Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակն այլեւս չի «քաղաքականացվի»

Նոյեմբեր 18,2013 14:45

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մարդու իրավունքների խախտում չէ, եւ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այսօր կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կառավարությունում նման կարծիք հայտնեցին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ վերջերս համակարգից դժգոհողները, որոնք բողոքի ակցիաներ էին անում, նշում էին, որ մարդու իրավունքների խախտում է՝ պարտադրել նման համակարգին մասնակցելը, եւ բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքերով` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրմամբ Սահմանադրականության խնդիր չկա, եւ տեսակետները, որ խախտվում են մարդու իրավունքները, պարտադրվում է մարդկանց եւ այլն. «Հարկ վճարելը հակասահմանադրական չի, չէ՞, այսօր մարդիկ հարկ են վճարում: Սա հարկ չէ, սա գումար է, որը ես եւ դուք մասհանելու ենք մեր անձնական հաշիվներից: Ես իմ անձնական հաշվին պարտավոր եմ գումար մասհանել, սեփականության իրավունքը չի անհետանում»:

Նախարարի ներկայացմամբ` գումարները, որոնք աշխատող անձը մինչեւ 63 տարեկանը ներդնելու է, եւ եթե հանկարծ, ինչպես Դավիթ Սարգսյանն ասաց` Աստված չանի, վճարողը մահանա, ապա այդ գումարները կարող է տնօրինել նրա ժառանգը: Ըստ նախարարի, տարիքային շեմն էլ ընտրվել է 1974 թվականից հետո ծնվածներինը. «Քանի որ հաշվարկները ցույց են տվել, եթե ավելի շուտ ծնվածները պարտադրվեին անցնել այդ համակարգին, հավանականությունը, որ իրենք կարող էին հավաքել բավարար գումար, որ իրենք անցնելով կենսաթոշակային տարիքի, իրենց ամենօրյա թոշակը ավելի քիչ է, քան մյուսներինը»:

Պարոն Սարգսյանը, որպեսզի պատկերավոր ներկայացնի, որ ներդնվող համակարգը լավն է եւ օգտակար, որպես օրինակ բերեց ԱՊՊԱ-ն, որը եւս պարտադիր է. «ԱՊՊԱ-ն հակասահմանադրական չէ, չէ՞: 3 տարի առաջ ցույցեր էին լինում մի քանի ամիս, նույնպես մեր ընդդիմախոսները, քաղաքական ուժերը դեմ էին արտահայտվում, եւ պրոցեսները նույնն էին, անցել է մի քանի տարի եւ ԱՊՊԱ-ն ոնց որ թե վատը չէ: Այսինքն, այն ժամանակ էլ նույն պրոցեսներն էին»:

Իսկ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարն էլ մանրամասն ներկայացրեց, թե նախկինում ինչպիսին էր կենսաթոշակային համակարգը, հետո ինչ փոփոխությունների ենթարկվեց, ապա նոր ներդրվողին անդրադառնալով, նույնպես նշեց, որ այն ոչ թե հակասահմանադրական է, այլ բխում է Սահմանադրությունից:

Բացի այս, ըստ պարոն Ասատրյանի, նոր համակարգի ներդրմամբ, 2 բաղադրիչ է ավելացվել, որոնցով պետությունն ազատվում է որոշակի պարտավորություններից: Օրինակ, ինչպես ներկայացրեց նախարարը, եթե կենսաթոշակի նվազագույն չափը սահմանվում է քաղաքական ուժերի որոշումներով, եւ ըստ էության, այդ ուժերի, կարելի է ասել` ճնշմամբ` կենսաթոշակի սահման է պարտադրվում պետությանը, ապա նոր համակարգով սա վերանում է. «Կենսաթոշակի նվազագույն շեմը եւ կենսաթոշակի ձեւավորումը որեւէ կապ չպիտի ունենա քաղաքական ցանկությունների ու մոտեցումների հետ: Յուրաքանչյուր անձ իր կողմից կատարած վճարումների շրջանակներում դրանց ներդրումներից եկած եկամուտների հաշվին պիտի ստանա կենսաթոշակ: Այստեղ Սահմանադրականությունն այն է, որ պետությունը տարբեր գործիքներով եւ մեխանիզմներով ապահովում է իր քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը, որը պիտի նաեւ ապահովի ապագայում: Եթե ներկայումս գործող ձեւաչափով շարունակենք, ամեն տարի մեծանալու է ֆինանսական բեռը պետական բյուջեի ու աշխատունակ անձանց վրա: Ինչ վերաբերում է տարիքային շեմին, ապա տարբեր հաշվարկներ են արվել, որի հիմքում դրված է միջազգայնորեն ընդունված ցուցանիշ` 40% փոխհատուցման գործակից: Այսինքն` նախկինում ունեցած եկամուտներ` աշխատավարձը, 30 տարի աշխատում է մարդը, պիտի 40% գործակից լինի փոխհատուցման նախկին եկամտի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930