Օրերս Aravot.am –ը Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանին «Շիրակի մարզի նորանշանակ, երիտասարդ դատախազը ազատվել է ստաժավոր դատախազներից» վերտառությամբ հոդվածով առաջարկել էր ծանոթանալ տեղի լրագրողների հետ ու ներկայանալ շիրակցիներին, քանի որ իր անձը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարզում: Րաֆֆի Ասլանյանը անմիջապես արձագանքեց մեր հրապարակմանը`քիչ առաջ մամուլի ասուլիս հրավիրելով ու լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելով:
Նա իր խոսքի սկզբում նշեց, որ ինքը աշխատելու է թափանցիկ, քանի որ կարևորում է հանրային կարծիքը և լրագրողների աջակցությունն այս ոլորտում: «Այսպես կոչված լրագրողական հետաքննությունն ինձ համար` որպես մարզի դատախազի, լինելու է շատ կարևոր, աշխատանքներում հենվելու ենք նաև լրագրողների տված տվյալների վրա և հույս ունեմ՝ դրանք կլինեն օրինականությունից բխող և ապատեղեկատվության բնույթ չեն կրի»,-ասաց դատախազը:
Aravot.am-ի այն հարցին, թե դժվար չի՞ լինի աշխատել մի մարզում, որին անծանոթ է նորանշանակ պաշտոնյան, Րաֆֆի Ասլանյանն ասաց. «Կարծում եմ՝ դժվարություններ չեն լինի, տեղից չլինելը ունի իր լավ և վատ կողմերը, հույս ունեմ` լավ կողմերը ավելի շատ կլինեն այդ առումով և նորից կրկնեմ, որ օրինականության, արդարության և հավասարության ապահովումը մարզ, տարածք, ազգություն, կրոնական պատկանելություն չի ճանաչում: Հետևաբար լինի Գյումրին, թե այլ վայր, իմ կարծիքով, մարդկանց պահանջմունքները արդարության, արդարադատության, օրինականության ոլորտում նույնն են, և նրանք երբևէ չեն փոխվում: Լավ կողմն առաջին հերթին այն է, որ կաշկանդվածություն չունի տեղացի չլինող անձը»:
Այն դիտարկմանը, թե Շիրակը հայտի է իր կրիմինալ համբավով, Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ կրիմինալի առկայությունը ցանկացած բարեխիղճ, աշխատող դատախազին երբևէ չպետք է խանգարի ու կաշկանդի. կրիմինալ ցանկացած տեղ կա ` և Երևանում, և մարզերում, իսկ դատախազն իր գործողություններով ամեն ինչ պետք է անի, որ կրիմինալը նվազեցնի, եթե ոչ վերացնի:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե՞ տեղյակ է, որ Գյումրիում մի քանի ընտանիքներ կան, որոնք անընդհատ մեկը մյուսին պատերազմ են հայտարարում, նորանշանակ պաշտոնյան ասաց. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իհարկե Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին ես էլ տեղյակ եմ, գուցե ոչ այնքան, ինչքան դուք`այսինքն` բնակիչներդ, բայց, այնուամենայնիվ, իմ կարծիքով, դա որևէ մեկին չի խանգարի աշխատելու: Ես նույն բանը ասել եմ իմ անձնակազմին, եթե որևէ մեկը կաշկանդվածություն կունենա, ես խնդրել եմ, որ էս պահին հայտարարի դրա մասին և հեռանա դատախազության համակարգից: Ընդ որում, նույն պահանջը դրվել է նաև նախաքննական մարմնի առջև, այսինքն` քննչական բաժնի առջև, եթե որևէ մեկը կաշկանդված կլինի, իմ կարծիքով՝ անելու ոչինչ չունի այս մարզում:
Շիրակի դատախազը նաև հայտնեց, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընկերը չէ, նրա հետ որևէ մտերմություն չի ունեցել և մինչև նրա գլխավոր դատախազ դառնալը նրան տեսել է մի անգամ: Նա նաև ասաց, որ իր հայեցողությամբ է եկել Շիրակի մարզում աշխատելու և եթե հրաժարվեր գալ, որևէ մեկը իրեն ստիպողաբար չէր ուղարկի ու պատրաստ է մինչև վերջ իր պարտականությունները կատարել: Նա թվարկեց իր զբաղեցրած պաշտոնները այս համակարգում` սկզբում եղել է քննիչ, այնուհետ` դատախազության դատախազ, դատախազության ավագ դատախազ, գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ, ապա գլխավոր դատախազության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչության դատախազ, իսկ այժմ Շիրակի մարզի դատախազ:
Դատախազը անդրադարձավ նաև Շիրակի մարզի ավագ դատախազների ու դատախազի տեղակալի աշխատանքից հեռանալու փաստին:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ