Հայտարարում է պոետ Սոնա Վանը
Այս օրերին Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ջավախք եւ Լեռնային Ղարաբաղ «գրական» շրջագայությունից հետո հայրենիքում է ամերիկաբնակ ճանաչված պոետ Սոնա Վանը: Շուրջ 30 տարի բնակվելով Կալիֆոռնիայում, իր խոսքերով՝ «ազգերի խառնարանում», արվեստագետն այս տարի արժանացել է «Կինը գրականության մեջ» ամենամյա ամերիկյան մրցանակի:
«Առավոտի» հետ զրույցում գրողն իր հայտնի լինելը պատճառաբանեց սեփական բանաստեղծությունները տարբեր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն թարգմանված լինելով: Նշեց, թե իր համար մեծ պատիվ է այն փաստը, որ ռուսերենով իր երկերի թարգմանություններն իրականացրել են ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ Եվգենի Ռեյնը, ում Բրոդսկին համարել է իր ուսուցիչը: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե ինքը շատ հայ գրողների չի ճանաչում, որոնց գործերը ընդունում է ռուսական գրական էլիտան: Նշեց նաեւ, որ իր բանաստեղծությունները հաճախ են տեղ գտնում ռուսական պարբերականներում, այդ թվում՝ «Կուլտուրա», «Դրուժբա», «Նովի միր», «Օրիոն» եւ այլն: Անցում կատարելով հայրենակիցներին, հիշեց, որ ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, իր քույրն ու ամուսինը, ինչպես նաեւ կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն են պատճառ հանդիսացել 1999թ. առաջին՝ «Փշրանքներ» ժողովածուի հրատարակմանը ԱՄՆ-ում:
Չորս ժողովածուների հեղինակ Սոնա Վանը «դրսի» ու «ներսի» հայրենակիցների հետ պատրաստվում է մասնակցություն ունենալ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, բնականաբար՝ հրատարակելով նոր ժողովածու:
Խուսափելով սեփական գնահատականներից, առաջին անգամ ներկայացնում ենք Սոնա Վանի ստեղծագործությունների մասին օտար մասնագետների արձագանքը:
Բանասեր, արվեստաբան Աննա Անդերսոնը (ԱՄՆ) գրում է. «Մինչ օրս ոչ մի բանաստեղծ այսպես չի կարողացել կապել իրականն ու անիրականը, առօրեականն ու երկնայինը, ինչպես Սոնա Վանը, քանի որ արվեստագետն ապրում է իր ֆիզիկական ես-ից դուրս, չունի մահվան վախ: Սոնա Վանը էրոսը բարձրացնում է մեկ այլ հարթություն, մերկությունը երբեք չի վերածում լկտիության, էպոտաժի՝ ընթերցողին ինքնանպատակ ցնցելու մերօրյա բանաստեղծի քմահաճույքի, զարմացնում է առանց վիրավորելու: Նրա մեթոդը մարդկային փորձի եւ ասվածի տոնայնության ճշմարտացիությունն է…»:
Պոետ, արձակագիր, գրաքննադատ Իլյա Ֆալիկովը հայ պոետին կոչելով «Նոր Սաֆո», գրում է. «Սոնա Վանը նոր է ամեն ինչում: Այս իմաստուն կինն անկեղծ ու բաց է սեփական մարմնի հետ զրուցելիս: Նրա բանաստեղծություններում տղամարդը նույնպես հրեշտակ չէ, նրա պոեզիայում արեւելյան հնազանդություն չեք գտնի: Երբեմն պոետի պոռթկուն ընդվզումին արժանանում է նույնիսկ Աստվածն ինքը…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ