Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցությունը

Նոյեմբեր 16,2013 17:37

2 (80) Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային  զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համալրումը հանդիսանում է պաշտպանական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։ Նախարարը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա։

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անդրադառնալով 2013 թ. ամառային  զորակոչի արդյունքներին և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց զորակոչի թե դրական դրսևորումները, թե արձանագրված որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչի ընթացքում առաջադրված խնդիրները կատարվել են, Յու. Խաչատուրովը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ, անդրադարձավ զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ` նիստի ընթացքում քննարկվեցին երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հանրակրթական հաստատություններում ֆիզիկական պատրաստություն առարկայի դերի բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև զորակոչային գործընթացի թափանցիկությանն ու արդարության սկզբունքի պահպանմանն առնչվող մի շարք հարցերի:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի հստակ կազմակերպման և անցկացման առումով տվեց  նաև որոշ ցուցումներ, որոնց ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն:

Խորհրդակցության ավարտին ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, պատասխանատու այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ և զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930