President.am Նախագահը ողջունել է բարեկամ Ուրուգվայի կառավարության անդամ մեր հայրենակցին Հայաստանում, նշելով, որ մեծ հպարտություն է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման բարձր պաշտոններում: Նախագահի համոզմամբ, դա լավագույնս վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվորեն ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում: Նախարար Քեշիշյանին հայաստանյան այցի ընթացքում ուղեկցում է Ուրուգվայի մեկ այլ հայազգի պաշտոնյա՝ Մոնտեվիդեոյի տարածաշրջանային տնտեսական զարգացման և ինտեգրման գործակալության զբոսաշրջության գծով տնօրեն Րաֆֆի Ունանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության և սպորտի, հայ-ուրուգվայական համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահը հույս է հայտնել, որ այդ ոլորտում Լիլիամ Քեշիշյանի ունեցած երկարամյա փորձն ու այցի ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ներուժի մասին նրա ստացած տեղեկությունները կնպաստեն երկու երկրների միջև այդ ոլորտում ակտիվ փոխգործակցության զարգացմանը:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել Հայաստանի անկախացումից հետո հայ-ուրուգվայական հարաբերությունների կայուն բարեկամական ոգով զարգացման համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է համագործակցության խթանմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Կարդացեք նաև