Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ իրավապաշտպանների՝ Հրայր Թովմասյանը իրականությունը ներկայացնում է խեղաթյուրված

Նոյեմբեր 18,2013 16:56

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ այսպիսի արտահայտություն արեց. «Անգամ քաղաքական դատապարտյալ տերմինն է մեր լեքսիկոնից դուրս եկել՝ սրանք ձեռքբերումներ չե՞ն։ Վերջին տարիներին քանի՜ աղմկահարույց գործ է բացահայտվել, քանի բարձրաստիճան պաշտոնյա է ազատազրկվել ու դատապարտվել։ Ոչ ոք չի ասում, որ Երեւանը փողոցային հանցագործությունների թվով ամենաբարձր մակարդակում գտնվող քաղաքներից է՝ չկան այդ հանցագործությունները։ Այս ամենը նրա համար չեմ ասում, որ ասեք՝ ապրի կառավարությունը, էս ինչ լավ բաներ է անում»:

Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց` Հրայր Թովմասյանն օբյեկտիվ իրականությո՞ւնն է ներկայացնում:

«Իրավունքի եւ ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը նշեց. «Նրանց և հասարակության լեքսիկոնը լրիվ տարբեր բաներ են: Նրանց լեքսիկոնում այդ տերմինը չի էլ եղել, միշտ հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան, չնայած զբաղված են քաղաքական հալածանքներով: Բայց մեր հասարակությունը, հանրությունը և միջազգային հանրությունն իրենց հերթին միշտ էլ ասել են, որ ՀՀ-ում եղել են և կան քաղաքական բանտարկյալներ: Ինչքան էլ հայտարարեն, որ իրենց լեքսիկոնում այդ բառը չկա, ժողովրդավար հասարակությունում, միջազգային հանրության լեքսիկոնում դա կա: Միտումնեը էլ կան, որ կշարունակի այդ բառը լինել մեր լեքսիկոնում»:

Հետաքրքրվեցինք` այսինքն`Հրայր Թովմասյանը ԱԺ ամբիոնից խեղաթյուրո՞ւմ է իրականությունը: Պարոն Հարությունյանը պատասխանեց. «Նա իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես ինքը կուզեր տեսնել, կամ իրականությունը ներկայացնում է խեղաթյուրված»:

Նախարարի այն պնդումներին, թե վերջին տարիներին աղմկահարույց գործեր են բացահայտվել, բարձրաստիճան պաշտոնյաներ ազատազրկվել ու դատապարտվել, Վարդան Հարությունյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ որևէ իշխանության համար գլուխ գովելու բան կարող է լինել այն, որ իրենց կոլեգաները հանցագործներ են, բարձրաստիճան պաշտոնյաները կաշառակերներ են ու յուրացնողներ: Դա բոլորովին գլուխ գովելու բան չէ, այլ ամաչելու բան է; Եթե ՀՀ-ում անաչառ դատական համակարգ լիներ, Հրայր Թովմասյանի շրջապատից շատ մարդիկ կհայտնվեին կալանավորի մահճակալին»:

Պարոն Հարությունյանը նշեց, թե կուզեր, որ իշխանությունը հասկանար, որ դա գլուխ գովելու բան չէ:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ևս կարծում է, որ Հրայր Թովմասյանը խեղաթյուրել է իրականությունը: Նա մասնավորապես փոխանցեց հետևյալը. «Մենք քաղբանտարկյալներ ունենք, և վերջին քաղբանտարկյալը վերջերս է հայտնվել Հայաստանում. նա Շանթն է ու իր թիմակիցները: Արդարադատության նախարարն ընդհանրապես ՀՀ-ում չի ապրում, ինքը կամ սխալվում է, կամ տեղեկություններ չունի, կամ աղավաղում է ամեն ինչ: Նախարարն ընդհանրապես իր տեղում չէ: Առաջին անգամ չէ այդ պահվածքը, Հրայր Թովմասյանը ելույթներ է ունենում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ու տպավորություն է, թե ինքը երկար ժամանակ Հայաստան չի եկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930