Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը աղվերանյան սեմինարի ժամանակ այսօր ներկայացրեց «Գիտության ոլորտի զարգացման միտումներին ու խնդիրները 2008-2011թթ»: Նա նշեց, որ 2008 թվականից մինչ այսօր կառավարության եւ վարչապետի՝ երեսունից ավել որոշումներ են ընդունվել, որոնք համակարգաստեղծ են, իսկ մինչ այդ ընդամենը երկու-երեք փաստաթուղթ կար:
Գիտպետկոմի նախագահը հայտնեց, որ 2014 թվականին գիտական գերակայությունները կվերանայվեն ՝ նկատի ունենալով մեր տնտեսության զարգացման հնարավորությունները: Այժմ գերակայությունները սահմանված են վեց կետով: Հարությունյանը նշեց, որ հայագիտությունը առանձնացված է իբրեւ գերակայություն, կյանքի մասին գիտությունները եւս հատուկ առանձնացված են: Ի դեպ, գիտության ոլորտի բյուջեի կեսը «գնում» է Գիտությունների ակադեմիա: Գիտպետկոպի նախագահի փաստմամբ, մասնավոր հատվածը սկսել է գիտության մեջ ներդրումներ անել. «Որքան մասնավոր հատվածի մասնաբաժինը գիտության ոլորտում մեծ է, այդքան այդ երկիրը բարեկեցիկ է: Արդեն 17 ծրագիր ֆինանսավորվել է այդ սկզբունքով, նույնքան էլ կլինի գալիք տարվա հունվարից»: Սամվել Հարությունյանի խոսքով, մրցութային ծրագրերի քանակը աճում է, մեծ տոկոս է կազմում թեմատիկ ծրագրերի մասնաբաժինը, ինչը, նրա բնորոշմամբ. «Որոշ հիմնարկների ու անհատ գիտնականների կողմից հիացմունք է առաջացնում, որոշների՝ մոտ դժգոհություն»:
Դառնալով գիտական ծրագրերի փորձաքննությանը, բանախոսը կարծիք հայտնեց, որ այն բարելավվել է. «1500 էքսպերտներ ունենք, որոնցից 500-ը արտասահմանցի գիտնականներ են, կա վեց հանձնաժողով՝ եվրոպական դասակարգման համակարգի համաձայն»:
Ըստ գիտպետկոմի նախագահի, արդեն մեծ թիվ են կազմում գիտական գործուղումները՝ Վրաստանից մինչեւ Նոր Զելանդիա: Ստեղծվել է տվյալների հարուստ բազա՝ 29000 գիտնականի մասին, որոնցից 6000-7000-ը ողջ չէ, բայց ամեն ինչ նրանց մասին հավաքված է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ