Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը այսօրվա կրթական սեմինարի ժամանակ անդրադարձավ բուհական ինքնավարությանն ու որակի ապահովմանը: Նա նշեց, որ բուհերը ցանկանում են լինել ինքնավար: Դրա համար, ՈԱԱԿ-ի տնօրենի ասելով, բուհը պետք է կարողանա մշակել բուհին հատուկ ռազմավարություն, մի բան, ինչը, նրա կարծիքով ոչ բոլոր բուհերը ունեն: Բուհը ցանկանում է ինքնուրույն ծախսել գումարները՝ նախօրոք պլանավորված բյուջեի սահմաններում, շուկայի պահանջներին համապատասխան ծրագրերի ազատություն, ակադեմիական եւ այլ ազատություններ ունենալ, որակի վերահսկման եւ բարելավման համակարգ: Սրա կողքին, կառավարությունն էլ պահանջում է, որ բուհը հետեւի ազգային քաղաքականությանը, արժեւորի դրամը, իրականացնի արդյունավետ կառավարում եւ վարչարարություն:
ՈԱԱԿ-ի տնօրենը նշեց, որ ունեն դրա «դեղատոմսը». «Բուհին առաջարկում ենք կատարել ինքավերլուծություն. ինչքանո՞վ է արդյունավետ եւ ինչքանո՞վ է պետության պահանջներին համապատասխանում: Բուհը պետք է վերլուծի մասնագիտական, կրթական ծրագրերը, մատուցած ծառայությունները, պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպիսի՞ն են ռեսուրսները, հասարակական պատասխանատվությունը, արտաքին կապերը եւ այլն… Եթե բուհին տալիս ենք ինքնավարություն, պիտի լինի նաեւ մեխանիզմ, որը վերահսկի այդ ամենը: Մեր գործունեության հիմքում դրված մեխանիզմը ինքնավերլուծությունն է… Բոլոր կետերով բուհը պետք է ասի, թե ինչ է փորձում անել հաստատությունը, ինչպե՞ս է դա փորձում անել, ինչպե՞ս է հաստատությունը իմանում, որ իր մտադրվածը իրականանում է: Եվ մյուս կետը՝ ինչպե՞ս է հաստատությունը փոխվելու, որ բարելավվի»:
Ռուբեն Թոփչյանը համոզված է, որ հայաստանյան բուհերը ավելի շատ սովոր են հաշվետվությանը, քան վերլուծությանը:
Aravot.am-ը վկայակոչելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույցում նշված այն կետը, թե ՈԱԱԿ-ը չի կարող նպատակին ծառայել, որովհետեւ նրա խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, որը մեկ այլ բուհի (Մանկավարժական համալսարանի) խորհրդի նախագահն է, պարոն Թոփչյանից մեկնաբանություն խնդրեց այս մասին:
Կարդացեք նաև
«Ես անգամ այդ կազմակերպության տնօրենին ասել եմ՝ իսկ հարցը կլուծվի՞, եթե վարչապետը չլինի խորհրդի նախագահ…Վարչապետը ինձ երբեք հարց չի տվել, թե ինչպես է մանկավարժականը, ի՞նչ կարող ենք անել մանկավարժականի համար»: Նաեւ հավելեց. «Մեր գործունեությունը գնահատած եվրոպական կառույցները եւս խորհուրդ են տվել, որ եթե պահանջ ունի երկիրը, որ վարչապետը պիտի լինի ՈԱԱԿ-ի խորհրդի նախագահ, ապա դա պետք է լինի ընտրովի: Ի դեպ, Շվեդիայում, Բուլղարիայում էլ բարձրաստիճան պաշտոնյաները խորհուրդների նախագահներ են»: Պարոն Թոփչյանը չբացառեց, որ այնուամենայնիվ, այդ պարագայում կա շահերի բախում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ