Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդական մենախոսությունների պիկերը

Նոյեմբեր 18,2013 11:04

Շաբաթ եւ կիրակի օրերին ես երթեւեկում եմ տաքսիներով եւ լսում «ժողովրդի խոսքը»: Քանի որ մեր իշխանավորները տաքսի չեն նստում, նրանք այդ խոսքը լսելու հնարավորություն չունեն, թե չէ այդ մենախոսություններից ահագին բան կիմանան իրենց մասին: Չնայած ենթադրելի է, որ տաքսու վարորդները նրանց երեսին չէին ասի այն ամենը, ինչ ասում են ինձ, եւ հակառակը՝ նրանց գուցե կխնդրեին օժանդակել ինչ-որ մի հարցում:

Եվ այսպես, շաբաթ օրվա տաքսիստը ինձնից գոհ էր՝ «շատ լավ ես քլնգում, տո ես դրանց…»: Ակնհայտորեն իմ ընթերցողների մի մասը՝ համենայնդեպս նրանք, ովքեր կայքում եւ ֆեյսբուքում մեկնաբանություններ են գրում եւ հատկապես նրանք, ովքեր ապրում են արտասահմանում ու նպատակ ունեն ապացուցելու, որ Հայաստանը աշխարհի ամենասարսափելի երկիրն է՝ այդ ընթերցողները տվյալ տաքսիստի հետ համաձայն չեն. նրանք գտնում են, որ ես իշխանություններին «չեմ քլնգում», մի բան էլ՝ արդարացնում եմ, եթե քննադատում եմ, ապա շատ մեղմ կամ ձեւական, չեմ բացահայտում նրանց հանցագործ էությունը, ոմանք էլ կա՛մ ակնարկում են կա՛մ էլ ուղիղ են ասում, որ ես «ծառայում եմ ռեժիմին»;

Իմ զրուցակից տաքսու վարորդը, մի խոսքով, այդպես չէր կարծում, եւ երբ ես փորձում էի բացատրել, որ «քլնգելու» նպատակ չունեմ, պարզապես շատ զուսպ բառապաշարով խոսում եմ մեր բազմաթիվ խնդիրների մասին, նա ինձ այլեւս չէր լսում եւ կենտրոնացել էր իշխանությունների վրա՝ աղքատության, թալանի եւ արտագաղթի հայտնի մասին ձեւակերպումներով: Չկրկնեմ այն, ինչ ասվում է մոտավորապես 20 տարի՝ Արշակ Սադոյանը 90-ականներին, Զարուհի Փոստանջյանն եւ Նիկոլ Փաշինյանը այսօր դա ներկայացնում են շատ ավելի հարուստ գույներով:

Պարզապես նշեմ այս վարորդի մենախոսության «պիկերից» մեկը. «Բա էն Գալո՞ւստը. էդ մարդը, որ խոսում ա, ոնց որ ինձ ինադու ա ապրում»: Գիտի՞ արդյոք պարոն Սահակյանը, որ նման ընկալումը համատարած է: Վստահ եմ, որ գիտի եւ գիտակցաբար է իր խոսքին հատուկ ցինիզմ հաղորդում՝ ինձ անհայտ նպատակներով:

Կիրակի օրվա տաքսիստը հենց սկզբից ինձնից խնդրեց Պուտինի հեռախոսի համարը: Նա նպատակ ուներ զանգահարելու Վլադիմիր Վլադիմիրովիչին եւ խնդրելու, որ նա վերականգնի Խորհրդային միությունը կամ, վատագույն դեպքում, Հայաստանը ներառի Ռուսաստանի կազմի մեջ:

Բացի նախորդ մենախոսությունը կրկնող նույնաբովանդակ ավանդական բողոքներից, բաժին հասավ Պարույր Հայրիկյանին. «Տո այ շպիոն, առանց ռուսի դու ի՞նչ կարաս անես»:

Մյուս հետաքրքիր «պիկը» հետեւյալ հարցն էր. «Էն Ամալյանը սա՞ղ ա»: Երբ ես տեղեկացրեցի, որ ողջ-առողջ է եւ նոր պաշտոն է ստացել, որտեղ նույնպես, հավանաբար, հնարավորություն կունենա «ռուբիլնիկ քաշելու», վարորդը մեկնաբանեց. «Բա իհարկե պաշտոն կտան, իրանց սրած բիզն ա»:

Այս անգամ ոչ մի բան չէի ուզենա ամփոփել, վերլուծել կամ մեկնաբանել: Պարզապես հիշեմ Սուրբ գիրքը. ամեն մի խոսք կարող է ընկնել ճանապարհի եզերքին, ժայռոտ մի տեղ, փշերի մեջ եւ պարարտ հողի վրա: Թե իմ եւ ձեր խոսքը, եւ թե տաքսու վարորդներինը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ https://mr-virgoguy.blogspot.comից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930