Նոյեմբերի 16-ին Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կոլեգիան կազմակերպել էր ընդլայնված նիստ, որին մասնակցեցին ՔՀԿ-ների և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Հանրային խորհուրդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2012 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացրել էր 2011-2012թթ ընթացքում ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի մշակած «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգ» նախագիծը՝ կառավարության քննարկմանն ու հաստատմանն առաջարկելու խնդրանքով:
Սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը չի հաստատել՝ ներկայացնելով պատճառաբանություն, որ այն «վերջնական լրամշակման և խմբագրման արդյունքում զգալի մասով կկրկնվի» արդարադատության նախարարության կողմից 2013թ մայիսին շրջանառված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգ» նախագծի դրույթները:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ հայեցակարգը ներկայացրել են շուրջ 20 կազմակերպությունների, որոնցից դրական արձագանք են ստացել, այդ կազմակերպություններից 6-ը խմբագրական դիտողություններ են արել: Պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդպիսի արձագանքներից հետո, արդարադատության նախարարության արձագանքը իրենց մոտ տարակուսանք է առաջացրել:
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը իր խոսքում նշեց, որ ՀԽ հայեցակարգը հանդիսանում է արդարադատության նախարարության կողմից ընդունված հայեցակարգի աղբյուրներից մեկը.
«Կառավարությունը չի կարող հիմք ընդունել բացառապես Հանրային խորհրդի կողմից ներկայացված հայեցակարգը: Եվ համապատասխանաբար մշակման հիմքում դրել է ինչպես այս հայեցակարգը, այնպես էլ տարբեր այլ կարծիքներ, տարբեր այլ մեկնաբանություններ, տարբեր այլ մոտեցումներ»:
Արամ Օրբելյանի խոսքերով՝ ոչ մի պայմանավորվածություն սահմանված չի եղել, որ նախարարությունը կամ կառավարությունը պարտավոր են ընդունել հայեցակարգը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ