Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը հույս է հայտնել, որ Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթ կդառնա, արդեն իսկ այն անվանելով՝ «Այա Սոֆյայի մզկիթ»: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով «Դողան»-ին:
«Մենք կանգնած ենք Այա Սոֆյա մզկիթի կողքը… մենք նայում ենք տխուր Այա Սոֆյային, բայց հույս ունենք, որ շուտով կտեսնենք նրան ժպտալուց», – տաճարին կից գորգերի թանգարանի բացման ելույթում ասել է Արընջը: Նա նշել է, որ Թուրքիայում նույնանուն երկու կառույցներ վերջերս վերափոխվել են մզկիթի: «Վերջերս մենք նույնանվամբ երկու մզկիթ ենք վերաբացել, մեկը Իզնիքում (Նիկեա), մյուսը` Տրապիզոնում: Դրանք արդեն մզկիթ են, բայց օգտագործվում էին այլ նպատակներով», – ասել է նա՝ նկատի ունենալով այդ երկու քաղաքների Սուրբ Սոֆյայի եկեղեցիները:
Տրապիզոնինը, ինչպես Ստամբուլինը, գործում էր որպես թանգարան, իսկ Նիկեայինը՝ նախատեսվում էր, որ վերանորոգումից հետո նույնպես թանգարան կլինի: Վերջին տարիներին Ստամբուլի Սուրբ Սոֆյայի կարգավիճակը բուռն քննարկումների առիթ է դարձել: Մի շարք մահմեդականներ պահանջում են, որ քրիստոնեական եկեղեցին բացվի որպես մզկիթ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ