Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «ԵՊՀ լավագույն ուսանող-2013» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:
Մրցույթին մասնակցում են ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը: Կազմակերպիչներն են ԵՊՀ ռեկտորատը, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը և Ուսանողական խորհուրդը, իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ապահովեց ԵՊՀ մշակույթի կենտրոնը:
Մասնակցության համար ուսանողները, սահմանված կարգի համաձայն, ներկայացրել են համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Հայտերը լրացվել են առցանց: Յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվում է մեկ ուսանող:
Կարդացեք նաև
«Մինչ այժմ թեկնածուներին առաջադրում էին ֆակուլտետային գիտական խորհուրդները, բայց ԵՊՀ գիտխորհուրդը որոշեց, որ բոլոր այն ուսանողները, ովքեր համապատասխանում են չափանիշներին և կարծում են, որ արժանի են այս կոչմանը, կարող են դիմել ինքնաառաջադրման միջոցով: Փոխվել է նաև գնահատման չափանիշները. փորձ է արվել առաջադիմության, գիտական աշխատանքների կատարման և հասարակական ակտիվության համար հավասար միավորներ տալ»,- ասում է մրցութային հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
Նշենք, որ ԵՊՀ 4 ֆակուլտետներից լավագույն ուսանողներ այդպես էլ չեն ընտրվել, քանի որ չէին ապահովվել մրցակցային պայմաններ՝ դիմել էին շատ քիչ թվով ուսանողներ: Իսկ, ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 ուսանող:
«ԵՊՀ ուսանողական խորհուրդը միշտ եղել է և լինելու է ուսանողների կողքին: Ինչպես մեծն Նժդեհն էր ասում, կյանքը պայքար է, պայքարելու համար հարկավոր է զենք, սակայն անմարդկային է նա, ով այդ զենքը վերցնում է դժոխքից: Սիրելի՛ ուսանողներ, միասնականությունն է բազում հաղթանակների գրավականը, և եթե մենք հավատարիմ լինենք մեր որդեգրած սկզբունքներին, կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանում ենք: Բոլորիս ցանկանում եմ ուսանողական հաճելի տարիներ, խելառ գաղափարներ և քաջություն»,- շնորհավորելով ուսանողներին՝ նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը:
Հաղթող ուսանողների մրցանակները՝ հաղթանակի հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները հանձնեցին ԵՊՀ պրոռեկտորները, տարբեր ֆակուլտետների դեկաններ, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներ:
Ստորև ներկայացնում ենք լավագույնը ճանաչված ուսանողների անունները՝
- Հրանտ Խաչատրյան, մագ. 2-րդ կուրս, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
- Մհեր Սաֆարյան, մագ. 1-ին կուրս, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
- Գայանե Վարդանյան, 4-րդ կուրս, Քիմիայի ֆակուլտետ
- Գևորգ Հովհաննիսյան, մագ. 2-րդ կուրս, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
- Դավիթ Քեքեջյան, 4-րդ կուրս, Ֆիզիկայի ֆակուլտետ
- Լուսինե Համբարյան, մագ. 2-րդ կուրս, Հայ բանասիրության ֆակուլտետ
- Ալբերտ Բարսեղյան, 4-րդ կուրս, Պատմության ֆակուլտետ
- Գևորգ Հակոբյան, մագ. 1-ին կուրս, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
- Ռուզաննա Պետրոսյան, մագ. 2-րդ կուրս, Կենսաբանության ֆակուլտետ,
- Ժաննա Հարությունյան, մագ. 2-րդ կուրս, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
- Տիգրան Ղազարյան, 4-րդ կուրս, Իրավագիտության ֆակուլտետ
- Դիանա Եղիազարյան, մագ. 1-ին կուրս, Արևելագիտության ֆակուլտետ
- Գոհար Պետրոսյան, 4-րդ կուրս, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
- Տաթև Գյուրջյան, մագ. 2-րդ կուրս, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
- Աննա Խիզանցյան, մագ. 1-ին կուրս, Ռուս բանասիրության ֆակուլտետ
ԵՊՀ