Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն կպահի՞ խոստումը

Նոյեմբեր 16,2013 14:56

Քաղաքական ուժերը դեռ չգիտեն, թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու Վիլնյուսում

Խորհրդարանական հանձնաժողովներում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրելու Հայաստանը ԵՄ-ի հետ, ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ վիլնյուսյան գագաթնաժողովից առնվազն տասն օր առաջ արդեն որոշակիորեն հստակ կլինի Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ են այդ փաստաթղթից, ծանո՞թ են նրա բովանդակությանը, բացասական պատասխաններ տվեցին՝ հիշեցնելով նաեւ նախկինից օրինակներ, երբ պաշտոնական փաստաթղթերն «անհասանելի» են լինում քաղաքական ուժերի համար: Իշխող քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի միակ տարբերությունն ընդդիմադիրներից այն էր, որ վերջինս չդժգոհեց ու չբողոքեց իր անտեղյակությունից: Ավելին, ինչ-որ բառակույտերով լցրեց լրագրողների ականջները՝ թաքցնելու համար նաեւ իր անտեղյակությունը եւ տպավորություն ստեղծելով, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ է ինքը, թե ի՞նչ փաստաթուղթ պետք է ստորագրվի Վիլնյուսում, ասաց. «Բոլորս էլ գիտենք, որ այն փաստաթուղթը, որը նախապատրաստվել էր, որի վրա աշխատել էինք, որպես այդպիսին, այլեւս չի կարող ստորագրվել: Պատկան մարմինները, այն անձինք, ովքեր իրավասու են՝ նաեւ ի դեմս պարոն Զոհրաբ Մնացականյանի, աշխատում են այդ փաստաթղթի վրա եւ մինչեւ վիլնյուսյան գագաթնաժողովը որոշակի տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի»: Ընդհանրապես, վերլուծելով գործընթացների տրամաբանությունը, ՀՀԿ-ական պատգամավորը մեկ անգամ եւս համոզվել է, որ Հայաստանն ի սկզբանե ճիշտ էր իր որոշման մեջ, եւ ամեն ինչ արվում էր ի շահ հանրության ու պետության: Նա փաստում է, որ ի հեճուկս իրենց ընդդիմախոսների՝ այսօր արդեն հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանի ինտեգրումը եվրոպական ընտանիքին տապալված չէ ու փակուղում էլ չէ. «Կա շարունակություն, կա համագործակցություն առնվազն այն կետերի շուրջ, որոնց մասին մենք խոսել ենք՝ քաղաքական կոնսուլտացիաներ, բարեփոխումներ, կառավարման համակարգի ծրագրային եւ համակարգված բարեփոխումների շարունակականություն»:

Հովհաննես Սահակյանը նաեւ շտապում է հիասթափեցնել ՀՀԿ-ի ընդդիմախոսներին՝ Հայաստանի մեկուսացման մասով նրանց ահազանգերը եւս սին որակելով:

Հովհաննես Սահակյանին խնդրեցինք կարծիք հայտնել այն երկընտրանքի մասին, որի առջեւ, փաստորեն, այսօր Ուկրաինան էլ կանգնեց՝ Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրոպական միություն. արդյոք Ուկրաինան կստորագրի՞ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ հնարավոր զարգացումներ կհետեւեն դրան, եւ ի՞նչ անդրադարձներ դրանք կունենան Հայաստանի վրա: «Ես չէի ցանկանա մեր եւ Ուկրաինայի համատեքստերն իրար խառնել: Յուրաքանչյուր պետություն իր հաշվարկներն ի շահ իր ժողովրդի է կատարում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ Ուկրաինան եւ իրավական, եւ գործնական առումներով միանգամայն այլ հարթության մեջ էր, ու այն մեկտարյա աշխատանքը, որն այդ երկիրը տարել է համաձայնագրի ստորագրման համար, ավելի լուրջ եւ հիմնավորված է: Թե ինչո՞ւ Ուկրաինան կանգնեց երկընտրանքի առջեւ, ինչո՞ւ են այդ երկրի նախագահն ու վարչապետը հակասական հայտարարություններ անում, եւ ի՞նչ կլինի Վիլնյուսում, Հովհաննես Սահակյանը համարում է այդ երկրի խնդիրը: Նա փաստում է, որ Հայաստանն առավել հաշվարկված եւ հավասարակշռված որոշում կայացրեց՝ ելնելով իր ամբողջական շահերից՝ տարածաշրջանային զարգացումների, ԼՂ խնդրի, ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության եւ տնտեսական: «Դրա համար մեկը մյուսի հետ կապել կամ այսօր ինչ-ինչ հայտարարություններ անել, կարծում եմ՝ մի քիչ շտապողականություն ենք դրսեւորում: Իսկ եթե Ուկրաինան միանա Մաքսային միությանը, մենք, որպես միասնական տնտեսական գոտի, ավելի լայն, ընդգրկուն տարածք ենք տեսնում: Իմ կարծիքով՝ որքան ընդգրկուն լինի Մաքսային միությունը, այնքան հեշտ ու արդյունավետ կլինի, տնտեսական առումով, համագործակցությունը»: Տարածաշրջանում ընթացող գործընթացները, տարբեր տեսակի հայտարարությունները ՀՀԿ-ական պատգամավորը պատահական չի համարում, բայց հորդորում է զինվել համբերությամբ եւ սպասել վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքներին:

Տեսակետ կա, որ այն, ինչ սեպտեմբերի 3-ին կատարվեց Հայաստանի հետ, իրականում ուղղված էր Ուկրաինայի դեմ, որ Հայաստանին նման որոշում պարտադրելով՝ իրականում ՌԴ իշխանական խավը նախազգուշացնում էր Ուկրաինային: Պատգամավորը եւս մեկ անգամ կրկնեց, որ Հայաստանի վրա ճնշումներ չեն գործադրվել, եւ որ այդ տեսակետը վաղուց կորցրել է իր ուժը. «Հայաստանի կամ Ուկրաինայի որոշումները որեւէ կապ չունեն: Ցանկացած պետություն ինքն է որոշում իր շահը: Այստեղ մենք մի փոքր շահեկան դիրքերում ենք, որովհետեւ միշտ եղել ենք ազնիվ՝ թե ռազմավարական գործընկեր ՌԴ-ի, թե եվրոպական գործընկերների հետ, ու բոլոր հանդիպումներում հայտարարել ենք, որ աշխատելու ենք եւ-եւ սկզբունքով»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս՝ ,,ազնիվ, անշահախնդիր երկրի համար մտածողները,, Վիլնյուսից սպասում են մի ճմրթած թղթի
    վրա խզբզանք, որից ավելը չեն էլ ստանա, բայց հետո տարիներով կմեկնաբանեն ըստ իրենց երևակայությունների, որ իբր ստորագրել են՝ փաստաթղթերի փաստաթուղթը:
    Խայտառակություն՝ պետական մասշտաբով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930