«Շիրակ կենտրոն». Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և 3 տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում:Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժին թեև կորցրել է երկսենյականոց բնակարան, սակայն մինչև օրս փոխհատուցում չի ստացել:
Նրանց բնակարան պետք է հատկացնեին այն 420 բնակարաններից, որոնք ՀՀ բարձրագույն իշխանությունները անօթևան գյումրեցիներին խոստացել էին շահագործման հանձնել ընթացիկ տարում, սակայն ոչ միայն խոստացված բնակարանները չկառուցվեցին, այլև անգամ բնակարանաշինության մեկնարկը չտրվեց: Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ, տաք կոշիկներ ու աղջնակին խաղալիքներ տրամադրելու, ինչպես նաև նրանց ապրելակերպի մասին տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Սահրադյանների ընտանիքին: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» տեսանյութում: