Նոյեմբերի 15-17-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Աշխատանք համայնքների հետ» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվա, Կալուգա և Տուլա քաղաքներում, մասնակցում է համայնքների հետ հանդիպումներին:
Հանդիպումները կազմակերպվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:
Նոյեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն, հանդիպում ունեցել դեսպան Օլեգ Եսայանի և դեսպանության աշխատողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, հետագա համագործակցության հեռանկարները:
Նույն օրը Մոսկվայի հայկական վանական համալիրի Սուրբ Պայծառակերպություն նորաբաց եկեղեցու հանդիսությունների սրահում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց համայնքի ղեկավարների և ավելի քան 500 ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Ողջունելով ներկաներին՝ նախարարը բարձր գնահատեց Սփյուռքի ամենահայաշատ համայնքներից մեկի՝ Մոսկվայի հայ համայնքի՝ հայապահպանությանն ուղղված աշխատանքը և ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյա գործունեության արդյունքները, իրականացրած ծրագրերն ու առաջիկա անելիքները: Այնուհետև նախարարը պատասխանեց ներկաների հարցերին: Ներկայացվեցին համայնքում առկա հիմնախնդիրները, տեղի ունեցավ երկուստեք հետաքրքրող հարցերի քննարկում :
Ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի հայ համայնքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանից ժամանած արվեստագետների խումբը ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի գլխավորությամբ ներկայացրեց «Կոմիտաս՝ հավերժի ճամփորդ» բեմադրությունը, որը ներկաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ:
Նույն ծրագրով նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 16-ին հանդիպում կունենա` Կալուգա, իսկ 17-ին` Տուլա քաղաքներում:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն