Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետի տան մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ճարտարապետների միության հերթական՝ 18-րդ համագումարը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը. «Պետք է ասեմ, որ համագումարից համագումար մենք առաջընթաց ենք գրանցում: Մենք կառուցում ենք գեղեցիկ քաղաք: Դուք չեք պատկերացնում, թե ինչ մեծ ոգևորությամբ եմ ես քայլում, ասենք, Բաղրամյան փողոցով»:
Ողջունելով ճարտարապետներին և արժևորելով հայկական ճարտարապետությունը՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց. «Տարիներ առաջ Երևանում էր Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը: Քաղաքապետարանի շենքն ուսումնասիրելուց հետո նա իր մոտ կանչեց իր առաջին տեղակալին և ասաց՝ զանգ տուր մերոնց, թող գան տեսնեն՝ ինչպես կարելի է ստեղծել, ինչը ինչպես է պետք կառուցել: Սրանից ավելի լավ գնահատական չէր կարող լինել, կարծում եմ, և մենք պարտավոր ենք գալիք սերունդներին թողնելու այն, ինչ թողել են մեզ ճարտարապետության մեր հայրերը»:
Կարդացեք նաև
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Այնուհետև հաստատվեց օրակարգը՝ միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հաշվետվություն, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, կանոնադրական փոփոխությունների հաշվետվություն և ընտրություններ:
Հայաստանի ճարտարապետների միությունն ունի 676 անդամ, որոնցից 32-ը 1992 թվականից չեն եկել միություն, այդ պատճառով որոշվեց նրանց զրկել անդամությունից: 180-ից ավելի ճարտարապետներ էլ ապրում են դրսում: Արդյունքում՝ ընտրության իրավունք ունեցողների թիվը դարձավ 438, որից համագումարին ներկա էին 230-ը, 50%-ից ավելի, և ընտրությունը կայացավ:
Համագումարը որոշեց բաց քվեարկել: Առաջադրվեցին գործող նախագահ Մկրտիչ Մինասյանի, Ալեքսանդր Բադալյանի, Սաշուր Քալաշյանի և Նունե Չիլինգարյանի թեկնածությունները, սակայն Ա. Բադալյանը, Ս. Քալաշյանն ու Ն. Չիլինգարյանը ինքնաբացարկ հայտարարեցին, և Հայաստանի ճարտարապետների միության նախագահ վերընտրվեց Մ. Մինասյանը:
Մկրտիչ Մինասյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ միայն լավ փոփոխություններ: Նա իր խոսքում նաև վրդովմունք արտահայտեց այն առթիվ, որ վերջերս հաճախ ենք լսում, թե մեզ պե՞տք են արդյոք ստեղծագործական միությունները: «Դա այնքան տարօրինակ հարց է, որ երբեմն ինձ թվում է, թե նման հարց բարձրացնողները խախտում են (ես չեմ վախենում այդ բառից) պետության հիմքերը: Միություններին վերաբերվում են որպես գյուղական ակումբների, և, բնականաբար, միությունները որքան էլ ջանք թափեն, ապարդյուն է, որովհետև դրանց ի սկզբանե տրված է ակումբային դերակատարում»,- ասաց նա:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ՀՃՄ-ն մեծ դեր է խաղացել այն հարցում, որ մարդիկ պայքարում են հասարակական տարածքների պահպանման համար, և հավելեց. «Փակ շուկան մեր ամոթն է ու խայտառակությունը, մենք անզոր գտնվեցինք այն պահելու համար: Փչացրեցինք այդ արժեքը և համարյա հավասարեցրինք ծխախոտի կրպակի հետ: Դա շատ տխուր բան է, և դա չհասկանալն էլ է տխուր: Ուրախալի է, որ Զվարթնոցի հին շենքի համար պայքարում ենք և կշարունակենք պայքարել, որովհետև քանդելու մեջ առհասարակ որևէ տրամաբանություն չկա: Քանդելով ո՞ւր պիտի հասնենք»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ