2014 թվականի հունվարի մեկից 6.6 – 13%-ով կրճատվելու են փաստացի աշխատավարձերը: Դրանք գնալու են կուտակային ֆոնդ, որպեսզի մարդիկ ունենան բարեկեցիկ ծերություն: Բայց եթե օրենքը գործի՝ կհասցնի ահռելի մեծ վնասներ: Համենայնդեպս, այդպես են կարծում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանը եւ Հարություն Աղլամազյանը: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով այդ խնդիրներից, նախաձեռնության անդամներն ասացին. «Մարդիկ իբր թե 20-30 տարի հետո պիտի ստանան թոշակ, որը անհայտ է ինչպե՞ս են ստանալու: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ մարդկանց գումարներն ուղղակի կորել են: ԽՍՀՄ փլուզումից հետո ո՞վ է պատասխան տալու այդ գումարների կորստի համար: Բոլոր երկրներում կիրառվել է կամավորության սկզբունքով ու այն մարդկանց նկատմամբ, ովքեր նոր են աշխատաշուկա մտնում»:
Բանախոսները բերեցին Արգենտինայի, Լատվիայի, ՌԴ-ի օրինակները, որոնք Հայաստանից անհամեմատ զարգացած են եղել, երբ ներդրել են համակարգը, բայց, միեւնույն է՝ պարտադիր ներդրումը ունեցել է ձախողում:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին եւ անդրադառնալով Չիլիի օրինակին, որն անընդհատ վկայակոչում են կառավարության տարբեր ներկայացուցիչները, նախաձեռնության անդամները բերեցին ուսումնասիրություններ, համաձայն որոնց Չիլիում երեսունից-քառասուն հազար մարդ իրեն խաբված է համարում`նախկին համակարգով թոշակ ստացողների համեմատությամբ: Նաեւ ասացին, որ Չիլիում ևս աշխատաշուկա նոր մտնող մարդկանց համար է կիրառվել համակարգը: Բացի այդ, բանախոսները նկատեցին, որ այն ընթացքում, երբ Չիլիում կիրառվում էր համակարգը, այդ երկրի տնտեսությունը ծաղկում էր:
Նախաձեռնության անդամների համոզմամբ՝ օրենքը հակասում է Սահմանադրության միանգամից երեք հոդվածների: Մասնավորաբար, օրենքը կիրառվելու է նաեւ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա, մինչդեռ, ըստ Սահմանադրության նվազագույն աշխատավարձը չի հարկվում, իսկ այս օրենքով, փաստորեն, հարկվելու է:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նախաձեռնության անդամները գործատուներից արձագանքներ չունեն, բայց համոզված են, որ նրանք էլ ներքուստ դեմ են օրենքին: Թե երբ է նախատեսվում հաջորդ զանգվածային ակցիան, դեռ չեն կարող ասել`կքննարկեն եւ լրացուցիչ կտեղեկացնեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ