլ դեռ հարց է, թե իրականում ինչքան պետք է լիներ: Լաբորանտներին 13000 դրամ աշխատավարձ տալով չէ՞ր կուտակվել այդ ֆոնդը: Երևի որոշ մարդիկ «կարոտել են» այդ կուտակված ֆոնդը և դրանից եկած տոկոսները: Հիշեցնեմ, որ երբ նորընտիր ռեկտորը եկավ Պոլիտեխնիկ, առաջին իսկ ամանորի շեմին, պոլիտեխնիկցիները ստացան Պոլիտեխնիկի համար չլսված մի բան՝ 13-րդ աշխատավարձ: Այդ ժամանակ իհարկե ոչ ոք չբողոքեց, չընդդիմացավ, այլ բոլորը գոհ էին ու երջանիկ: Պարզ է, որ այդ գումարը նոր ռեկտորը ոչ իր հարևանից էր վերցրել, և ոչ էլ նախկին ֆինանսիստ պրոռեկտորից: Այդ գումարները տրվեցին այդ բազմիցս հիշատակված ֆոնդից: Այնուհետև, նոր ռեկտորը երևի զարմացավ և ասեց. «այսքան գումար ունեք հավաքած, սակայն հողերի մեջ եք ման գալիս: Եկեք Պոլիտեխնիկի տարածքը ասֆալտապատենք և բարեկարգենք»: Եվ էլի, բոլորն ուրախ էին ու երջանիկ (չնայած այդ պահին էլ բողոքողներ կային, թե այս ինչ փոշի ու կեղտ է): Եվ հետո սկսվեցին մասնաշենքերի բարեկարգման աշխատանքները: Նորոգվեցին մեծ թվով լսարաններ, ի դեպ, երբ այս պահին բողոքվում է որոշ լսարանների անմխիթար և անմարդկային վիճակներից, ապա հիշեցնեմ, որ ներկա ռեկտորն ընդամենը 2 տարի է, որ Պոլիտեխնիկում է, իսկ փոխարենը նախկին հարգարժան ռեկտորները և նրանց ֆինանսիստ պրոռեկտորը կարող էին ժամանակին և աստիճանաբար իրականացնել վերանորոգման աշխատանքներ, որպեսզի այսօր այս վիճակը չլիներ: Այդ լսարանները 2 տարում չէ, որ դարձել են այդպիսին: Եվ վերջապես, ստեղծվեցին Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (Armenian National Engineering Laboratories): Նույնիսկ «մեղադրող» կողմն է պնդում, որ դրանք ստեղծվել են մեծապես ռեկտոր Ավետիսյանի շնորհիվ և ջանքերով: Սակայն հնչում է մեղադրանք, որ այդչափ մեծ հզորության նյութատեխնիկական բազայի նպատակահարմարությունը հիմնավորված չէ: Բանն այն է, որ Պոլիտեխնիկն իրականացրել է միայն սեփական մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, իսկ ներսում տեղադրված գույքն ու սարքավորումները ձեռք են բերվել USAID-ի և National Instruments-ի միջոցներով, որոնց արժեքը ուղիղ 10 անգամ գերազանցում է Պոլիտեխնիկի կատարած ծախսերին: Հայաստանի այսօրվա իրականության մեջ, երբ հայտնի են պետական բյուջեից գիտությանն ու կրթությանը հատկացվող միջոցների ծավալները, ապա առնվազն անհեթեթություն կլիներ հրաժարվել նման հնարավորությունից: Միթե հրաշալի և հանճարեղ քայլ չէ, թեկուզ բիզնեսի տեսակետից, երբ դու կարողանում ես մեկ այլ կողմի հետ համաձայնության գալ, որ «եկ ես իմ տարածքը վերանորոգեմ, իսկ դու բեր և իմ ծախսած գումարի տասնապատիկ ավել անգամ ներդրում կատարի և թույլ տուր, որ հետագայում ես դրանք տնօրինեմ` ի շահ Պոլիտեխնիկի»: Չեմ կարծում, թե որևէ մեկը, ով քիչ թե շատ մտավոր ունակություններ ունեցող մարդ է, կհրաժարվեր դրանից: Խոսվում է դրանց, ոչ իրենց բավարար հզորության օգտագործվելու փաստից: Չմոռանամ հիշեցնեմ, որ դեռ 3 ամիս չի անցել, որ դրանք բացվել են և որ այս պահին այդքան հզորությամբ էլ գործում են, պետք է իսկապես գոհ լինենք: Եվս մեկ հանգամանք. պարզ է, որ այդ լաբորատորիաները ստեղծված են հիմնականում սպասարկելու մասնագիտական խմբերին, այսինքն` ԡ-րդ և 4-րդ կուրսերին: Մի հատ բոլորին հայտնի գաղտնիք բացեմ, որ այս պահին Պոլիտեխնիկը (ինչպես և հանրապետության մյուս բուհերը) գրեթե չունի 3-րդ կուրս (հայտնի պատճառներով), իսկ 4-րդ կուրսն էլ արդեն զբաղված է ավարտական տարվան բնորոշ գործընթացներով: Ուստի այդ լաբորատորիաները ողջ հզորությամբ ի զորու կլինեն գործել երկու տարուց, երբ էլ չենք ունենա «կաղացող» կուրս: Չնայած շատ ու շատ ամբիոնների ոչ այսչափ իներտ լինելու դեպքում, նույնիսկ այսօր դրանք կարելի էր գրեթե ամբողջ հզորությամբ օգտագործել: ANEL-ն ուղղակի շատ լավ գործիք է, իսկ թե դա ինչպես կօգտագործվի և կբանեցվի, դա արդեն մեր` ճարտարագետներիս շնորհքի և պատվի հարցն է: Եթե թողնենք, որ պարապուրդի մատնվի, ապա իհարկե, կմատնվի պարապուրդի: Պարզ է, որ Մադագասկարի կամ Զիմբաբվեի մանկավարժական համալսարանների ամբիոններն ու ուսանողները չէ, որ պետք է գան և դաս անեն այստեղ: Ուղղակի հավելեմ, որ որպես ուսանող կցանկանայի սովորեի նման կենտրոնում: Մեկ հանգամանք նշեմ, որ երբ մենք լաբորատոր կամ կուրսային աշխատանք էինք կատարում, ասենք էլեկտրական շարժիչի վերաբերյալ, ապա մենք լավագույն դեպքում այդ շարժիչի նկարն էինք տեսնում բրոշյուրի մեջ, մնացածը պետք էր պատկերացնել, իսկ այժմ, ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել այդ շարժիչը, այլ «շոշափել», փոփոխել, «խաղալ» դրա հետ:

Ռեկտոր Ավետիսյանի Պոլիտեխնիկ գալու առաջին իսկ տարում մասնաշենքերի պահակները (որոնց իրական թիվը թերևս հայտնի է միայն նախկին պրոռեկտորին) փոխարինվեցին անվտանգության աշխատակիցներով, ինչի շնորհիվ գրեթե վերացավ պոլիտեխնիկական հայտնի ավանդույթներից մեկը` պոլիտեխնիկյան ծեծկռտուքներն ու վիճաբանությունները և Պոլիտեխնիկի տարածքը սկսեց աստիճանաբար նմանվել կրթական միջավայրի:

Առաջին իսկ տարում ներդրվեց ներքին փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգը, որն իսկապես պատուհաս դարձավ որոշ մարդկանց համար, որ էլ չէին կարող չաշխատել: Փոխարենը ամբիոնների աշխատակիցներն այլևս ստիպված չեն լինում ամեն թղթի համար վազվզել մասնաշենքերով և լաերտների դռների առաջ հերթ կանգնել, թե երբ կբարեհաճեն իրենց ընդունել: Հասարակ տաբելն այնպիսի դժգոհությամբ էր ստորագրում, կարծես սեփական գրպանից էր տալիս (չնայած գուցե և այդպես էր): Վարչական աշխատողների մեծ մասն այնպիսի վերաբերմունք ուներ պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ, որ կարծես թե իրենք են սեփական գրպաններից աշխատավարձ տալիս պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Եվ դա նախկին վարչակազմի վարած քաղաքականության արդյունքն էր: Ռեկտոր Ավետիսյանի գալուց հետո բոլորն են փաստում, որ վարչական աշխատողների մոտ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն է եղել: Կարծես թե եղել է հստակ հրահանգ, որ պետք է նորմալ և բարեհամբույր սպասարկել պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Պոլիտեխնիկի 5-րդ մասնաշենքի նկուղային և առաջին հարկերն ամբողջովին վերանորոգվեցին, Բուհ-ին վայել տեսք ստացան, ուղղակի վերանորոգողների մտքով անգամ չէր անցնում, որ դրանք մինչ վերանորոգելը «նավսյակի »լուսանկարեին, որ այսօր ի ցույց դրվեր դրանց նախկին տեսքը: Նրանք ուղղակի գերադասում էին գործ անել:

Փոքրոգությունն այնտեղ է հասել, որ այժմ խոսվում և քննադատվում է այն մասին, որ Պոլիտեխնիկի 80 ամյակի առթիվ մեդալներ և շնորհակալագրեր են տրվել մարդկանց, ովքեր քիչ վաստակ ունեն Պոլիտեխնիկի կյանքում և փոխարենը, շատ ու շատ արժանավորներ, ովքեր 40-50 տարվա ստաժ ունեն, մեդալների չեն արժանացել: Ուղղակի հիշեցնեմ նախորդ վարչակարգին, որ եթե այդ վաստակավոր պոլիտեխնիկցին, այս պահին 40 տարվա աշխատող է, ապա 5 տարի առաջ էլ, երբ Պոլիտեխնիկի 75 ամյակն էր, 35 տարվա ստաժ ուներ, և անգամ շատ փոքր ցանկության դեպքում կարող էիք ինքներդ շնորհել այդ մեդալները Պոլիտեխնիկի 75 ամյակի առիթով: Թե՞ այդ ժամանակ մեդալները միայն ձեր համար էին:

Դրոշակ է դարձվել, որ եղել են կրճատումներ: Այո եղել են և դա անհրաժեշտ և հարկադրված կրճատումներ են եղել: Եթե նախկին ֆինանսիստը, մարդկանց աչքին լավամարդ դուրս գալու համար ասում է, որ իրեն հստակ հրահանգ է տրված եղել, որ ոչ ոք չպետք է կրճատվի, չի գիտակցում որ հենց այդ չկրճատումների պատճառով է որ Պոլիտեխնիկը 2 տարի առաջ այդպիսի լճացած վիճակի առջև էր կանգնած: Ոչ ոք չէր կրճատվել, իսկ քա՞նիսն էին աշխատում: Նաև նշեմ, որ Պոլիտեխնիկը բարեգործական հիմնարկ չէ, որ այստեղ մարդիկ ուղղակի գրանցվեն և աշխատավարձ ստանան: Ի դեպ, բազմաթիվ ազատված աշխատակիցներ, ովքեր ելույթ են ունենում ժողովների ժամանակ կամ եթերով, ուղղակի ապացուցում են, որ իրենց կրճատումը եղել է ճիշտ և հիմնավորված` բուհը շահել է նման կադրեր կորցնելով:

Բողոքվում է նաև, թե ինչու բոլոր մասնաշենքերի մուտքի աստիճանները փոխվեցին ու նորոգվեցին և հարմարեցվեցին հաշմանդամների տեղաշարժման համար: Գուցե դա արվել է, որովհետև ոմանք իսկապես սիրում են Պոլիտեխնիկը և շահագրգռված են Պոլիտեխնիկի միջազգային վարկանիշի բարձրացման մեջ: Վստահ եմ, որ դա արված է միջազգային հարթակներում Պոլիտեխնիկի էլ ավելի լավ ներկայացման համար, քանի որ միջազգային ասպարեզում այդ կարգի տարրական պայմանների բավարարումն ուղղակի պարտադիր է:

Ընդամենը երկու տարում կատարված հսկայական աշխատանքները չտեսնելու համար պետք է առնվազն կույր լինել կամ ձևանալ այդպիսին:

Այժմ թույլ տրված սխալների, թերությունների և բացթողումների մասին: Բոլորին է պարզ, որ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը չպետք է իջներ, (չնայած անձամբ իմ աշխատավարձը դրույքի և ժամերի տեսակետից չի էլ իջել, ի շնորհիվ նորմալ բաշխված բեռնվածքի) և տեղին ու հասկանալի է բողոքի ալիքը: Սխալն արդեն ընդունված է, անձամբ ռեկտորի կողմից հրաման է տրված շտկել իրավիճակը և շարունակել շարժվել առաջ:

Հաջորդ բացթողումը վերաբերում է մեծաքանակ հոսքերին, որ երբեմն ուսանողները ուղղակի տեղ չեն անում լսարանում: Որպես դասախոս, միանշանակ կողմ եմ, որ դասախոսությունների հոսքերում ուսանողների քանակները պետք է նվազեցնել: Վստահ եմ, որ եկող տարում այս բացթողումը ևս կվերացվի և հստակ կպահպանվի լսարանների տարողունակության և ուսանողների քանակների համապատաս­խանությունը:

Հաջորդ բացթողումն ըստ իս, այն էր, որ նոր ռեկտորը ստանձնելով ռեկտորի պաշտոնը, չպահանջեց վերջին 5 տարվա կամ վերջին 15 տարվա ֆինանսական աուդիտ: Այդ դեպքում գուցե որոշ Պոլիտեխնիկ «սիրողներ» հիմա այլ վայրերում գտնվեին:

Մեծ կազմակերպության կառավարումն, իհարկե, շատ բարդ ու դժվարին գործընթաց է, և այն չի կարող զերծ լինել թերություններից: Կառավարման արվեստն այդ թերությունները ճիշտ ժամանակին գտնելն ու վերհանելն է, շտկելն ու դրանց կրկնության բացառելը:

Որևէ անձնավորության գործունեության գնահատականն անշուշտ պետք է տրվի կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների և թույլ տրված սխալների ու բացթողումների համադրմամբ: Այս դեպքում մենք ունենք բավականին մեծ դրական բալանս, ինչն անձամբ ինձ մեծ վստահություն է ներշնչում, որ զարգացման գլոբալ վեկտորը ճիշտ է ընտրված և որ Պոլիտեխնիկի ապագան հուսալի ձեռքերում է:

Այսօր Պոլիտեխնիկը բռնել է նորացման և ինքնամաքրման ճանապարհը, որը շատ բարդ և ցավոտ, սակայն անխուսափելի գործընթաց է: Պոլիտեխնիկը փորձում է դուրս գալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ճահճացած վիճակից: Ճահճից դուրս գալուց հետո պետք է մի հատ ինքդ քեզ լավ թափ տաս կամ հագուստդ փոխես, որպեսզի կարողանաս նորմալ առաջ շարժվես: Յուրաքանչյուր իսկական պոլիտեխնիկցի թող իր ուժերի առավելագույն լարումով լծվի Պոլիտեխնիկի վերածնման գործին, իսկ ովքեր չեն կարողանում կամ չեն ցանկանում, թող ուղղակի չխանգարեն: Բոլոր իսկական պոլիտեխնիկցիներին, ովքեր իսկապես անհանգստացած են Պոլիտեխնիկի ճակատագրով և ապագայով, այլ ոչ թե սեփական շահերն ու ամբիցիաներն են առաջ տանում, կոչ եմ անում որոշակի ըմբռնումով մոտենալ, համախմբվել, կառուցողական առաջարկներով հանդես գալ և փորձել առաջ տանել Պոլիտեխնիկը: Կոչ եմ անում նաև իմ շատ ավելի փորձառու ուսուցիչներին և ավագ գործընկերներին, գիտության վաստակավոր գործիչներին, պրոֆեսորներին և ակադեմիկոսներին մամուլում և հեռուստատեսությամբ հանդես գալ հայտարարություններով, կարծիք հայտնել, թե Պոլիտեխնիկի զարգացման գլոբալ վեկտորը ճիշտ է ընտրված թե՞ ոչ, վերջ դնել ապատեղեկատվության տարածմանը, որպեսզի Պոլիտեխնիկի իրական պատկերը պարզ լինի հանրությանը, թե չէ ստացվում է այնպես, որ ճարտարագիտական համալսարանը ներկայացնում են նախկին Լաերտը, գործող 15 բազային լաբորատորիաներից ընդամենը մեկի ղեկավարը, 40 ամբիոններից ընդամենը մեկի վարիչը և մի քանի «ազատված» պոլիտեխնիկցիներ: Իսկ բոլոր նրանց, ովքեր սեփական շահից բացի այլ շահ չունեն այս գործընթացում և ուղղակի փորձում են օգտագործել պահը, խորհուրդ կտամ ուշքի գալ և պահանջում եմ դադարեցնել Պոլիտեխնիկը վարկաբեկելու գործընթացը: Պոլիտեխնիկն իմ երկրորդ տունն է և ես դա պահանջելու բոլոր իրավունքներն ունեմ…

 

ՀՊՃՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման

ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., Դավիթ Ղազարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Զերծ մնալով այն պատասխանից, որ կտայի հոդվածի <>-ի կամ, որ ավելի ճիշտ կլիներ ասել, հոդվածի տակ իր անունը գրած <> երեսին և ի համեմատություն նրա ու հոդվածի իրական հեղինակի (կամ հեղինակային խմբի)` չափազանց բարձր բարոյական մակարդակի վրա գտնվելով, ուզում եմ միայն ասել, որ ամոթ է այդ աստիճանի բարոյազրկվել, որովհետև խոսելով մեծատառով ՄԱՐԴ և հիրավիՊՐՈՖԵՍՈՐ ԼԱԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մասին, նայիր քեզ հայելու մեջ և փորձիր գտնել այնտեղ քո արտացոլանքը (ընդգծեմ` չի ստացվի), որովհետև անգամ այս խեղաթյուր հոդվածում օգտագործում ես կամ օգտագործում են նրա բառերն ու արտահայտությունները և քեզ պիտի ասել նրա բառերով <> :
    Հ.Գ. ամոթանքս ուղղում են նաև բոլոր այն մարդկանց, ովքեր like են դրել այս հոդվածին` հավանութուն տալով:

  2. Սիլվա Պետրոսյան says:

    Ի գիտություն քեզ ասեմ, որ լայքերը դնում են այն մարդիք, որոնք գիտեն թե ինչի մասին է խոսքը և համաձայն են գրվածի հետ։ Իսկ այս գրվածի հետ համաձայն են բոլոր Պոլիտեխնիկցիները, այդ թվում նաև դու Մերի Ղազարյան։

  3. Լիլիթ Ավետիսյան says:

    Չեմ կարծում, որ 12 տարվա աշխատանքային փորձը թույլ է տալիս կատարել նման “բարոյական” վերլուծություն: Ձեր արդարության ճիչը արձագանք է ստացել կարծես թե միայն Պոլիտեխնիկի շատ նեղ շրջանակում (տես Lik-երի քանակը): Սխալ համեմատության եզրեր եք ընտրել, համեմատել հետպատերազմյան և տնտեսական շրջափակում հաղթահարած երկրում Պոլիտեխնիկցուն տրված 12000-ը ներկայիս “50”-ի հետ: Ու եթե իրոք սիրում ես Պոլիտեխնիկը ինչպես քո տունն ու ընտանիքը, ապա բարի եղի ապահովել նախ ընտանիքիդ յուրաքանչյուր անդամի բարորությունը, ապա նոր վերանորոգել պատերդ: Ինչ վերաբերվում է ընտանիքի անդամներին զրպարտելուն ապա դա լոկ ստորություն է:
    Հ.Գ. Այս ներայացման մեջ կարևորը ոչ թե խամաճիկներն են, այլ նրանց պարեցնողները:

  4. Արսեն Հարությունյան, Պոլիտեխնիկցի says:

    Խամաճիկներ ու պարացնողներ փնտրելու ժամանակներն արդեն անցել են:
    Ժամանակն է միանալու առողջ կոչին ու հայտարարելու, որ
    ՊՈԼԻՏԵԽՆԻԿՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է ՚՚՚!

  5. Դավիթ Ղազարյան says:

    Հարգելի Արսեն Հարությունյան, մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքում եղել և շարունակում են մնալ խամաճիկ և սրա-նրա նվագի տակ պարող, անգամ իրենց ուղեղի միակ բջջի գերագույն լարման դեպքում, չեն էլ կարող պատկերացնել, որ կան մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք և դա արտահայտելու ունակություն: Դա միայն ստրկամիտներին է հատուկ մտածել, թե բոլորն իրենց նման են և միայն պատվերներով են աշխատում: Իսկ եթե կան մարդիկ, որոնց համար 2005 թվականը «հետպատերազմյան» է, ապա նրանց համար երևի դեռ «սովետի» ժամանակներն են, երբ իրենք են պատվերներով աշխատել: Նաև հավելեմ, որ դա մարդկային տեսակի հարց է, թե դու ինչն ես նախընտրում` բարձր աշխատավարձ, իսկ աշխատավայրն ինչ տեսք ուզում է թող ունենա (այլ կերպ ասած, փորս կուշտ լինի, կողքս թեկուզ խոզանոց) թե մարդուն վայել աշխատավայր, թեկուզ մի փոքր ցածր աշխատավարձով: Նաև նշեմ, որ լավ կանեիք ձեր իրական դեմքը ցույց տալու համար, ներկայանայիք մեկնաբանություն գրելիս, որպեսզի մարդիկ իմանան, թե որ ամբիոնից եք կամ որ ամբիոնի վարիչն եք և ով է ձեզ դարձրել վարիչ, և այդ դեպքում բոլորին պարզ կդառնա ձեր խմբակային մեկնաբանությունների իրական իմաստը և շնորհակալական բնույթը: Իսկ ինչ մնում է, խմբակային հոդված գրելուն, ապա ամենայն պատասխանատվությամբ ու հպարտությամբ հայտարարում եմ հատուկ չհասկացողների և իրական «պարողներ»-ի համար, որ հոդվածի միակ հեղինակը ես եմ: Սակայն հոդվածը տպագրելուց հետո, պարզվեց (ինչի մասին չէի էլ կասկածում), որ այն իսկապես արտահայտում է մի հսկայական խմբի կարծիք` այն է Պոլիտեխնիկի ավելի քան 80%-ի կարծիքը: Դրա ապացույցն է այն արձագանքը, որ հոդվածը գտավ Պոլիտեխնիկցիների շրջանում` սկսած պրոֆեսորադասախոսական անձնակազմից մինչև վարչական աշխատողներ, երբ բազմաթիվ պոլիտեխնիկցիներ մոտենում են ինձ և շնորհակալություն հայտնում իրենց սրտի խոսքը վերջապես ասելու համար: Բոլորին ասեմ, որ ես էլ Ձեզ եմ շնորհակալ: Ձեր կարծիքն ու աջակցությունն իսկապես կարևոր են ինձ համար:
    Հ.Գ. Ինչ վերաբերում է ինքս ինձ հայելու մեջ նայելուն, ապա ասեմ, որ ամեն օր նայում եմ և ուրախ եմ որ ձեր պես չեմ, իսկ ձեզ խորհուրդ կտամ նայել գլորվող հայելու մասին հայտնի մուլտֆիլմը, այնտեղ հաստատ ամեն մեկդ ձեզ արժանի հերոս կգտնեք:

  6. Քեզանից ոչինչ չներկայացնող կերպարանք, չներկայանալու պարզապես խնդիր չունեմ, քանզի Պոլիտեխնիկում (և ոչ միայն այստեղ) ինձ ճանաչում են բոլորը` ի տարբերություն քեզ` ոմն Դավիթ Ղազարյան (ցավում եմ, որ ազգանվակից ես), տեղեկացնեմ նրանց համար, ովքեր այնուամենայնիվ չգիտեն. ՀՊՃՀ Էներգետիկական ֆակուլտետի “Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն” ամբիոնի վարիչ (ընգծում եմ ամենայն հպարտությամբ), ընտրվել եմ ս.թ. մայիսին ներկայիս ռեկտորի ղեկավարման պարագայում, նախքան դա անցել եմ մի շարք վերապատրաստումներ, այդ թվում արտերկրում կրթական համակարգի կառավարման փորձի փոխանակման ուղղությամբ` միջպետական հանձնախմբում ներգրավված լինելով, և զբաղեցրել եմ դեկանի տեղակալի, մագիստրոսական բաժանմունքի վարիչի և այլ պաշտոններ և այլն և այլն, և դու չէ որ իրավունք ունես գնահատել ով և ինչպես է արժանացել նրան ինչ-որ ունի, քանի որ արդեն իսկ պարզ է, թե դու ում խամաճիկն ես, ում թելադրանքն ես առանց հապաղման կատարում և ումից ես օրինակ վերցնում` գլխիվայր պտտելով բոլոր փաստերը և բացահայտ ՍՏԵԼՈՎ: Պետք էլ չի փորձել նպանվել մեզ` իսկական Պոլիտեխնիկցիներիս, հակառակ դեպքում դա խոզի մարզվելու մասին համապատասխան անեկդոտը կստացվի (ուզում էի գրել Սատանան էլ փորձեց նմանվել Աստծուն և հայտնվեց դժոխքում, բայց Սատանան իրենից ինչ-որ բան ներկայացնում է, ուստի համեմատությունս համապատասխան չէր լինի):
    Հ.Գ. Իմիջիայլոց շնորհավորում եմ նոր դիրքերում կամ ծրագրերում հայտնվելու կապակցությամբ, պարզ է թե դա ում և ինչ ծառայություն մատուցելու արդյունք է:

  7. Վահե Ավինյան (ՀՊՃՀ ասիստենտ) says:

    Մերի Ղազարյան, ցավով եմ նշում, որ պոլիտեխնիկում աշխատում են Ձեզ և Ձեզ համակարծիք մտածողներ: Մարդիկ որոնք թույլ են տալիս հրապարակել արտահայտություններ ինչպիսիք են “մեծատառով ՄԱՐԴ, Քեզանից ոչինչ չներկայացնող կերպարանք”, էլ չեմ ասում ինչեր կարող էր այդ ընթացքում Ձեր մտքով անցնել: Եվ այսքանից հետո խոսում եք ամոթի մասին: Կարծում եմ նախ պետք էր հասկանալ, թե ամոթն ինչէ հետո նոր ամոթանք տալ մյուսներին:

    Լիլիթ Ավետիսյան, ոչ բոլորն են like-ում այն բոլոր հոդվածները, որոնք կարդում են (չնայած համակարծությանը): Տեղեկացնեմ, որ չ-like-ողների թիվն մի քանի տասնյակ անգամ պակաս է like-ողների թվից (ինչպես երևում է հոդվածը մեկնաբանողների քանակից):

    Արսեն Հարությունյան, խամաճիկներ կամ դրանց պարացնողներ միշտ էլ լինելու են: Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե Պոլիտեխնիկն ում տունն է, կարծում եմ ակնհայտ է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930