Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչների միությունը դիմում է ԵԱՀԿ-ին՝ Թեղուտի հարցով

Նոյեմբեր 16,2013 11:53

Բաց նամակ

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գրասենյակի ղեկավար, Դեսպան՝ Անդրեյ Սորոկինին

 

Հարգելի Դեսպան, սույն թվի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Կանաչների միությունը Ձեզ էր դիմել այն հարցով, թե իրո՞ք ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը 2006 թ. կողմ է եղել Թեղուտի հանքավայրի շահագործմանը, թե՞ դա «Vallex Group»-ի հորինածն է: Մեզ համար անսպասելի, ստացանք ոչինչ չասող պատասխան` Թոմաշ Դեմբսկի (Tomasz Dembski – Economic and Environmental Officer) ստորագրությամբ:

Պարոն Թոմաշ Դեմբսկին պատահականորեն, թե գիտակցաբար, մեր ոչ մի հարցին չի պատասխանել: Պատասխան նամակը հիմնականում Հելսինկյան Ակտից հղումներ են: Սակայն ընդհանուր նամակի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ ԵԱՀԿ-ն Թեղուտի հանքավայրի շահագործմանը կողմ է:

Ահա պարոն Թոմաշ Դեմբսկիի պատասխանն առանց Հելսինկյան Ակտի հղումների. «Ինչ վերաբերում է Ձեր նամակում /10 հոկտեմբերի, 2013/ նշված խնդրին առ այն, որ 2006 թ. հոկտեմբերի 12-ին ԵԱՀԿ ներկայացուցիչը կարծիք է արտահայտել Թեղուտի ընդերքշահագործման ծրագրի հանրային լսումների ժամանակ, ապա սիրով տեղեկացնում եմ, որ արտահայտված կարծիքը ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթի՝ Հելսինկյան ակտի մեջ նշված դրույթների շնչեցումն է ռեսուրսների խելամիտ օգտագործման ու բնության պաշտպանության մասին»:

Ուղղակի զարմանք է հարուցում, որ բնական համակարգերի ավերման ու ոչնչացման, կյանքի հենարանների բնաջնջման, սոցիալական իրավիճակը դեպի վատթարացում տանող և արտագաղթի համար ճանապարհ հարթող ծրագիրը ԵԱՀԿ-ի պաշտոնյան ներկայացնում է որպես Հելսինկյան Ակտի դրույթների «շնչեցում»: Ուրեմն մեզ ուղղակի մնում է միայն ուսումնասիրել, խորհել ու հասկանալ, թե ի՞նչ առաքելությամբ է ԵԱՀԿ-ն Հայաստանի Հանրապետություն եկել, և ի՞նչ նպատակ է հետապնդում Հելսինկյան Ակտը:

Հարգելի Դեսպան, խնդիրն ավելի հասկանալի դարձնելու համար այստեղ բերեմ Հայաստանի Կանաչների միության կողմից Ձեզ հղված նամակն ամբողջությամբ.

«Հարգելի Դեսպան Անդրեյ Սորոկին, «Vallex Group»-ի կողմից կազմված «Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանում» (հետայսու՝ Կառավարման պլան) ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աշխատակից Գոհար Ղազինյանի անունից գրված է. «Ցանկանում եմ արտահայտել ԵԱՀԿ տեսանկյունը: Հանքավայրի շահագործումն, այո, պետք է իրականացվի, սակայն խելամիտ եղանակով՝ լուծելով ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ տնտեսական զարգացման խնդիրները: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել միջազգային փորձին, քանի որ առկա են ընդերքի շահագործման նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս շրջակա միջավայրին հասցվող վնասը սահմանափակել բացհանքից մեկ մետր հեռավորությամբ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս ասպարեզում առկա փորձն ու ձեռք բերել համապատասխան գիտելիքներ…» (էջ 89):

Մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ հիմնավորմամբ է ԵԱՀԿ-ն գտնում, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը պետք է իրականացվի:

Հայաստանի Կանաչների միությունը հնարավորինս ուսումնասիրել է Թեղուտի հանքավայրի նախագիծը, բազմիցս եղել է տեղանքում ու հանգել է այն եզրակացության, որ այդ հանքավայրի շահագործումը խոշորածավալ վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, միաժամանակ կհանգեցնի էկոլոգիական այնպիսի աղետի, որի հետևանքների վերացումը գործնականում անհնար կլինի: Այսպիսի կարծիք են արտահայտել նաև բազմաթիվ հասարակական այլ կազմակերպություններ և անկախ փորձագետներ:

Եվ դա պահահական չէ: Օրինակ, Շնող գետի երեք վտակների հուներում լցվելու են պոչանք և հանքարդյունաբերական այլ թափոններ, այսինքն, հանքի շահագործման ընթացքում և շահագործումից հետո այս գետը դառնալու է մեռյալ: Սակայն, անգամ այժմ, երբ իրականացվում են միայն շինարարական աշխատանքներ, այդ գետում վերացել են ոչ միայն ձկնատեսակները, որոնք մշտապես որսացել են տեղի բնակիչները, այլ նաև` ջրային բոլոր կենդանիները: Ըստ Թեղուտի հանքավայրի նախագծի՝ հատվելու է 53333 միայն խնձորենի, ավերվելու և վերանալու է տարածքի երկրաբանական կառուցվածքը:

Բազում անգամ ասվել ու հրապարակվել է, որ Թեղուտի նախագիծը թերի է, կազմվել է ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, այնտեղ առկա են թերհաշվարկներ և կեղծիքներ, անասելի ցածր է գնահատված Հայաստանի Հանրապետության ունեցվածքը, օրինակ, ոչնչացվող անտառային տարածքի 1 մ2 գնահատվել է 0.8 դրամ, այն դեպքում, երբ 1 մ2 այդպիսի տարածքում արդյունաբերական թափոններ տեղադրելու համար սահմանված է 10 հազար դրամի տուգանք:

«Vallex Group»-ը Թեղուտի հանքավայրի շահագործումը փորձում է հիմնավորել պետական գանձարանի հարստացման, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալական իրավիճակի բարելավման հավաստումներով: Սակայն դրանք իրատեսական չեն:

Պետական գանձարան մտնելու են չնչին գումարներ, իսկ հիմնական շահույթը հասնելու է հանքավայրը շահագործող ընկերությանը:

Հանքավայրի շահագործմամբ ստեղծվելու են ժամանակավոր աշխատատեղեր, սակայն վերանալու են գյուղատնտեսական մշտակայուն աշխատատեղերը:

Ինչ վերաբերում է սոցիալական իրավիճակի բարելավմանը, ապա պետք է ասվի, որ այդ տարածաշրջանը գլխավորապես հանքարդյունաբերական թափոնների հետևանքով դուրս է գալու գյուղատնտեսության ոլորտից և աստիճանաբար ամայանալով դառնալու է անմարդաբնակ:

Փաստորեն, ստացվում է, որ բազում հասարակական կազմակերպությունների ու փորձագետների տեսակետները տրամագծորեն հակառակ են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի տեսակետին: Կառավարման պլանում ԵԱՀԿ-ի անունից Թեղուտի հանքավայրի շահագործմանն ուղղված գովազդը, գուցե և, հորինված է, այն ենթադրությամբ, որ «Vallex Group»-ը իր այս հանցագործ ծրագիրը իրականացնելու համար ամեն գնով ձգտում է ցույց տալ, որ Թեղուտի հանքավայրի շահագործմանը իբր իրենց համաձայնությունն են տվել հասարակական և միջազգային կազմակերպությունները: Օրինակ, իմ անունից նույն Կառավարման պլանում գրված է, որ իբր ես դեմ չեմ Թեղուտի հանքավայրի շահագործմանը: Այն դեպքում, երբ բազմաթիվ հոդվածներում, «Աղետաբեր Թեղուտը» գրքում, ռադիոհեռուստատեսային հաղորդումներում և խնդրին վերաբերվող հասարակական ու պետական քննարկումներում հստակորեն ասել եմ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը անթույլատրելի է և դրա շահագործման դեպքում ինչպիսի կործանարար հետևանքներ են սպասվում Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև Թեղուտի շահագործումը հակասում է պետության ու ժողովրդի շահերին և բխում է առանձին ընտանիքների շահերից:

Հարգելի Դեսպան, ակնկալում ենք, որ Ձեր պատասխանում նշված կլինի, թե արդյո՞ք նախկինում ԵԱՀԿ-ի տեսակետը եղել է ի նպաստ Թեղուտի հանքավայրի շահագործմանը, թե՞ դա «Vallex Group»-ի հորինվածքի արդյունք է: Ցանկանում ենք նաև իմանալ, թե այժմ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ-ի տեսակետը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ:

Ճիշտ է՝ Թեղուտում հողային և շինարարական ծավալուն աշխատանքները շարունակվում են և մեծ ավերածություններ են կատարված, սակայն դեռևս չի սկսվել հանքաքարի վերամշակման գործընթացը, որից հետո այդ տարածաշրջանը այլևս անհնար կլինի տնտեսական նշանակությամբ օգտագործելը, այն կդառնա նաև հարակից տարածքները ծանր մետաղներով թունավորող աղբյուր: Այս կործանարար գործընթացը կանխելու գործում, մեր կարծիքով, իր վճռորոշ դերը կարող է ունենալ նաև այն, եթե Դուք հստակորեն արտահայտեք ԵԱՀԿ-ի տեսակետը և հայտարարությամբ հանդես գաք Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ:

Ցանկանում ենք նաև տեղեկանալ, թե այդ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվելիք վնասը սահմանափակել բացհանքից մեկ մետր հեռավորությամբ, ինչը մեզ բացարձակ անհավանական է թվում  (կից ուղարկում ենք Հայաստանի Կանաչների միության կազմած՝ Թեղուտի նախագծին վերաբերվող տեղեկատուն)»:

Ինչպես մեր նամակից պարզ երևում է, մենք ցանկացել ենք պարզել՝

ա) արդյո՞ք 2006 թվականին ԵԱՀԿ-ն կողմ է եղել Թեղուտի հանքավայրի շահագործմանը,

բ) արդյո՞ք այժմ էլ ԵԱՀԿ-ն չի փոխել իր կարծիքը և կողմ է Թեղուտի հանքավայրի շահագործմանը և եթե իրոք կողմ է, ապա ի՞նչ գիտական ու սոցիալ-տնտեսական փաստարկներով է հիմնավորված այդ տեսակետը,

գ) ԵԱՀԿ-ին հայտնի այդ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվելիք վնասը սահմանափակել բացհանքից մեկ մետր հեռավորությամբ:

Ակնկալում ենք այս հարցերի պատասխանները:

 

Հարգանքով՝ Հակոբ Սանասարյան

Հայաստանի Կանաչների միության նախագահ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930