Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացավ հանրային քննարկում-ներկայացում «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով:
Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգը համազգային եւ պետական քաղաքական-ծրագրային փաստաթուղթ է, որում համակարգված ձեւով ներկայացվում են ներպետական, համազգային եւ միջազգային մակարդակներում անհատի, ընտանիքի, համայնքի, հասարակության, պետության եւ համայն հայության հոգևոր-մշակութային առողջացման ու սոցիալ-տնտեսական բարգավաճման, նրանց կարողությունների բացահայտման, համախմբման, գործադրման ու կայուն զարգացման, ինչպես նաեւ հայության անօտարելի իրավունքների վերատիրացման պետական եւ համազգային քաղաքականության ընդհանուր հիմնադրույթները:
Սուրեն Գեւորգյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ծայրահեղ իրավիճակին, համաշխարհային տնտեսական զարգացման մեջ նրա տեղն ունենալու խնդրին: Սուրեն Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը իր ոչ մետաղական հանքանյութերով մեծ հնարավորություններ ունի: Ըստ նրա` մենք ունենք պաշարներ, որոնք մրցունակ կլինեն ամբողջ աշխարհում: «Մինչեւ 1990 թվականը Հայաստանն օրական յոթ վագոն պեռլիտ է արտահանել Ռուսաստան: Այսինքն` 1 մլն 200 հազար տոննա հանքանյութ: Մենք առաջատար ենք եղել: Ու հիմնականում երեք գործարաններ Ռուսաստանի` սնվել են մեր պեռլիտով, ու այն մենք վաճառել ենք ընդամենը երկու դոլարով, որպես գաղութային երկիր: Իսկ այսօր դրա գինը հարյուր դոլար է»,- ասաց Սուրեն Գեւորգյանը՝ ավելացնելով, որ մենք ունենալով պեռլիտի մեծ պոտենցիալ, այն չենք արտահանում, ինչը, ըստ նրա` հանցագործություն է:
Սուրեն Գեւորգյանը հավելեց, որ այսօր մրցունակ է ոչ մետաղական հանքանյութերից ստացված արտադրանքը, իսկ մեր էությունը որոշող ինստիտուտներն ամեն օր փակվում են: «Մենք կտրում ենք այն ծառի ճյուղը, որի վրա կանգնած ենք»,- ասաց նա, շարունակելով, թե այս ոլորտը պահանջում է հետեւողականություն:
Կարդացեք նաև
«Մենք ունենք հնարավորություններ, մեր պոտենցիալը ռեալ է, իսկ 21-րդ դարը տնտեսական դար է»,- շեշտեց Սուրեն Գեւորգյանը, որի խոսքով՝ մենք չենք կարող ոչ արտադրական եղանակներով մեր երկիրը պահել, մենք պետք է մեր բրենդն ունենանք եւ չպետք է թիթեռնիկը վերածենք քարի:
«Մենք չենք կարող գյուղացիական մակարդակի վրա այս պետությունը կառուցել»,- ավելացրեց Սուրեն Գեւորգյանը:
Ավելացնեմ, որ քննարկման ժամանակ նորարարական տնտեսությունը եւ Հայաստանը թեմայով ելույթ ունեցավ նաեւ Գարեգին Չուգասզյանը, երկրագործության մասին խոսեց Վարդան Հայկազյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ինձ բախտ և պատիվ է վիճակվել ծանոթանալ ,,Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտը,, փաստաթղթի հետ, դեռ այս տարվա ամռանը: Խոնարհվում եմ այդ աշխատանքը կատարող անձանց առջև:
Վերջապես սա է նորմալ երկրի զարգացման ուղին, և լույսի ճառագայթը՝ տիրող խավարից դուրս գալու ճանապարհին: Ցավոք դեռ քչերն են գիտակցում նրա անհրաժեշտության մասին, բայց հուսանք, որ սառույցը կոտրվել է, և խավարը ետ է քաշվելու: