Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Բաղրամյան 26-ում ես ասացի, որ կենսաթոշակային նոր համակարգը հավատ չի ներշնչում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 18,2013 15:15

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ԲՀԿ պատգամավոր եղած ժամանակ Բաղրամյան 26-ում հայտնել է իր բացասական կարծիքը կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ: Այս մասին ասաց պարոն Բոստանջյանն այսօր, «Սլաք» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ:

Նա կրկին մտահոգություն հայտնեց քաղաքացիներից հավաքագրվող հսկայական գումարների երաշխիքների հետ կապված` ասելով, որ նույնիսկ խորհրդային միության ժամանակ, երբ երկրներն ունեին երաշխիքային ընդգծված ինստիտուտներ, մարդկանց տարիների խնայողությունները չկարողացան հետ վերադարձնել. «Երաշխիքային ինստիտուտներ եւ մեխանիզմներ չեմ տեսնում, իսկ այդ գումարները մեծ են լինելու, շատ են լինելու»:

Տնտեսագետի մտահոգությունները` տեսանյութում

Ըստ Վ. Բոստանջյանի, ներկայումս եղած 1 տրիլիոն 200 միլիոն բյուջեն կբավականացնի, եթե շեշտը ճիշտ ծրագրերի եւ ծախսերի վրա դրվի: Տարբեր քաղաքական գործիչների կողմից անվանումներ ստացած` սոցիալական, անիրատեսական, զարգացող, ընդլայնվող կամ զսպողական բյուջե որակումները, պարոն Բոստանջյանի կարծիքով, տեղին չեն: 

Վկայակոչելով ՀՀ վարչապետի այն վստահեցումները, թե եկող տարվա բյուջեում եկամուտները ավելացնելու են ստվերի հաշվին` վարչարարությունը չխստացնելով, լրագրողները պարոն Բոստանջյանից հետաքրքրվեցին, թե կրկին չի՞ տուժելու փոքր ու միջին բիզնեսը:
«Պետք է ոչ թե հարկային վարչարարությունը խստացնել, այլեւ հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնել, պետք է հարկային բեռի բաշխումն արդարացի լինի, պետք է բոլորն իրենց հարկային կատարման առումով գտնվեն հավասար դաշտում»,-համոզմունք հայտնեց պարոն Բոստանջյանը:

Գործազրկության նպաստների վերացումն էլ, տնտեսագետի կարծիքով, պետք է ավելի շուտ տեղի ունենար, սակայն աստիճանաբար, ոչ այդպես միանգամից: Պարոն Բոստանջյանը պատգամավոր եղած ժամանակ է այս հարցը բարձրացրել, ասելով, որ դրանք «լավ գումարներ» չեն. «Ես ասել եմ, որ ընտանեկան նպաստները խնամակալության գումարներ են, որը ցանկալի չէ հայ ժողովրդի համար: Մենք կարող ենք այդ գումարները օգտագործել աշխատանքը խթանելու համար»:

Aravot.am-ի հարցին, թե տնտեսագետները կանխատեսում են, որ եկող տարվա բյուջեն չի կարողանալու դուրս գալ բարձրացված աշխատավարձերի տակից, պարոն Բոստանջյանի հաշվարկները ցույց են տվել, որ «լավ էլ դուրս կգա»:

Մեր հարցին, թե պատգամավորների աշխատավարձերի բարձրացումն է՞լ է արդարացված, տնտեսագետը նկատեց. «Ամբողջ աշխարհում, պատգամավորները դրանք հասարակության լիազորներն են, եւ ամենաբարձր վարձատրվող պետական ծառայողները պատգամավորներն են»:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի միջադեպին, պարոն Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ «Շանթը անդառնալի հայրենասեր է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930