Խոր ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 16-ի առավոտյան կյանքի 76-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը: Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդն ու Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասը սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը: Հանգուցյալ Սրբազանի աճյունը նոյեմբերի 18-ին` ժամը 17:30-ին կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժ. 18:00-ին կկատարվի եկեղեցու կարգ: Նոյեմբերի 19-ին, ժ. 10:30-ին, հընթացս Սբ. Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը: Արսեն Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
Յիշատակ արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ
Լուսանկարը՝ Panarama.am-ի