Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Սորոսի» զեկույցում մեր պրոբլեմների վրա «ձեռք տաքացնելու» միտում կար»

Նոյեմբեր 17,2013 12:45

Աղվերանում  շարունակվող կրթական սեմինարի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադարձ եղավ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի բացմանը: Նախարարը նշեց, որ, Մոսկվայի համալսարանը մասնաճյուղեր ունի նաեւ  Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Շվեյցարիայում  եւ հետաքրքրված է Հայաստանով:

Արմեն Աշոտյանի ասելով, վերջերս կատարված այցի ժամանակ,  ռեկտորի հետ արդեն հստակեցվել են մանրամասները. «Մեր ցանկությունն է, որ հունվար ամսից մասնաճյուղի գոյությունը փաստ դառնա, այն կունենա չորս-հինգ ֆակուլտետ»:

Նախարարի ձեւակերպմամբ, այդ համատեքստում Հայաստանը հետաքրքիր կրթական հանգույց կարող է դառնալ տարածաշրջանում, ու իրենց մարքեթինգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է ավելի շատ «դրսի» ուսանողներ գան մոսկովյան բուհի մասնաճյուղում սովորելու: «Չեմ բացառում, որ որոշ բուհերի կողմից կլինեն դժգոհություններ, որովհետեւ նրանց պոտենցիալ դիմորդները կգնան Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ: Բայց մենք սպասարկում ենք գլոբալ շահ, եւ էականը կրթության որակն է»:

Նա հավելեց, որ ի հեճուկս չարակամների, այսօր Հայաստանի  նկատմամբ   եվրոպական բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերն անելու հետաքրքրություն կա: «Մենք հետաքրքիր ենք աշխարհի համար, ինչքան էլ Լարիսա Մինասյանի («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի տնօրենի) զեկույցը» այլ բան է ասում:

Ապա մանրամասնելով ասվածը՝ հավելեց. «Մենք կարդացել ենք «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով արված զեկույցը: Այդ հետազոտության մեջ ակնհայտ կողմնապահություն եւ պրոֆեսիոնալիզմի բացակայություն կա,  դիսբալանս կա իրականության եւ տրված գնահատականների միջեւ… Ճիշտ է, քննադատությունների մի մասը տեղին էին, բայց ընդհանուր առմամբ, գույները խտացված էին, դատողությունները՝ միակողմանի: Եվրոպական երկրների իննսուն տոկոսի մասին նույն զեկույցը կարելի է քոփի փեստ անել»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ԿԳ-ի իրենց պատասխանն այդ զեկույցին հետեւյալն  է. «Բոլոնիայի քարտուղարությունը աշխատացնելու ֆունկցիան 47 կրթության նախարար մեզ է վստահել: Մինչդեռ «Սորոսի» զեկույցում եղած պրոբլեմների վրա ձեռք տաքացնելու միտում կար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930