Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջապես ե՞րբ են երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարանային շենքերը կառուցվելու Կապանում

Նոյեմբեր 18,2013 11:41

Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում տարածաշրջանի երիտասարդ ընտանիքների համար պետք է կառուցվեր երեք շենքից բաղկացած բնակարանային համալիր՝ 335 բնակարանով:

2010 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել էր առաջին՝ 96 բնակարանով շենքի հիմնարկեքի արարողությունը: Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվելիք առաջին շենքի ապագա բնակիչների բնակարանների արժեքի 5 տոկոսի չափով գումար տրամադրեց՝ շինաշխատանքները սկսելու համար:

Ինչպես պատասխանատուներն էին տեղեկացրել՝ առաջին շենքի շինարարությունը պետք է ավարտվեր 2012 թվականի նոյեմբերին, սակայն 2013թ.-ի նոյեմբեր ամիսն էլ շուտով կվերջանա, բայց Կապանի լողավազանի տարածքի շինհրապարակում նույնիսկ շենքի առաջին հարկն էլ չի կառուցվել: Ավելին, նախկին հանգստյան գոտին միայն քանդված տարածքի է վերածվել, իսկ շենքի կառուցման աշխատանքներն էլ վաղուց դադարեցվել են: Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում գտնվող նախկին լողավազանի տարածքում փորված հիմքում էլ ժամանակ առ ժամանակ հարեւանությամբ հոսող Ողջի գետի ջրերն են լցվում, իսկ նման պայմաններում որեւէ շինարարություն անել ուղղակի հնարավոր չէ:

2011թ-ին, երբ անդրադարձել էինք խնդրին, շինարարություն իրականացնող «Ինթըրնեյշնլ Դիվելըմփմենթ ընդ Քոնստրաքշն» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանն «Առավոտին» փոխանցել էր, որ չէին ենթադրել ու նախատեսել, որ գետի մակարդակն այդքան կբարձրանա, ուստի աշխատանքները ստիպված ժամանակավոր դադարեցրել եւ այդ խնդրով պայմանավորված շենքի կառուցումը կավարտվի 2013թ.-ի սկզբին: «Շինարարությունն այստեղ նորից կմեկնարկի հուլիսի վերջերից, քանի որ այդ ժամանակահատվածում է Ողջի գետի հունը սկսում իջնել, իսկ հիմա այնտեղ գետի ջրերն են լցվում, հնարավոր չէ աշխատանքներ կատարել: Շենքի կոնստրուկցիաները փոխվել են, անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի հետագայում խուսափենք նման խնդիրներից: Հուլիսի վերջից աշխատանքները սկսելու դեպքում շենքը ամբողջությամբ կկառուցենք-կավարտենք միայն 2013 թվականի սկզբին»,- այն ժամանակ տեղեկացրել էր պարոն Հովհաննիսյանը:

Կապանցիներն իրենց դժգոհությունն էին հայտնել շենքի կառուցման վայրի ընտրության հարցում, շատերի սրտով չէր, որ քաղաքի լավագույն հանգստյան գոտի ծառայելու հնարավորություն ունեցող տարածքը պետք է վերածվեր բնակարանային համալիրի, առավել եւս, երբ ժամանակին այդ տարածքը վերանորոգելու եւ ջրավազանով հիանալի հանգստյան գոտի դարձնելու առաջարկով դիմել են տարբեր գործարարների:

Համալիրում բնակարան ձեռքբերելու համար այն ժամանակ 200-ից ավելի ընտանիք էր հերթագրվել, 50-ը՝ Քաջարան քաղաքից: Արդեն քանի տարի է թե՛ հերթագրված ընտանիքներին, թե՛ տարածաշրջանի բնակիչներին մտահոգում է բնակարանային համալիրի ճակատագրի հարցը: 2010թ.-ից մինչ օրս պատասխանատուներն ու իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով վստահեցրել են, որ շենքն անպայման կառուցվելու է, շինաշխատանքները ժամանակավոր են դադարեցվել, տեխնիկական խնդիրները լուծելուց հետո նորից կվերսկսվեն աշխատանքները:

Դեռեւս 2010թ.-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Կապանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, որ տարիներ ի վեր Կապանում բնակարանաշինության ծրագրեր չիրականացնելու արդյունքում մարդիկ թերահավատ են դարձել, բայց շենքի հիմքերը դնելուց հետո այդ անվստահությունը կվերանա: «Շենքերն առանձնանալու են լավ որակներով, մոնոլիտ-երկաթբետոնե կոնստրուկցիաներով, 9 բալ սեյսմակայունությամբ, ապահովված պետք է լինեն գազիֆիկացմամբ, շենքի մոտ նախատեսվում է կառուցել խաղահրապարակներ, ավտոտնակներ, փոքրիկ լողավազան, կլինի հանգստյան գոտի՝ բնակիչների համար եւ այլն: Այդպիսի թաղամաս Կապանում դեռ չկա»,- ասել էր Արսեն Քարամյանը:

Ծրագրի մեկնարկից արդեն 3 տարի է անցել, սակայն այդ տարածքում առայժմ միայն փոս է, ավազակույտեր ու հողակույտեր, ջրածածկ տարածք եւ բնակարանային համալիրի վերջնական տեսքը պատկերող գեղեցիկ ցուցապաստառ:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ներկայացրեցինք մեզ դիմած կապանցիների մտահոգությունը եւ փորձեցինք մարզպետից ստանալ բազմաթիվ կապանցիներին հուզող հարցի պատասխանը, թե վերջապես ե՞րբ է տեսանելի լինելու շենքի կառուցումը: Վահե Հակոբյանը նշեց, որ երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցման համար այժմ քննարկվում է այլ տարածք ընտրելու հարցը: <Առաջիկայում մարզ կայցելի Արսեն Քարամյանը, բնակարանային համալիրի համար նրան կառաջարկենք 4 տարբեր այլ տարածքներ, քանի որ ընտրված ներկայիս տարածքում շենքերի կառուցման համար դրենաժային համակարգը լրացուցիչ ծախսեր է պահանջում: Կներկայացնենք այդ տարածքները, կուսումնասիրվեն, կքննարկվեն այդ բոլոր տարբերակները, որոնցից մեկն էլ կընտրվի որպես այդ բնակարանների կառուցման վայր: Իսկ լողավազանի տարածքը նախատեսվում է դարձնել հանգստյան հարմարավետ գոտի, նույնիսկ նախնական ծրագրեր կան ձմռանն այդ լիճը սառցադաշտ դարձնել, որտեղ բնակիչները կկարողանան իրենց ժամանցն անցկացնել նաեւ ձմռան ամիսներին>, -ասաց Վահե Հակոբյանը:

Իսկ, թե երբ այս ամենն իրականություն կդառնա, կապանցիներին մնում է կրկին անորոշ ժամանակով սպասել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Անպրոֆեսիոնալիզմ: Ու բլեֆներ. հերթականը:

    Կապանում սկի մի հասարակ խմելու ջրի հարց 20 տարի է արդեն «չեն կարողանում» լուծել-շշերով ջրի մաֆիան բա ոնց՞ հարստանա: Քաղաքակիրթ երկրներում ու քաղաքներում ծորակից ԽՄԵԼՈՒ ջուր է գալիս,այլ ոչ ժանգոտած հեղուկ:

    Սյունիքը առևանգած հանքային մաֆիային ՄԻԱՅՆ իրենց աթոռն ու գրպանն է հետաքրքրում. ինչքան ՔԻՉ մարդ Կապանում,այնքան ուժեղ «նժդեհական» մաֆիա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930