«Ինչպես միշտ, կառավարությունը և դրա բոլոր ներկայացուցիչներն իրենց բոլոր ելույթները և փաստարկումները հիմնում են ստի և փաստերի խեղաթյուրման վրա: Նույն կերպ էլ այս անգամ Հրայր Թովմասյանն է վարվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` ԱԺ ամբիոնից հնչեցրած դիտարկմանը, թե ոչ ոք ոնց որ թե չնկատեց` «Ա1+»-ը ոնց եթեր վերադարձավ, ոչ ոք չի ասում, որ խոսքի սահմանափակումն անցյալ է դարձել», այսպես արձագանքեց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:
Պարոն Մովսիսյանն ասաց, որ «Ա1+»-«Արմնյուզ» հեռուստաընկերություններ հարաբերությունները հիմնված են բիզնեսի վրա ու մանրամասնեց. «Այստեղ խոսքը բիզնես հարաբերության մասին է, այդ ամենն ինքն աշխատում է շուռ տալ որպես կառավարութան առաջընթաց, կառավարության զենք «Ա1+»-ի հանդեպ, որ վերջապես մի փոքր ճեղքվածքից «Ա1+»-ը դուրս եկավ: Սա թյուրիմացություն է իրենց կողմից: Դա ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ, չի առնչվում կառավարության որևէ որոշման և միջամտության հետ: Եվ, ընդհանրապես, կառավարությունը մինչև այսօր էլ տեղյակ չէ այդ մասին: Իսկ Հրայր Թովմասյանը մինչև հայտարարություն անելը, գոնե պիտի պարզեր հանգամանքները, որովհետև «Ա1+»-ը աշխատում է «Արմնյուզի» հետ: Դա բիզնես պայմանավորվածություն է, ֆինանսական հարաբերություն «Ա1+» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների միջև»:
Մեր հարցին` ստացվում է, որ Հրայր Թովմասյանն ու կառավարությունը լավ որսացե՞լ են, թե «Ա1+»-ի հարցում ինչ կռվան գտնեն, պարոն Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Խեղդվող մարդը միշտ փրփուրներից է կախվում: Այս դեպքում իրենք աշխատել են օգտագործել անցյալն ու ներկան, դա ևս մեկ փորձ է փրկել իրենց վիճակը, սակայն որևէ մեկը որևէ լուրջ ռեակցիա այդ ամենին չտվեց, ինչպես նաև ես: Ես լսում էի Հրայր Թովմասյանին և հասկացա, որ արդեն հասել են աբսուրդի»:
Պարոն Մովսիսյանը, ելնելով պարոն Թովմասյանի մտքերի տրամաբանությունից՝ զրույցի վերջում հարց հղեց. «Ելնելով իր ասածից՝ ստացվում է, որ եթե այսօր վերջանա մեր պայմանագրային հարաբերությունը «Արմնուզի» հետ, ապա դա նորից նշանակում է, որ խոսքի ազատությունը վտանգվա՞ծ է, եթե Հրայր Թովմասյանը համարում է, որ հիմա այն անվտանգ պայմաններում է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ