Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսով Հայաստանը 3-րդն է

Նոյեմբեր 18,2013 16:03

Այսօր ամփոփվեցին Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսի երկրորդ հետազոտության (2013թ. հուլիս-սեպտեմբեր) արդյունքները:
Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանի փոխանցմամբ՝ հետազոտությանը յուրաքանչյուր երկրում մասնակցել են 10-ական մեդիա փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանել է 55 չափանիշների հիման վրա կազմված մի հարցաշարի՝ գնահատելով ԶԼՄ-ների ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը 0-ից 3 միավորով (0` վատագույն, 3՝ լավագույն): Հարցերը խմբավորվել են ըստ չորս բաժինների՝ քաղաքականություն (8 չափանիշ, առավելագույնը 24 միավոր), գործնական կիրառում (37 չափանիշ, առավելագույնը 111 միավոր), հեռարձակող ԶԼՄ-ներ (5 չափանիշ, առավելագույնը 15 միավոր), ինտերնետ և նոր մեդիա (5 չափանիշ, առավելագույնը 15 միավոր): Բոլոր բաժինների միավորների համագումարով էլ կազմվել է յուրաքանչյուր երկրի ԶԼՄ-ների ազատության վարկանիշը:
Նշենք, որ «Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքս» ուսումնասիրությունը կատարվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Երևանի մամուլի ակումբի և «Ինտերնյուս-Ուկրաինայի» կողմից, ԱլԳ երկրների այլ ՔՀԿ-ների հետ համատեղ, ԱլԳ բոլոր վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում։
Ծրագրի նպատակն է՝ պաշտպանել խոսքի և արտահայտման ազատությունը ԱլԳ երկրներում՝ բարձրացնելով տեղեկացվածությունը տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին:
Ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները՝ Միքայել Զոլյանն ասաց, որ վերը նշված չորս բաժինների միավորների համագումարով առաջին տեղում Մոլդովան է (1276 միավոր), երկրորդ տեղում` Վրաստանը (1270 միավոր), երրորդ տեղում` Հայաստանը (935 միավոր), չորրորդ տեղում՝ Ուկրաինան (792 միավոր), հինգերորդ տեղում՝ Ադրբեջանը (546 միավոր), իսկ վերջին տեղում՝ Բելառուսը (443 միավոր):
Փորձագետը նշեց, որ Հայաստանում առավել բարվոք վիճակում է քաղաքականության բաժինը: Առաջատարը Վրաստանն է՝ 200 միավորով, իսկ Հայաստանը երկրորդ տեղում է՝ 179 միավորով:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930