Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ դպրոց հաճախում են միայն մարզերից (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2013 14:22

«Առավոտը» այցելեց Երեւանի թիվ 12 հատուկ դպրոց

Դպրոցի տնօրեն Արծվիկ Արշակյանը ներկայացրեց դպրոցում ուսանող երեխաների պատմությունները: Նա շեշտեց, որ մինչեւ 2011 թվականը դպրոց էր հաճախում շուրջ 150 երեխա, սակայն այս պահին ուսուցանում է 86 երեխա: Մեր այցելած պահին դպրոցում զգալի թվով քիչ էին երեխաները, սակայն դա բացատրեցին նրանով, որ երեխաները հաճախակի են բացակայում:

«Այստեղ կան բազմապիսի երեխաներ, որոնք ունեն մտավոր շեղվածություն: Նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատանք է տարվում յուրովի, քանի որ մեծ ջանքեր են պահանջվում նրանց դասընթացներ տալու համար, սակայն հոգատարության միջոցով մենք հաղթահարում ենք ամեն արգելք»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Արծվիկ Արշակյանը:

Տնօրենը դասավանդում է լոգոպեդիա: Նա պատմեց, որ հատուկ դպրոցում աշխատանքի է անցել 2011 թվականից: Մինչ նրա տնօրեն լինելը՝ դպրոցը գտնվում էր անմխիթար վիճակում: Զրույցի ժամանակ Արծվիկ Արշակյանը պատմեց, որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «2011 թվականին տրամադրեցին 60.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է դպրոցի բարեկարգման վրա»: Դպրոցն ապահովված է ջեռուցմամբ: Ունի միջոցառումների կազմակերպման դահլիճ, ֆիզիկական կուլտուրայի դահլիճ: Երեխաների համար նախատեսված է 7  ննջասենյակ, որոնցից 5-ը ժամանակակից կահավորանք ունի: Մենք պտտվեցինք դպրոցում, զննեցինք ամբողջ սենյակները, դասասենյակները եւ նկատեցինք, որ դպրոցում զգալի աշխատանքներ են կատարվել վերանորոգման հարցում: Այդ պահին երեխաները դաս էին պարապում: Ուսուցչուհիներն իրենց հերթին մեծ ջանքով աշխատանքներ էին կատարում երեխաների հետ՝ պարապում էին տարբեր առարկաներ: Մայրենիի ուսուցչուհին նկատեց, որ լինում են երեխաներ, որոնք նույնիսկ 3-րդ դասարանում են սովորում, սակայն դեռ այբբենարանը լիարժեք չեն կարողանում յուրացնել: Դպրոցի տնօրեն Արծվիկ Արշակյանը տեղեկացրեց, որ երեխաներին ընդգրկում են նաեւ ներառական դասընթացների. «Մեր դպրոցին կից կա գնահատման կենտրոն, որտեղ որոշում են երեխայի վիճակը: Գնահատում են երեք փուլերով՝ թեթեւ, միջին եւ ծանր: Եթե երեխան թեթեւ կամ միջին ծանրության հիվանդ է, ապա նրան տանում ենք ներառական դպրոց, իսկ եթե ծանր, ապա հատուկ դպրոց»: Նա տեղեկացրեց նաեւ, որ 2012 թվականին 12 երեխայի ընդգրկել են ներառական դպրոց:

Դպրոցում դասավանդում է 9  մասնագետ: Ուսուցման տեւողությունն առաջինից տասներորդ դասարան է: Սովորում են շաբաթական վեց օր: Երեխաների 40 տոկոսը գիշերում է դպրոցում: Սնվում են օրվա ընթացքում երեք անգամ: Խոհանոցը վերանորոգման կարիք ուներ: Այդտեղ դեռ աշխատանքներ կան կատարելու, որի կապակցությամբ դպրոցի տնօրենը հայտնեց, որ նախարարությունից նույնպես  այցելել են, գնահատել են վիճակը եւ կփորձեն աջակցել նաեւ խոհանոցի վերանորոգման հարցում:

Թիվ 12 հատուկ դպրոցում կային երեխաներ, որոնք միակողմանի ծնողազուրկ են, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ այդ դպրոցում չգտնվեցին: Երեխաներից մեկը, որ հոգեկան խնդիրներ ուներ, պատմեց իր երազանքների մասին: Նա ձեռքին ուներ խաղալիք մեքենա,  ժպիտը դեմքին ասաց. «Երազում եմ մեծանալ ու ոստիկան դառնալ»: Այն հարցին, թե ինչո՞ւ հատկապես ոստիկան, երեխան պատասխանեց. «Որպեսզի պաշտպանեմ մարդկանց»: Իրենց անունները խուսափում էին բարձրաձայնել երեխաները՝ ամաչում էին: Մայրենիի դասաժամին գտնվող երեխաները ներկայացրեցին աշունը՝ իր գույների մեջ եւ ասացին. «Աշունը լինում է կարմիր, կանաչ ու դեղին տերեւներով»: Ընդհանուր դասն անցկացվում էր խաղաղ պայմաններում: Նույնիսկ դուրս գալու ժամանակ երեխաները շտապեցին ասել. «Լավ մնացեք»:

Արծվիկ Արշակյանը մտահոգություն հայտնեց  մարզերից դպրոց հաճախող երեխաների փոխադրման հարցում. «Սա շատ կարեւոր խնդիր է, քանի որ դպրոց են հաճախում նաեւ մարզերից, իսկ  երթուղայինին վճարելու համար բավական գումար են ծախսում ծնողները: Այդ պարագայում պետք է պետության աջակցությունը, որպեսզի բարելավվի նաեւ երեխաների փոխադրումն անվճար պայմաններում»:

Դպրոցի տնօրինությունը մտահոգված էր նաեւ խնդրով, որ կառավարության որոշմամբ մինչեւ 2022 թվականը հանրապետության բոլոր հատուկ դպրոցները դադարելու են գործել:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930