Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը հիմնավորում է՝ ինչու՞ է դադարեցվել փաստաբանի գործունեությունը

Նոյեմբեր 16,2013 18:25

Հայաստանի Փաստաբանների պալատի տարածած 11.11.2013թ. հաղորդագրության մեջ հայտնել էինք, որ դադարեցվել է Արթուր Շավարշի Սարգսյանի փաստաբանի գործունեության արտոնագիրը նախաքննական մարմնի հետ համագործակցելու համար: Այժմ ներկայացնում ենք այն հիմնավորումները, որոնք Փաստաբանների պալատի խորհրդին հիմք են տվել որոշում կայացնելու Արթուր Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

24.06.2013թ. ՀՀ Փաստաբանների պալատ է ստացվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Շահնուր Ավետիսյանի դիմումը, որով վերջինս հայտնել է որ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրեն ձերբակալելու պահից որպես իր պաշտպան է մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Սարգսյանը, ով գործին ներգրավվել է գործը քննող քննիչի և հսկող դատախազի հրավերով` առանց իր կամ իր հարազատների համաձայնության:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի 28.06.2013թ.  թիվ 83-Ա/ԿԳ13-014 որոշմամբ փաստաբան Արթուր Սարգսյանի նկատմամբ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի խախտման հատկանիշներով հարուցվել է  կարգապահական վարույթ:

Կարգապահական գործի նախապատրաստման արդյունքում 30.08.2013թ. կազմվել է եզրակացություն, համաձայն որի փաստաբան Արթուր Սարգսյանի կողմից թույլ է տրվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում:

2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի նիստում քննարկվել է փաստաբան Արթուր Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Քննարկման արդյունքում Պալատի խորհուրդն ուսումնասիրելով կարգապահական գործում առկա փաստաթղթերը, լսելով նիստին հրավիրված փաստաբան Արթուր Սարգսյանի բացատրությունները, եկել է այն եզրակացության, որ վերջինիս կողմից թույլ է տրվել Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 3.1.9 կետով նախատեսված խախտում, այն է` որպես Շահնուր Ավետիսյանի պաշտպան գործին ներգրավվել ու մասնակցել է, ընդունելով վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունը:

Բացի այդ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առել նաև փաստաբան Արթուր Սարգսյանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը` վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից և գտել, որ փաստաբան Արթուր Սարգսյանն իր վստահորդ Շահնուր Ավետիսյանին ցույց չի տվել բավարար իրավական օգնություն, որպիսի արարքը վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունն ընդունելու հետ համակցության մեջ հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի  10-րդ, 39-րդ, 39.6-ից 39.9-րդ հոդվածների, Պալատի կանոնադրության 16.26 կետի պահանջներով, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Արթուր Սարգսյանի արտոնագրի գործողությունը:

 

 

Հ.Գ.

Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի համաձայն. «Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն:  

Եթե փաստաբանը չկարողանա ապացուցել, որ քրեական գործով պաշտպանության համար իրեն է դիմել վստահորդը կամ նրա հանձնարարությամբ այլ մասնավոր անձ, ապա Պալատի խորհուրդը կարող է հաստատված համարել այն փաստը, որ փաստաբանը քրեական գործով վարույթում է հայտնվել նախաքննության մարմնի պատվերով:

Պալատի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև փաստաբանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը` վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից: Փաստաբանի կողմից նախաքննության մարմնի պաշտոնատար անձի հանձնարարությամբ (առաջարկությամբ) գործին ներգրավված լինելու և վստահորդին բավարար իրավական օգնություն ցույց տված չլինելու արարքների համակցությունը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում»: 

 ՀՀ Փաստաբանների պալատի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930