Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում այս պահին շարունակվում է ժամը 11-ից մեկնարկած Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարը:
Թեեւ գործը դեռ չի հասել նախագահի ընտրություններին (հիշեցնենք, որ 2007-ից նախագահում է Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը), սակայն մինչ համագումարի աշխատանքների սկսվելը թատրոնի ճեմասրահում թատրոնի մարդկանց միջեւ ընթանում էր ջերմ երկխոսություն, մտքերի փոխանակություն եւ այլն: Կարելի էր ենթադրել, որ այս համագումարը, ի տարբերություն գրողների եւ կոմպոզիտորների, չի վերածվելու աթոռակռվի:
Պարզ էր նաեւ, որ նախագահի նոր թեկնածու կամ թեկնածուներ չեն լինելու:
Aravot.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում ՀԹԳՄ նախագահի աշխատանքը, Երեւանի կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը ժպտալով ասաց. «Ես լավ եմ գնահատում, բայց որդիս կարծես մոռացել է իր ընտանիքի ու թոռան գոյության մասին: Տարիներ շարունակ այս մարզից գնում է այն մարզը, հետո էլ՝ Ռուսաստան… Օրերս է վերադարձել Ստեփանակերտից, էլ չեմ խոսում տեղական եւ արտերկրյա տարբեր փառատոների առիթով նրա զբաղվածության մասին: Բարդ է, շատ բարդ, կարճ ասած՝ …աշխատանք, այն էլ անշնորհակալ…»:
«Դասական» համագումարի օրակարգի համաձայն, նախագահողը՝ Մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը հայտարարեց, որ միության 666 անդամներից թատրոնները պատվիրակ են ընտրել թվով 137 եւ այս պահին ներկա են 122-ը: 666 սատանայական թիվը փոքր-ինչ հուսահատեցրեց ներկաներին, սակայն տոնական տրամադրությամբ համագումար եկած պատվիրակները իրենք իրենց հույս ներշնչեցին, մեկը մյուսին ասելով, թե պետք չէ տրվել սնոտիապաշտությանը…
Հակոբ Ղազանչյանի հաշվետու զեկուցման մեջ մեկ առ մեկ նշվեց «արածն ու չարածը»: Բանախոսի ելույթը հիմնականում կազմված էր մարզային թատրոնների խնդիրներից: Նրա խոսքերով՝ «ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում, այն կարծիքն է, թե ոչ մեկին չի հետաքրքրում մեր մարզային թատրոնների վիճակը»:
Պարոն Ղազանչյանը վրդովված է, որ ԱԺ-ն տարիներ շարունակ անտեսում է թատրոնի մասին օրենքի նախագծի քննարկումը:
Մանրամասնելով էլ ասաց, որ ողբերգական է Գավառի թատրոնի վիճակը, հայտնելով, թե ընթացող շինարարությունը կասեցվել է՝ գումար չլինելու պատճառով, թեեւ կոլեկտիվը ներկայացումներ է ցուցադրում գյուղերում, վերջերս էլ նրանք եղել են Ջավախքում: Ղազանչյանի խոսքերով՝ թատրոնին պետք է աջակցեն մարզպետները, քաղաքապետերը նույնպես: Իր խոսքերով՝ Հայաստանում մի էտալոն մարզպետ կա, դա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն է, որից կարող են օրինակ վերցնել մյուսները:
Նա հատկապես ցավ հայտնեց հայ թատրոնի պատմության անբաժանելի մաս կազմող Թբիլիսիի պետական դրամատիկական թատրոնի շենքային վիճակի մասին, ասաց, որ շուրջ 6 տարի վթարային այդ շենքում ներկայացումներ չեն խաղացվում, իսկ բարձր վարձավճարի պատճառով էլ տնօրինությունը չի կարողանում Թբիլիսիի մյուս թատրոններում կազմակերպի իր աշխատանքները: Բանախոսը չմոռացավ իհարկե նշել, որ մեր կառավարությունը օգնում է Վրաստանում ստեղծագործող իր գործընկերներին:
Ելույթում նշվեց մարզային որոշ թատրոնների, այդ թվում՝ Արտաշատի, Վանաձորի, ասաց, որ Գորիսի եւ Կապանի թատրոններում կարծես թե ամեն ինչ լավ է, շեշտելով, որ, օրինակ, Կապանի թատրոնում պետք է մտածել գեղարվեստական ղեկավար նշանակելու մասին, ինչն իր կարծիքով՝ կարեւոր պաշտոն է թատերական օջախներում:
Հակոբ Ղազանչյանը զայրացած տոնով խոսեց կրթության եւ գիտության նախարարության այն հայտնի որոշման մասին, ինչի համաձայն մեր իրականությունում վերացան դպրոցական աբոնեմենտները: Այստեղ նախագահող Ստեփան Դավթյանը ռեպլիկ նետեց, թե Մայր թատրոնը դիմել էր ԿԳՆ-ին՝ գոնե թույլատրել դպրոցականներին դիտել հայ դասականների գործերը, որտեղից ստացել էին հետեւյալ գրությունը. «Մենք որդեգրել ենք տոմս չգնել»:
Իր ելույթում ժամանակ առ ժամանակ Հակոբ Ղազանչյանը հիշատակեց կառավարության, ԱԺ-ի, մշակույթի նախարարության աջակցությունը միության որոշ նախագծերի առիթով:
Ելույթի վերջում էլ ասաց. «Կուզենայի, որ Հայաստանը մի օր ունենար այն թատրոնը, որը կար սովետական շրջանում»:
Բանախոսի ելույթից հետո հերթագրվեցին եւ ամբիոնին մոտեցան մեր թատերարվեստի ճանաչված գործիչներ, այդ թվում՝ անվանի դերասաններ Տիգրան Ներսիսյանը, Մուրադ Ջանիբեկյանը, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը եւ մյուսները: Կարծես խոսքները մեկ արած, նրանք իրենց ելույթը կառուցեցին թատրոնի մասին օրենքի բացակայության շուրջ: Բոլորն էլ նշեցին, թե հենց այդ օրենքն է, որ թատրոնի մարդկանց պետք է վերցնի իր պաշտպանության տակ:
Նրանք բարձրաձայնեցին նաեւ դերասանի, թատրոնի մարդու խղճուկ աշխատավարձի մասին, նշելով 600.000 դրամ պատգամավորի աշխատավարձի չափը:
Տիգրան Ներսիսյանն ասաց. «Ես շատ կուզեմ կրթության եւ գիտության նախարար սիրելի Արմեն Աշոտյանին հանդիպել ու եթե դրա անհրաժեշտությունը կլինի՝ ժամերով ներկայացնել, թե ինչու է անհրաժեշտ «դպրոցականի աբոնեմենտը» վերականգնել:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այս րոպեին ավարտվեց Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարը: Բաց քվեարկությամբ 4-րդ անգամ միության նախագահ ընտրվեց Հակոբ Ղազանչյանը: