Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դպրոցներում հնարավոր է հայոց լեզու անցնեն

Նոյեմբեր 16,2013 17:22

ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը այսօր շարունակվող «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության կարեւոր սկզբունքներ» խորագրով սեմինարի ժամանակ  ներկայացրեց իրենց վարչության աշխատանքի սկզբունքները: Ասաց, որ սերտորեն համագործակցում են ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների ու կառույցների հետ: Վարչության պետի տեղեկացմամբ, ավելի քան երեսուն երկրի հետ միջպետական համաձայնագրեր կան, ընթացիկ տարում շուրջ հինգ միջպետական համաձայնագիր եւ հուշագիր է ստորագրվել, վերջինը՝ Հորդանանի հետ:  Խոսելով կրթաթոշակային ծրագրերի մասին, պարոն Սահակյանը նշեց, որ դրանք հաճախ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է արտերկրում սովորել անձնական նախաձեռնությամբ, դիվանագիտական կառույցների կողմից հայտարարված մրցույթով, ԿԳ նախարարության հետ իրականացվող միջազգային համաձայնագրերով: Նա հավելեց, որ կրթաթոշակային ծրագրերի հետ կապված բոլոր հայտարարությունները պարտադիր տեղադրվում են ԿԳ նախարարության edu.am կայքում: Սահակյանի խոսքով, ուսանողների կողմից ամենաշատ տրվող հարցերը վերաբերվում են կրթաթոշակային ծրագրերի ֆինանսավորմանը, որոշ երկրների պարագայում ուսուցումն անվճար է, որոշները տրամադրում են կրթաթոշակ եւ հանրակացարան: Օրինակ՝ Չինաստանն ու Ռուսաստանը տրամադրում են եւ՛ անվճար ուսուցում, եւ՛ կրթաթոշակ, եւ՛ կեցության հարցն է ապահովում, Լեհաստանի պարագայում միայն անվճար ուսուցում է առաջարկվում: Ներկայումս Եգիպտոսում եւ Սիրիայում դադարեցվել են կրթաթոշակային ծրագրերը, եկող տարի պայմանավորվածություն կա ուսանողներ ուղարկել Լիտվա:

Ինչ վերաբերում է օտարերկրացիների ընդունելությանը հայաստանյան բուհեր, Տիգրան Սահակյանի ասելով, դա արվում է մատչելի, բայց որակյալ կրթություն սկզբունքով:

Տարեկան  1100-1200 օտարերկրյա ուսանող է սովորում Հայաստանում՝  մասնավորապես Հնդկաստանից, Սիրիա, Ռուսաստանի Դաշնությունից:  Արտասահմանցի ուսանողներ կան բոլոր բուհերում շուրջ՝ 20 երկրներից:

Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի ստեղծման ծրագիր կա՝ 103 դպրոցի հիմքի վրա: Նախատեսվում է ռուսերենի, անգլերենի, արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցներ կառուցել՝ գործընկեր երկրների ներդրումներով, նաեւ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացել Հայաստանում: Սլավոնական համալսարանը գործունեության նոր պայմանագիր կստորագրի, նրան կտրամադրվի ազգային հետազոտական կարգավիճակ:

Տիգրան Սահակյանը նշեց, որ քննարկման փուլում է համաձայնագիրը, ըստ որի, հայերենը իբրեւ պարտադիր առարկա կուսուցանվի ՌԴ բոլոր հայաշատ վայրերում: ԿԳ նախարարությունը առաջարկում է, որ հայոց լեզու անցնեն երկու հանրակրթական դպրոցում՝ Մոսկվայում, մեկական՝ Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կրասնոդարում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930