Երիտասարդության եւ ուսանողության միջազգային տոների առիթով այսօր «Դինամո» մարզադահլիճում կայացած «Ուսանողներ» թիմի հետ հանդիպումից առաջ «Երիտասարդ քաղաքական, պետական գործիչներ» թիմի անդամ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ինչպես քաղաքականությունում, այնպես էլ ֆուտբոլում թիմային մտածողություն է ձեւավորված: Եթե դու սխալվում ես, ընկերդ պիտի հասցնի սխալդ ուղղել, որպեսզի քո դարպասը գոլ չխփեն: Եվ կարեւորն այն է, որ երկու տեղում էլ խաղում ենք, ոչ թե ընդդեմ մեկի, այլ՝ հանուն»:
Հարցին, թե ի՞նչ կարծիքի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մասին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Ես Հայաստանի հավաքականի եւ հայկական ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Դեռ ուսանողական տարիներին հաճախում էի ոչ միայն հավաքականի խաղերին, այլեւ մարզումներին: Մենք այսօր եվրոպական մակարդակի հավաքական ունենք, որով ամեն վայրկյան հիանում եմ: Հպարտանում եմ, որ ունենք եվրոպական մակարդակի աստղերի եռյակ՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի եւ Դորտմունդի «Բորուսիայի» լիդեր Հենրիխ Մխիթարյանի, որը, հավատացած եմ, «Բավարիայի» հետ խաղում գոլ է խփելու եւ հաղթելու է»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե լինելով ԱԺ փոխնախագահ, աշխատանքով ծանրաբեռնված, այսօր սպորտով զբաղվելու հազվագյուտ առի՞թ է. «Ոչ: Ես ամեն օր նախավարժանք եմ անում, դրա համար էլ միշտ լավ մարզավիճակում եմ: Իսկ շաբաթվա մեջ երկու օր մարզադահլիճում ֆուտբոլ եմ խաղում», – պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ