Ավտոճանապարհներին եւ Երեւանի փողոցներում տեղադրած արագաչափերը, տեսախցիկները եւ վճարովի կանգառները, որ, իբր, կոչված են նպաստելու անվտանգ երթեւեկության ապահովմանը, ըստ պաշտոնական վիճակագրության, ոչ մի նմանօրինակ դրական արդյունք չեն արձանագրել, ընդհակառակը՝ վերջին 4 տարում ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանցում զոհերի թիվը տարեցտարի աճել է։ Դրանք իրականում, տուգանքների սահմանված անհիմն բարձր դրույքաչափերով, գործում են որպես ժողովրդին թալանելու լրացուցիչ մեխանիզմներ։ Անհասկանալի պայմաններով կնքված պայմանագրերը մասնավոր ընկերությունների հետ, վերջիններիս հնարավորություն են տվել տասնյակ միլիոնավոր դոլարի շահույթ ստանալ։ Եթե նկատի ունենանք նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ ընկերությունները, ըստ լրատվամիջոցների չհերքված տվյալների, պատկանում են բարձրագույն իշխանավորների մերձավորներին, ակնհայտ է դառնում, որ հիշյալ միջոցառումներն իրականում մտահղացվել եւ ներդրվել են հենց որպես գերշահութաբեր բիզնեսներ։
Նկատի ունենալով վերոշարադրյալը, ինչպես նաեւ հասարակության մեջ առաջացած արդարացի դժգոհությունը, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր ծրագրերի մեջ է ներառում տվյալ ոլորտի կարգավորման խնդիրները, մասնավորապես.
1. Վերացնել Երեւանում վճարովի ավտոկանգառները, որոնք կարմիր գծանշումներով առանձնացվել են մայթեզրերին, փողոցների երթեւեկելի այն հատվածներում, որտեղ ըստ ճանապարհային երթեւեկության կանոնների արդեն իսկ թույլատրելի է անվճար կայանելը։
2. Երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքները կրճատել հինգ անգամ, քանի դեռ հասարակության միջին կենսամակարդակը եւ աղքատության տոկոսը համեմատելի չեն դարձել եւրոպական միջին չափանիշներին։
3. Երթեւեկության կանոնների խախտումների տուգանքներից գոյացած գումարի 70 տոկոսը մուտքագրել պետական բյուջեի հատուկ հաշվեհամար եւ այն որպես սուբսիդիա տրամադրել ներքաղաքային ուղեւորափոխադրումները 100 դրամ եւ միջքաղաքային փոխադրումների սակագները հնարավորինս ցածր մակարդակի վրա պահելու համար։
ՀԱԿ