Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով: Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թվականի համայնքային բյուջեում ներառելու համար:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բյուջեից համապատասխան միջոցներ ենք տրամադրել մասնավորապես թեքահարթակների կառուցման համար, ինչն, ի դեպ, աննախադեպ էր: Այդ նպատակով բյուջեից առանձին տողով երբևէ գումար չէր հատկացվել: Սակայն դա բավարար չենք համարում և, ըստ այդմ, պետք է շարունակենք կիրառել այս մոտեցումն ու փորձենք մի քանի տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները, մայթերը, հասարակական օբյեկտներն ու այլ վայրերը հարմարեցնել տեղաշարժման խնդիր ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է փորձենք նաև որոշ քանակությամբ ավտոբուսներ արդեն 2014 թվականին հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման ապահովմանը: Բացի այդ, քաղաքաշինական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, մեր կողմից կսահմանվեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման պայմանները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ 2013 թվականի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում և ավարտական փուլում են ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ և ուսումնասիրել կատարված աշխատանքների որակը:
Զեկուցվել է, որ շարունակվում են Լենինգրադյան-Իսակով և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր ավտոճանապարհների կառուցման աշխատանքները: Մասնավորապես, վերջինի մասով նշվել է, որ այն ավարտական փուլում է և առաջիկայում կհանձնվի շահագործման:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է աշնանային ծառատունկը, որի շրջանակում արդեն իսկ տնվել է 15 հազար ծառ և թուփ: Զեկուցվել է նաև, որ իրականացվում են չորացած և վնասված ծառերի սանիտարական էտման աշխատանքներ:
Մայրաքաղաքում ծառահատման դեպքերի կանխման նպատակով քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողություն իրականացնել և մեղավորներին օրենքով սահմանված կարգով ենթարկել խիստ պատասխանատվության:
«Ծառատունկերի կազմակերպումն, անշուշտ, շատ կարևոր է մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման համար, սակայն միաժամանակ պետք է ուժեղացնել հսկողությունը ապօրինի ծառահատումների բացառման ուղղությամբ, իսկ օրինախախտներին ենթարկել խիստ պատասխանատվության: Բացի այդ, կառուցապատման թույլտվություններ տալիս նախապես տեղում ուսումնասիրեք տարածքը և բացառեք կանաչ գոտիներում ու ծառապատ տարածքներում կառուցապատման որևէ թույլտվության տրամադրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով առաջնահերթ վերանորոգման և վերակառուցման անհրաժեշտություն ունեցող պատշգամբների խնդրին՝ քաղաքապետը հանձնարարել է շարունակել գույքագրել առավել վթարավտանգ վիճակում գտնվող պատշգամբներն ու դրանք ընդգրկել հաջորդ տարվա ծրագրերում:
Առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել: Այդ նպատակով բոլոր տնտեսվարողներին կուղարկվեն ծանուցումներ: Հանձնարարվել է նաև մասնավոր շինարարական ընկերությունների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ձնամաքրման աշխատանքներում լրացուցիչ մեքենամեխանիզմների և տեխնիկայի ներգրավման մասով:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են բակային տարածքներում 2013 թվականին նախատեսված նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, նկարազարդվել է 234 բակ՝ 11990 քմ մակերեսով՝ նախորդ տարվա 190 բակի համեմատ: 2014 թվականի աշխատանքներում ևս նկարազարդումներն ընդգրկելու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի և տնատիրությունների տարածքներում կատարել համապատասխան գույքագրում:
Կրթական հաստատություններում ջեռուցման սեզոնի մեկնարկի հետ կապված հանձնարարվել է համապատասխան ուսումնասիրություններ և ստուգայցեր կատարել՝ բոլոր հաստատություններում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը պահպանելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն