Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոսկու շանսեր դեռ պահպանում է:
Վարշավայում այսօր ավարտվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Նախավերջին՝ ութերորդ, տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2, խաղաց առաջատար Ֆրանսիայի ընտրանու հետ: Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեցին եւ միայն Սերգեյ Մովսիսյանն այս անգամ չկարողացավ օգտակար լինել թիմին:
Այսօր եզրափակիչ տուրում մեր տղաներն անչափ կարեւոր ու սկզբունքային պայքար ունեն ադրբեջանցիների հետ, որոնց հաղթելու դեպքում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու հավանականություն կա: Ըստ խաղատախտակների միմյանց հետ խաղալու են Լեւոն Արոնյանն ու Շախրիյար Մամեդյարովը, Սերգեյ Մովսիսյանն ու Թեյմուր Ռաջաբովը, Վլադիմիր Հակոբյանն ու Ռաուֆ Մամեդովը, Գաբրիել Սարգսյանն ու Գադիր Հուսեյնովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ