Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չկա, որ մարդիկ ինչ-որ հեռախոսահամարներ հիշեն, հերիք է, որ հիշեն մեկ պարզ համար՝ 113»

Նոյեմբեր 18,2013 16:29

Untitled-2 Untitled-3«Սփյուռ» ընկերությունից տեղեկատվություն կարող եք ստանալ՝
զանգելով նոր՝ եռանիշ 113 հեռախոսահամարին

«Սփյուռ» տեղեկատուից այլեւս կարող եք տեղեկատվություն ստանալ՝ զանգահարելով եռանիշ՝ 113 հեռախոսահամարով (առանց որեւէ կոդի): Ծառայությունն անվճար է, գործում է շուրջօրյա (ներառյալ հանգստյան եւ տոն օրերին), ապահովում է արագ միացում եւ հասանելի է կապի բոլոր օպերատորների բաժանորդներին: 113 հեռախոսահամարը ֆիքսված ցանցերում գործում է 5 դրամ/1րոպե կապի սակագնով, «Սփյուռի» նոր հեռախոսահամարի եւ ընկերության նորարարությունների մասին խոսել ենք ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն Աշոտ Գրիգորյանի հետ:
«Չնայած ընկերության 519999 տեղեկատու հեռախոսահամարն արդեն բավական ճանաչված է, մտածեցինք, որ ավելի հարմար կլինի այն փոխարինել ավելի հեշտ հիշվող հեռախոսահամարով,- ասում է ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը եւ ավելացնում,-կարիք չկա, որ մարդիկ ինչ-որ հեռախոսահամարներ հիշեն, հերիք է, որ հիշեն մեկ պարզ համար՝ 113, մնացած համարները կարելի է ստանալ այդ ծառայության շնորհիվ»: Ըստ նրա՝ այդ գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ 519999-ը սկսեց փոքր-ինչ տեխնիկական խնդիրներ առաջացնել: «Մենք, որպես լրացուցիչ տարբերակ, վերցրեցինք 060-519999 համարը, սակայն դա էլ շատ երկար էր հիշելու համար, այդ պատճառով կարիք ունեցանք ավելի պարզ համար ունենալու»,- նշում է ընկերության տնօրենը: Աշոտ Գրիգորյանը պատմում է, որպեսզի «Սփյուռը» եռանիշ հեռախոսահամար ունենա, դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ ասելով, որ ընկերությունն արդեն 20 տարի է՝ տեղեկատվական շուկայում է, հեռախոսային տեղեկատուն անընդհատ զարգանում է եւ այսօր սպասարկում է օրական 8000 զանգ, ու արդեն հասունացել էր այն պահը, որ այն ունենա պարզ, հիշվող հեռախոսահամար: «Նախարարը ողջունեց մեր նախաձեռնությունը եւ նախարարության անունից դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը, քննարկելով մեր առաջարկը, որոշում կայացրեց՝ «Սփյուռի» անվճար տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելու նպատակով «Սփյուռին» տրամադրել պարզ եռանիշ համար»,- պատմում է պարոն Գրիգորյանը: Դրանից հետո հարց առաջացավ` ո՞ր օպերատորի մոտ համարը պետք է ակտիվանա: «Մինչ այժմ բոլոր եռանիշները ակտիվացվում էին ֆիքսված հեռախոսակապ տրամադրող «ԱրմենՏել» օպերատորի մոտ, բայց քանի որ այն արդեն մենաշնորհ չի, պարտադիր չէր, որ եռանիշ համարը ակտիվացվեր այդ օպերատորի մոտ, այդ պատճառով մենք հարցում արեցինք բոլոր ֆիքսված հեռախոսակապ տրամադրող օպերատորներին՝ «ԱրմենՏել», «Արմինկո», «Ռոստելեկոմ», «Յու Քոմ», «Քրոս Նեթ», ասացինք՝ ի՞նչ պայմաններով կակտիվացնեք այդ համարը, եւ մեզ ամենահարմար տարբերակն առաջարկեց «Յու Քոմը», եւ 113 համարը մենք տրամադրեցինք այդ ընկերությանը: Հիմա «Յու Քոմն» է ակտիվացրել եռանիշ հեռախոսահամարը,- պատմում է պարոն Գրիգորյանը եւ ավելացնում,- բոլոր այլ օպերատորներն արագորեն միացան այդ համարին: Հիմա բոլոր ֆիքսված եւ բջջային կապի օպերատորներից բաժանորդները կարող են հավաքել 113 եւ զանգել «Սփյուռ»: Աշոտ Գրիգորյանը նշում է, որ «ԱրմենՏել» ընկերությունը որոշել է՝ իր բաժանորդներին 113 զանգելուց անպայման զգուշացնի, որ զանգը գնում է այլ օպերատորի ցանց («Յու Քոմ»), որի համար բաժանորդից գանձվում է 5 դրամ րոպեավճար (տվյալ սակագինը սահմանված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից): Քանի որ եռանիշ հեռախոսահամարները միշտ «ԱրմենՏելի» ցանցում էին, իսկ իրենց բաժանորդները ծանոթ են ներցանցային սակագներին, չզգուշացնելը, «ԱրմենՏելի» կարծիքով, հետագայում ֆինանսական խնդիր կարող էր առաջացնել իրենց բաժանորդների մոտ: «Սակայն, այդ զգուշացումը լսելիս, շատերին թվում է, թե այդ գումարը «Սփյուռն» է վերցնում ծառայության դիմաց: Մեկ անգամ էլ կցանկանայի հիշեցնել, որ 113-ը անվճար տեղեկատու է, իսկ 5 դրամը գանձվում է կապի օպերատորների կողմից զանգ կատարելու միացման դիմաց, որը սահմանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- ասում է պարոն Գրիգորյանը: Եռանիշ համարը գործում է Երեւանում, իսկ մարզերից, ԼՂՀ-ից եւ արտերկրից, ինչպես նաեւ Երեւանից զանգահարողների համար շարունակում են գործել «Սփյուռի» նախկին՝ 010-519999 եւ 060-519999 հեռախոսահամարները:
Նշենք նաեւ, որ «Սփյուռը» շարունակում է հետեւել աշխարհի զարգացումներին եւ հետ չմնալ նորանոր միտումներից: Թերեւս ասվածի ապացույցը «Սփյուռի»՝ վերջերս բջջային հեռախոսների համար ստեղծված նոր հավելվածներն են, որոնց միջոցով տեղեկատվությունը կարող ենք փնտրել նաեւ Android եւ iOS համակարգերով աշխատող բջջային հեռախոսներում եւ թաբլետներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930