Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի համար ամեն մի երեխայի կյանքը խիստ կարեւոր է»

Նոյեմբեր 16,2013 14:34

Մեր երկրում տարեկան 250 անհաս երեխա է ծնվում, որոնց մեծ մասը մահանում էին՝ շնչելու համար նախատեսված դեղամիջոցի բացակայության պատճառով:

«Դեմոգրաֆիական խնդիր ունեցող երկրի համար ամեն մի երեխայի կյանքը խիստ կարեւոր է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Էբբ վի» ամերիկյան  դեղագործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, բժիշկ Ինա Արզումանյանը՝ նշելով, թե որքան կարեւոր էր  «Սուրվանտա» դեղամիջոցի մուտքը Հայաստան: Դեղը նախատեսված է անհաս՝ մեկ կիլոգրամից պակաս ծնված երեխաների համար, որոնք ունենում են շնչառական լուրջ խնդիրներ: Դեղամիջոցը նվազեցնում է վաղածին երեխաների մահացությունը:

Ինա Արզումանյանի տվյալներով՝ ամեն տարի մեր երկրում մինչեւ մեկ կիլոգրամ 250 երեխա է ծնվում: 8-9 ամիսների ընթացքում մեր երկրում արդեն վաղաժամ ծնված  55 երեխայի կյանք է փրկվել: Դեղամիջոցը ծննդատներին տրամադրվում է բարերարների միջոցներով, եւ առայժմ Երեւանի 6 ծննդատուն ունի այն: Տիկին Արզումանյանի խոսքերով՝ «Հայկական նեոնատալ ասոցիացիան» ջանքեր է գործադրում դեղամիջոցի աշխարհագրությունն ընդլայնելու համար, եւ քանի որ ոչ բոլոր բժիշկները կարող են օգտագործել այս դեղը, հանրապետության նեոնատոլոգների համար կազմակերպվում են դասընթացներ, որից հետո միայն դեղը կբաժանվի նաեւ մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի բուժհիմնարկներին:

«Հետխորհրդային բոլոր երկրներում գործում է անհաս երեխաներին փրկելու պետական ծրագիր, բայց քանի որ Հայաստանում այդ դեղամիջոցը գրանցված չէր, մեզ մոտ չկար նման ծրագիր: Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների հետ կազմակերպվեց այդ ողջ գործընթացը, եւ դեղը եկավ Հայաստան: Դեղամիջոցը հատկացվել է այն ծննդատներին, որտեղ բժիշկները մասնագիտացված են: Այն ներարկելու համար բավականին հմտություններ են պահանջվում»… Տիկին Արզումանյանն ասում է, որ դեղը ներարկելուց հետո հետխնամք էլ է պահանջվում, ինչը նույնպես հմտությունների հարց է:

Այս դեղամիջոցը զարգացած երկրներում արդեն 15 տարի է՝ օգտագործվում է, եւ այն ստանալուց հետո վաղահաս ծնված երեխաների ապրելու հավանականությունը 75-80 տոկոս է: Բժշկի ներկայացմամբ՝ մեզ մոտ արդեն 77 տոկոս արդյունք է գրանցվել: Թե ինչու են մայրերը վաղաժամ ծննդաբերում՝ տիկին Արզումանյանը պայմանավորեց մի շարք գործոններով, սակայն ասաց, որ գրեթե բոլոր երկրներում կա այդ խնդիրը եւ սոցիալական պայմանների հետ այնքան էլ կապված չէ:

Դեղը ներարկվում է նորածնի ծնվելուց մեկ ժամվա ընթացքում՝ Էնդոտրախեալ ճանապարհով, այսինքն՝ միանգամից թոքերի մեջ, եւ մեկ դեղաչափը, որպես կանոն, բավարար է լինում մեկ կիլոգրամանոց երեխայի կյանքը փրկելու համար: Այն սովորաբար ստանում են հղիության 28-29 շաբաթականում ծնված երեխաները:

«Անհաս երեխաների վերակենդանացման մի քանի փուլ կա, այս դեղը կարեւոր փուլերից մեկի համար է նախատեսված: Մինչ այդ մեր բժիշկներն իրենց չեղած հնարավորություններն օգտագործում էին եւ ամեն ինչ անում էին, բայց կան պահեր, երբ ոչինչ հնարավոր չէր անել: Այժմ բժիշկների գործը հեշտացել է: Բացի այդ, «Հայկական նեոնատալ ասոցիացիան» հիմնել է ուղեցույց, որով առաջնորդվեն բժիշկները»:

Մասնագիտական խումբը եղել է Շիրակի մարզում եւ ԼՂՀ-ում, քանի որ այս բնակավայրերը մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա են գտնվում, եւ անհաս երեխա ունենալու դեպքում ժամանակը երկար է՝ Երեւան հասցնելու, ուստի մասնագետները ծրագրել են այդ մարզերում առաջնային ներդնել դեղի կիրառությունը: Շիրակում եւ Լեռնային Ղարաբաղում արդեն սկսվել է բժիշկների վերապատրաստման գործընթացը, քանի որ առանց հմուտ մասնագետի դեղը չեն կարող կիրառել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930