Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որում, ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ մասնավորապես ասված է, որ Հայաստանը հետաքրքրված է Մաքսային միության շրջանակներում միջխորհրդարանական գործընկերության զարգացմամբ՝ հատկապես հաշվի առնելով Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու հեռանկարը:
Ողջույնի խոսքում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Լուցկին կարեւորեցին հայ-ռուսական դարավոր բարեկամությունը եւ նշեցին, որ երկու երկրների միջեւ կապերը զարգանում են տարբեր ուղղություններով: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Մաքսային միությանը եւ եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության հարցերը կլինեն քննարկումների առանցքում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, կատարված քայլերին: Նա տեղեկացրեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին: Փոխնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է իրականացնում: Պարոն Քոչարյանն անդրադարձավ մեր օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Նրա կարծիքով՝ Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:
Կարդացեք նաև
«Զարգացման գործընթացները եվրասիական տնտեսական տարածքում» թեմայով ելույթներ ունեցան Արտակ Զաքարյանը եւ Լեոնիդ Սլուցկին:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր հարաբերական կայունությունը հաստատվել է Ռուսաստանի, Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ազդեցության արդյունքում: Պարոն Զաքարյանն ընդգծեց, որ ԼՈՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ խնդրի լուծումը մեր երկրի համար եղել ու մնում է առաջնահերթություն: Լինելով Ռուսաստանի ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշնակիցը՝ Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հաջողությամբ, ռուսական տնտեսության զարգացմամբ եւ ուժեղացմամբ, Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդմամբ:
Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման մասնակցությանը, նշեց, որ այն առաջին հերթին պայմանավորված է նոր ռեսուրսներ օգտագործելու ձգտմամբ՝ պետության զարգացման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի համար ռազմավարական խնդիր է աբխազական երկաթուղու վերաբացումը: «Այդ պատճառով մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներին, մասնավորապես Մաքսային միության անդամ երկրների ապրանքաշրջանառության աճի տպավորիչ ցուցանիշներին»,- ասաց նա:
Լեոնիդ Սլուցկին անդրադարձավ Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձեւաչափին եւ այս համատեքստում կարեւորեց ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:
Հայ խորհրդարանականները ներկայացրին այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը եվրասիական ինտեգրման եւ Մաքսային միության անդամակցության գործընթացներում: Դրանք մասնավորապես վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորություններին, հեռահաղորդակցության եւ անվտանգության ապահովման խնդիրներին:
Նիկոլ Փաշինյանի երկու ելույթների ձայնագրությունը կարող եք լսել այստեղ
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/120611002″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/120611530″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]