Կրոնավորներն ու հավատքով տարվածներն ամեն առիթով մատնացույց են անում աշխարհիկի համեմատությամբ եկեղեցական շինությունների կայունությունը: Իրոք՝ դա այդպես է: Բայց ինչու՞ է շրջանցվում այն, թե ինչով է պայմանավորված կրոնական շինությունների կայունությունը: Փաստ է, որ կրոնական շինությունների նախագծումը, շինանյութի ընտրությունը, շինարարության որակը, խնամքը կտրականապես տարբերվում է աշխարհիկից: Կրոնականի դեպքում ընտրվում է լավագույն շինանյութ, փորձառու շինարարներ, իրականացվում է խիստ հսկողություն: Բնականաբար, այս ամենը պետք է բերեր կրոնական շինությունների կայունության: Բացի նշվածներից, կրոնական շինությունների կայուն լինելուն մեծապես նպաստում է երևակայական էակի հանդեպ շինարարների ահն ու սարսափը: Հակառակ պատկերն ենք տեսնում աշխարհիկ շինությունների պարագայում. աշխարհիկը հիմնականում կառուցվում է՝ ինչպես պատահի:
Եթե ժամանակին կրոնական շինությունների կառուցման համար օգտագործվել է անգամ ձու, ապա այսօր կարգ է դարձել ցեմենտի և մետաղի չափից ավելի առատ օգտագործումը, այն դեպքում, երբ անկախ պետականություն ձեռք բերելիս, համոզված էինք, որ մեր հիմնական միջոցները կուղղենք իրատեսական՝ կենսական կարևոր խնդիրների լուծմանը: Դժբախտաբար, կատարվում է հակառակը՝ պետությունը, աստիճանաբար կորցնում է իր ֆունկցիան, իսկ երկրում մեծ թափ է առնում եկեղեցաշինությունը և կյանքի կրոնականացումը:
Այսօր նոր կառուցվող և վերակառուցվող եկեղեցիներն ու վանքերը այնքան շատ են, որ անգամ դժվար է թվարկել: Մտնում ես Հայաստանի անգամ կիսալքված գյուղերը և առաջին բանը, որ նկատում ես, նոր կառուցված ու կառուցվող, ինչպես նաև վերակառուցվող եկեղեցիներն են, հոգ չէ, որ, օրինակ, դպրոց-մանկապարտեզները աղետալի վիճակում են: Ըստ տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետներից մեկը եկեղեցուն է հանձնել-նվիրել բազմաթիվ այգի-պուրակներ, որտեղ, մեծ հավանականությամբ, եկեղեցիներ կամ վանքեր կկառուցեն:
Երևանի գեղատեսիլ վայրերից մեկում (Կոմիտաս և Ազատություն պողոտաների խաչմերուկ), որտեղ պուրակն ու լճակը մի հիասքանչ պատկեր էին ստեղծում ու երևանցիների համար հրապուրիչ վայր էր, վանք է կառուցվում: Մենք ականատես ենք, թե ինչ մեծ տրամաչափի մետաղաձողեր ու ինչ քանակությամբ ցեմենտ է օգտագործվում, կարծես ատոմակայան են կառուցում: Նույնիսկ ատոմակայան կառուցելիս, կարծում եմ, դժվար թե այսպիսի շռայլություն թույլ տային:
Եկեղեցաշինության ահավոր ծավալման հետ մեկտեղ մեծ թափ է առել բարձրադիր ժայռերի ու սարերի կատարներին խաչեր տեղադրելը: Օրինակ, Արագածի փեշի Քարե լճին հարող բլուրի վրա տեղադրված է պողպատյա մի հսկա խաչ, և անգամ դժվար է պատկերացնել, թե ճանապարհի բացակայության պայմանում ինչպես է այդ ծանր խաչը այդտեղ հասցվել: Քարե լճին նայելիս այժմ միանգամից աչքդ ծակում է իր դիքով իշխող խաչը: Հսկա խաչի կողքին նաև մի շատ բարակ ձողի վրա ամրացված է Հայաստանի Հանրապետության դրոշը, և, ի հակադրություն պողպատյա ամրակուռ խաչի երկաթբետոնյա ամուր պատվանդանի, դրոշի բարակ ձողն ուղղակի հարմարեցված է տեղի քարերի արանքում: Տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է այդ ձողը կտապալվի: Խաչի և դրոշի այս համադրությունը ճիշտ և ճիշտ համապատասխանում է եկեղեցի-հայոց պետականության գոյակցությանը: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ թե՛ կրոնական և թե՛ աշխարհիկ բացարձակ իշխանության ձգտող եկեղեցին, հարյուրամյակներ շարունակ մշտապես կարողացել է երկրորդականացնել պետության դերը, իսկ հնարավորության դեպքում՝ նպաստել պետականության կործանմանը, իսկ նոր ձևավորված պետականությունն էլ՝ խեղդամահ անել հենց օրորոցում: Օրինակները բազում են, սակայն նշեմ միայն հետևյալը՝ Հայոց կաթողիկոսի դավադիր ձեռքով կործանվեց Բագրատունյաց թագավորությունը (եկեղեցին սրբացրել է այդ դավաճանին և իրականում հայ ժողովրդի թշնամուն ու ամեն տարի նշում է նրա՝ Պետրոս գետադարձի տոնը), իսկ երբ Կիլիկիայում վերականգնվեց Հայոց թագավորությունը, եկեղեցին ուղղակի հոխորտաց՝ թե ի՞նչ իմաստ ունի թագավոր ունենալը, երբ կա կաթողիկոս:
Մի սարսափելի իրավիճակ է տիրում նաև մեր օրերում: Օրինակ, եկեղեցու կոպիտ ու անխիղճ միջամտությամբ բնավեր է լինում Հայոց մանկավարժությունը: Բացի այն, որ նրբագույն խորամանկությամբ §Հայոց եկեղեցու պատմություն¦ անվան տակ դպրոց են մտցրել կրոնը, այլև կրոն է քարոզվում նաև հիմնական առարկաների մեջ: Օրինակ, առաջին դասարանի այբբենարանի §Ճ¦ տառի բաժնում կարդում ենք. §Նոյը կենդանիների բոլոր տեսակներից զույգ-զույգ վերցնում է տապանի մեջ: Ջրհեղեղից հետո Նոյը մեկ-մեկ արձակում է կենդանիների ոտքերի կապերը: Ճնճղուկը չի համբերում. հենց այդպես՝ ոտքերը կապած թռչում է տապանից¦: Նկարում կենդանիներով լեցուն նավ-տապանն է: §Ֆ¦ տառի բաժնում՝ §Մեր պապերը տուֆից վանքեր ու խաչքարեր են կառուցել¦… Մայրենիի 2-րդ դասարանի գրքում գրված է, թե աստվածն ասաց… պիտի ջրհեղեղ անեմ, մարդկանց կործանեմ, նրանք շատ են չարացել…, իսկ 128 էջում՝ §Էջմիածնի վանքը Երևանում չի կառուցվել, քանի որ Քրիստոսն է ցույց տվել վանք կառուցելու տեղը¦: Նկարում պատկերված է Քրիստոսը և եկեղեցաշինական դրվագներ:
Մտեք դպրոցներ և համարյա առանց բացառության միջանցքներում, դահլիճներում, դասարաններում կհանդիպեք սրբապատկերների, ավետարանային ասույթների և աստվածաշնչյան թեմաներով նկարազարդումների: Շատ դպրոցներում գործնական աշխատանքի ժամերին պարտադրում են, որ երեխաները խաչքարեր և եկեղեցիների մանրակերտներ կառուցեն: Սրբապատկերների ենք հանդիպում աշակերտական տետրերի և դասագրքերի կազմերին, աշակերտական որոշ օրագրերի առաջին էջում տերունական աղոթքն է: Աշակերտներին վարժեցրել են տերունական աղոթքով ու խաչակնքվելով սկսել ոչ միայն Հայոց եկեղեցու պատմության, այլ նաև մյուս առարկաների ժամերը: Անգամ մանկապարտեզներում երեխաներին առաջինը սովորեցնում են տերունական աղոթքը, խաչակնքվել, կրոնական տոներին երեխաներին պարտադրում են նկարել կրոնական թեմաներով: Առանձին խոսակցության նյութ է Հայորդաց դպրոցներում կրոնի առատ քարոզը: Փաստորեն դպրոցներում և ուսումնական այլ կառույցներում քրիստոնեական դավանանք է պարտադրվում:
Եկեղեցին մտել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, պետական գերատեսչություններ, նույնիսկ գիտությունների ազգային ակադեմիայում պաշտոնական նիստերը սկսվում են աղոթքով և անգամ խաչակնքումով: Նույն գործելակերպին ականատես եղա ՀՀ տնտեսության զարգացման 2013-2025 թթ. ծրագրի պաշտոնական քննարկման միջոցառումներին (2013 թ. մարտ և հունիս ամիսներին), երբ միջոցառումները սկսվեցին կրոնական ծեսով՝ աղոթքով՝ նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Կա՞ ավելի հիմար ու ծիծաղելի խաբկանք, քան կարկտահարության, երաշտի, վայրի գազանների, հիվանդությունների դեմ պայքարելու փոխարեն տերտերներ հրավիրելը, որպեսզի նրանք աղոթքով լուծեն նշված խնդրները, կամ տերտերների զորագունդ պահել բանակում և շքերթներում էլ նրանց ցուցադրել և այս ամենը՝ պետականորեն: Արդյո՞ք սա չի խոսում պետական գործերում եկեղեցու հակասահմանադրական միջամտության մասին:
Կրոնական երանգ է տրվում նաև բնական համակարգին: Գնացեք, օրինակ, Լոռի և այնտեղ կտեսնեք, որ գեղատեսիլ ժայռերի կատարներին խաչեր են տեղադրված: Խաչեր են տեղադրված սարալանջերին, լեռնային լճերի ափերին: Վերջերս, իրականացնելով փափագս, նորից այցելեցի Նազելի լեռան մոտակայքի լեռնային լիճը, սակայն ինձ տհաճություն պատճառեց այն, որ լճի ափին արդեն մետաղյա խաչ է տեղադրված: Հնարավոր չէ թվարկել ամենը, բայց հնարավոր չէ նաև չխոսել Արագածոտնի մարզում տեղադրված վիթխարի խաչ հսկայի մասին, որը, ըստ տարածված լուրերի, կառուցվել է իրավագիտության բնագավառում հայտնի պաշտոնյայի նախաձեռնությամբ: Խաչը նվիրված է Հայաստանը խաչի տակ պահելու 1700 տարվան և իր վրա կրում է 1700 պողպատյա խաչեր (յուրաքանչյուր հաջորդ տարի ավելանալու է ևս մեկ խաչ): Այս խաչի բարձրությունը 33 մետր է, որը խարհրդանշում է հրեա Քրիստոսի ապրած տարիները (պետք է շնորհակալություն հայտնել ավետարանիչներին, որ նրա կյանքը չեն երկարաձգել մինչև 80-90 տարի…):
Ամենևին չպետք է զարմանալ, եթե մի օր նույն շենքը լինի ե՛վ կաթողիկոսի նստավայր, ե՛վ նախագահական համակարգ: Կարևոր չէ՝ դա կլինի Էջմիածնում, թե Երևանում:
Ոչ միայն դպրոցներում են խեղում մանուկների ու պատանիների միտքը, այլ ընդհանրապես կրոնականացվում է հասարակությունը, այսինքն մարդկանց շեղում են իրական կյանքից: Պարզից էլ պարզ է, որ կրոնականացված հասարակությունը չի կարող գիտակցել իրական կյանքը, ունենալ սեփական նպատակներ ու ձգտել դրանց իրականացմանը:
Երկրում տիրող իրավիճակից կարելի է ենթադրել, որ համաշխարհային տիրապետության ձգտող ուժը, Հայոց առաքելական եկեղեցին և Հայաստանի Հանրապետության իշխանավորները դաշինքի մեջ են մտել: Արդյունքում խեղդամահ է արվում Հայոց պետականությունն իր օրորոցում:
18-ը հոկտեմբերի, 2013 թ.
Հակոբ Արբակի Սանասարյան
Լիովին համամիտ եմ:
Բանն արդեն զավեշտի է հասնում և, կարծում եմ, սկսում է հակառակ ազդեցություն ունենալ: