Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանձին անհատը շատ թույլ է, նման է լքված Ռոբինզոնի»

Նոյեմբեր 16,2013 14:14

«Անձ եւ պաշտոն» գրքի շնորհանդեսին հոգեբանները վերլուծեցին անձի եւ պաշտոնի համապատասխանության հարցը:

«Ասում են՝ լավագույն աշխատանքը բարձր վարձատրվող հոբին է: Իսկապես, եթե այդպես է, մարդը  հաճույքով  է  գնում աշխատանքի»,- ասաց «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն, «Անձ եւ պաշտոն» գրքի հեղինակներից   Արտաշես Ջավադյանը: Երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացավ «Անձ եւ պաշտոն» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակներն են «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն Արտաշես Ջավադյանը, հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Մարինե Պետրոսյանը եւ ԵՊՀ համալսարանի դասախոս, «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» գիտական խորհրդի անդամ Դավիթ Ամիրյանը: Ըստ հեղինակների՝ իրենք փորձել են հոգեբանական տեսակետից վերլուծել  անձի եւ պաշտոնի համապատասխանության հարցերը, անձնակազմի ընտրության, գնահատման, խրախուսման, անձնակազմին հարմարվելուն վերաբերվող այլ հարցեր: «Մենք առաջին անգամ կիրառության դրեցինք պաշտոնի գնահատման սանդղակը, որի միջոցով շեշտվում են այն մասնագիտական որակները, առանց որի հնարավոր չէ տվյալ պաշտոնը ղեկավարել»,- ասաց  գրքի հեղինակներից Մարինե   Պետրոսյանը:  «Աշխարհի մի շարք երկրներում շատ գործատուներ մշակում են աշխատակիցների խրախուսման տարբեր միջոցներ, որպեսզի բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը: Ընդ որում,  նախքան աշխատողին խրախուսելը կատարում են ուսումնասիրություն՝ պարզելու, թե աշխատակիցը կոնկրետ ինչպիսի խրախուսման կարիք ունի»,- ասաց նա:

Գրքի հեղինակները կարեւորեցին  նաեւ կոլեկտիվ աշխատանքի գաղափարը: «Առանձին անհատը  շատ թույլ է, նման է լքված Ռոբինզոնի: Մարդիկ կարող են արարել, ստեղծել ինչ-որ բան, այսինքն՝ լավ աշխատել, եթե միասին են: Շատ լավ խոսքեր են,  պետք է գիտակցել դրանց նշանակությունը»,- իր հանդիսավոր ելույթի ժամանակ ասաց գրքի հեղինակներից  Արտաշես Ջավադյանը: Տարիների ընթացքում հեղինակները հետազոտություններին զուգահեռ  օգտվել են բազմաքանակ գրականությունից. «Մենք օգտվել ենք նաեւ մեր  կառույցին կից գործող  Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների կենտրոնից, որը ստեղծվել է կառավարության որոշմամբ՝ հանցագործության դեմ պայքարի ծրագրով»,- ասաց  Արտաշես Ջավադյանը:  Հավելեց. «Տարիների ընթացքում  միշտ հիշել ենք  Վոլտերի հայտնի խոսքը՝ աշխատանքը մարդուն փրկում է ձանձրույթից, հեռու պահում արատներից, փրկում կարիքներից»:

Ելույթ ունեցան  ձեռնարկի խմբագիր Լարիսա Հովհաննիսյանը, մասնագիտական խմբագիր, ճանաչված հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր  Արսեն Լոքյանը, Ճարտարագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը եւ այլոք: Վերջինս պատմեց. «Երբ ես երիտասարդ էի, մեր նախարարներից մեկն ասում էր՝ կամ պետք է աշխատանքի ընդունես լավ մասնագետի կամ լավ մարդու: Գիտելիքներից բացի պետք ունենալ մարդկային լավ որակներ»:

Ներկա գտնվողներից շատերը շեշտեցին, որ մեր երկրում նմանատիպ  գրքի պահանջարկը շատ մեծ է, ոմանք ցանկություն հայտնեցին, որ գիրքն  ավելի շատ բազմանա, հետագայում լույս տեսնի նաեւ որպես ուսումնամեթոդական ձեռնարկ:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930