Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ուսանողները դժգոհ մագիստրատուրայի պարապուրդից

Նոյեմբեր 16,2013 14:01

Բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն այսօր Աղվերանում շարունակվող «Թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կարեւոր սկզբունքներ» խորագրով սեմինարի ժամանակ անդրադարձավ բարձրագույն կրթության զարգացման միտումներին:

Ռոբերտ Սուքիասյանը նշեց, որ մինչեւ տարեվերջ փորձնական ծրագիր կիրականացվի՝ Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի ստեղծումը: Շուտով առաջին արդյունքերը կներկայացվեն: Ընդ որում, արվեստի բուհերը առանձնացված կլինեն առանձին արդյունքներով: Ճշգրտումներից հետո 2014-ից համակարգն ամբողջապես կգործարկվի: Առաջիկայում կավարտվի նաեւ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի գործարկումը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, վարկանիշավորման համակարգի ստեղծումը ինչ-ինչ հետեւանքներ կունենա՞ բուհերի ռեկտորների վրա:

«Յուրաքանչյուր գործիք ունենում է իր հետեւանքը: Սովորաբար Հայաստանում դիմորդը ծանոթներից է հետաքրքրվում թե որ բուհն է լավը, ազգային վարկանիշավորման համակարգի պարագայում տվյալները բաց կլինեն, դիմորդը կկարողանա իրեն հուզող պատկերը ինքնուրույն ստանալ, թափանցիկության մասով զգալի տեղաշարժ կլինի»,- ասաց Ռոբերտ Սուքիասյանը:

ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանն էլ հավելեց. «Ի վերջո աշխարհում կան որակավորման համակարգեր, դրանք որեւէ վարչական հետեւանք չեն կարող ունենալ բուհի վրա, նման վարկանիշը առաջին հերթին հասարակական ընկալումն է, կարծիքը»:

Փոխնախարարը նշեց, որ վարկանիշավորման կարեւոր ցուցանիշ է համարվում, օրինակ այն, թե բուհի շրջանավարտների քանի՞ տոկոսն է աշխատանքի ընդունվում: Այս առումով առաջատարը Հարվարդի համալսարան է, իսկ դասախոսների գիտական մրցանակների թվով՝ Քեմբրիջի համալսարանը:  Տիկին Հարությունյանը նաեւ հայտնեց, որ վարկանիշավորման համակարգը, ոչ ուղղակի  այնուամենայնիվ հետեւանքներ կունենա, օրինակ՝ ֆինանսական:

Պատասխանելով մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ է արվում, որ մագիստրատուրան ժամանակի կորուստ եւ պարապուրդ չընկալվի ուսանողների կողմից, Ռոբերտ Սուքիասյանն ասաց, թե նախարարության հետազոտությունները ցույց են տվել, որ ուսանողները հիմնականում դժգոհ են մագիստրոսական ծրագրերից, չնայած կան նաեւ հաջողված մագիստրոսական ծրագեր: «Ուսանողները սովորաբար  դժգոհում են, որ  նույն կրթական ծրագիրը, նույն դասախոսին ու նույն գրատախտակը հանդիպում են նաեւ մագիստրաւորայում: Բակալավրիատում եւ մագիստրատուրայում ամեն ինչ կրկնվում է, դասախոսը ինչ ունի, տրամադրում է, իսկ մագիստրատուրա հասնելով այլեւս բան չի ունենում ասելու: Դրա համար հաջորդ տարվանից վերանայվելու են մասնագիտությունները: Նեղ մասնագիտությունները պետք է տեղափոխվեն մագիստրատուրա»,-հայտնեց Բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության պետը:

Ինչ վերաբերում է պատկերավոր ասած, հիսուն տարվա դասախոսություններով, առանց համակարգչային տարրական գիտելիքների լսարան մտնող դասախոսներին, այս մասին էլ պարոն Սուքիասյանն ասաց. «Բուհերը անհանգստացած են, փորձում են տարբեր գործիքներ կիրառել, բնականաբար չենք կարող հաշվի չառնել դասախոսի վաստակը, դա ոչ հեշտ աշխատանք է: Բոլոր բուհերի ուշադրության կենտրոնում է սերնդափոխությունը,  նոր տեխնոլոգիաների կիրառումը: Բուհերը փորձում են որոշակի խրախուսման չափանիշներ դնել՝ օրինակ լրացուցիչ հոնորարը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930