Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Civilnet.am. Հրաժարվել մանդատներից և դուրս գալ փողոց

Նոյեմբեր 17,2013 14:55

ՍիվիլՆեթ. Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից: Ի սկզբանե էլ պարզ էր, որ նա որևէ քաղաքական հարց չի կարողանալու լուծել, բայց փողոցի ժողովուրդը, որը խորհրդարանական պայքարը չէր ընդունում, եթե այնտեղ ընդդիմությունը մեծամասնություն չունի, չորս ընդդիմադիր ուժերի ներկայությունը ԱԺ-ում 2012-ի հունիսին հանդուրժեց միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն դեռևս անիմաստության ներկայացուցիչներ չէին, դեռևս չէին դրսևորվել այս նստաշրջանում: Այսինքն, այս ընթացքը նրանց տրվեց անհատական դրսևորման համար:

Պետք է ասել, որ 5-րդ գումարման նստաշրջանի մեկուկես տարվա գործունեությունից ամենից շատ շահել է Նիկոլ Փաշինյանը: Նա միակ ընդդիմադիրն է, որին ձեռք չի տա ընդդիմադիրների բոյկոտը: Որովհետև ցանկացած քաղաքական ուժից անկախ նա կարող է դրսևորվել և ԱԺ-ն հենց այդ հրապարակային դաշտն է, որտեղ ընդդիմադիրի օրենսդրական գործունեությունը պակաս հրատապ է, քան՝ քաղաքականը: Նիկոլ Փաշինյանն ամբողջ ծավալով օգտվում է այդ հնարավորությունից: Քաղաքականը գործունեության միակ դաշտն է, որտեղ նրանք որպես փոքրամասնություն կարող էին լինել ջախջախիչ մեծամասնության՝ ՀՀԿ-ի մրցակիցը:

Մենք բոլորս տեսանք, թե ինչ դուրս եկավ այդ մրցակցությունից: Քաղաքական ընդդիմությունը խորհրդարանում ոչ օրենսդրական, ոչ էլ քաղաքական որևէ հարց չլուծեց, ընդդիմադիրների որևէ օրենսդրական նախաձեռնություն, որին գործող իշխանությունների մատը խառը չէր, չընդունվեց ԱԺ-ում: 2012-ին հասարակությունը մի կերպ մարսեց մանդատները չբոյկոտելու չորս քաղաքական ուժերի որոշումը, ենթադրելով, որ ներսից նրանք կարող էին ջլատել քաղաքական մեծամասնությանը: Ըստ էության՝ անիրականանալի բան էր, բայց հասարակությունը որոշեց, որ դա իր քարտ բլանշն է չորս քաղաքական ուժերին: Պարզ է, որ այդ խնդիրը չլուծվեց: Իսկ երբ չի լուծվում ու մանդատներից հրաժարվելու հարցն էլ չի հասունանում, փողոցում կուտակվում են հեղափոխական տրամադրություններ, մի տեղից ծլում է Շանթ Հարությունյանը ու տարերային շարժում է սկսում: Պարզ է, որ Շանթ Հարությունյանը նաև լիցքաթափում է այդ զանգվածին, բայց «բարեբախտաբար» նրան ձերբակալեցին, և ուրեմն, այդ զանգվածը շարունակելու է դուրս գալ փողոցներ:

Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը ևս պետք է դուրս գա փողոց: Նա խորհրդարանում անելիք չունի: Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ՀՀԿ-ական բոյկոտը ավելորդ դարձրեց խորհրդարանում որևէ ընդդիմադիրի ներկայությունը: Այն ֆիքսեց խորհրդարանում որևէ քաղաքական գործընթացի անիմաստությունը: Այն արդեն խորհրդարան չէ. հիմա ՀՀԿ-ն արդեն նույնիսկ բաց է խաղում, որը չկար մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախնական համաձայնությունը տալու և հետո մերժելու ժամանակ:

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930