Լրահոս
Օրվա լրահոսը

Նա առաջիններից էր, ով ցույց տվեց գորբաչովյան «վերակառուցման» կործանարար հետեւանքները

Նոյեմբեր 16,2013 14:07

Բենիամին Միրզոյանի 90-ամյակը

Լրացավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոնի վարչության անդամ՝ Բենիամին Սիմոնի Միրզոյանի ծննդյան 90 եւ գիտամանկավարժական գործունեության 65 տարին:

Բ. Միրզոյանը ծնվել է 1923թ. նոյեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Լյուլասազ (ներկայիս Վարանգաթաղ) գյուղում: 1940թ. գերազանցությամբ ավարտելով Մարտակերտի միջնակարգ դպրոցը, նույն տարում առանց քննության ընդունվել է ԵՊՀ Ֆիզմաթ ֆակուլտետ: Սակայն Հայրենական մեծ պատերազմն ընդհատեց նրա ուսումնառությունը: 1942թ. մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել է 2 անգամ, այդ պատճառով 1945թ. զորացրվել եւ նույն թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ-ում նոր բացված՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որն ավարտել է 1950 թվականին:

Նա աշխատանքի է անցել Երեւանի 26 Կոմիսարների շրջանի Կուսակցական ապարատում, որտեղ 2 տարի աշխատելուց հետո, 1952թ. սեպտեմբերից մինչեւ 1953թ. հուլիս ամիսը սովորել, գերազանց գնահատականներով ավարտել եւ հանձնել է թեկնածուական մինիմումները, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանին կեց հասարակական գիտությունների դասախոսների վերապատրաստման միամյա կուրսերը: Հինգ տարի (1953-1957թթ.) դասավանդել է քաղաքատնտեսություն Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Շուրջ 10 տարի (1958-1967թթ.) նա աշխատել է «Հայաստանի ժողովրդական տնտեսության» ամսագրում, որպես բաժնի վարիչ, ապա պատասխանատու քարտուղար:

Բ. Միրզոյանը 1968թ. կրկին անցնում է դասախոսական աշխատանքի Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, որտեղ 1978թ.-ից ղեկավարել է քաղաքատնտեսության ամբիոնը մինչեւ 1990 թվականը: Երկու գյուղատնտեսական բուհերի միավորվելուց հետո աշխատել է ՀՊԱՀ Տնտեսագիտության տեսության ամբիոնում, որպես դասախոս եւ խորհրդատու: Նա տնտեսագիտության թեկնածու է (1967թ.), դոցենտ (1970թ.), պրոֆեսոր (1990թ.), ԽՍՀՄ լրագրողների միության անդամ (1962թ.): Պարգեւատրվել է շքանշաններով ու մեդալներով, հասարակական ակտիվ գործունեության համար բազմիցս արժանացել է պատվոգրերի:

Բ. Միրզոյանը Միության առաջին տնտեսագետներից է, ով Ստալինի մահից (1953թ.) անմիջապես հետո զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով, հանդես գալով զակուցագրերով, այնուհետեւ բազմաթիվ հոդվածներով, ապացուցելով ստալինյան ինդուստրացման ու կոլեկտիվացման հետեւանքով գյուղի ու քաղաքի տարբերությունների ուժեղացումը, մեծ քաղաքներում բնակարանային հարցի սրումը, կուսակցական եւ պետական վերնախավի վերասերումը: Այդ մասին նա ընդարձակ նամակ է ուղարկել Ն. Խրուշչովին (1954թ.), որը Մոսկվայում եւ Երեւանում դարձավ լուրջ քննարկման առարկա:

Բ. Միրզոյանի ավելի քան 100 գիտական եւ հրապարակախոսական աշխատանքները տնտեսական ու սոցիալական վերլուծություններ են, որոնք նվիրված են Միության եւ մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրինաչափություններին, մասնավորապես բնակարանային հարցի լուծմանը, միգրացիոն հոսքերի եւ խոշոր քաղաքների աճի կարգավորմանը, սոցիալական պլանավորմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, վիճակագրության արժանահավատությանը եւ երկու սիստեմների տնտեսական մրցակցությունում Խորհրդային միության հետամնացությանը:

Բ. Միրզոյանը 70-ական թվականի սկզբներից հայտնվեց արցախյան ազատագրական շարժման ակունքներում եւ դարձավ նրա գաղափարախոսներից մեկը, որին հետեւում եւ զգուշացնում էին չզբաղվել ղարաբաղյան հիմնախնդրով: Իր հետազոտություններում նա բացահայտել է ադրբեջանական ԽՍՀ-ում ազգային փոքրամասնությունների էթնիկական մաքրման պատճառները, չափերը եւ կործանարար հետեւանքները: Նա հանդես է եկել մի շարք զեկուցագրերով, ապացուցելով երկրի նոր սահմանադրությունում (1977թ.) ազգային-տերիտորիալ կառուցվածքի արմատական փոփոխության անհրաժեշտությունը: Նա առաջիններից էր, ով քննադատեց խորհրդային վիճակագրության կեղծարարությունը, ցույց տվեց գորբաչովյան «վերակառուցման» կործանարար հետեւանքները: Մի շարք լուրջ հետազոտություններ չեն հրատարակվել, դրանք արգելված էին գրախոսության կողմից: «Լեռնային Ղարաբաղ» պատմավավերավերլուծական լայնածավալ աշխատությունը թարգմանվել եւ լույս է տեսել 1990թ. Նյու Յորքում:

Հայաստանի անկախության տարիներին Բ. Միրզոյանը ցուցաբերել է գիտահետազոտական բեղմնավոր գործունեություն, տարբեր թերթերում ու ամսագրերում հրատարակել ավելի քան 120 վերլուծական հոդվածներ: Միայն «թԸ» թերթում 1994-2010թթ. լույս տեսած 70 հոդվածների ժողովածուն ընդգրկում է 360 էջ: Նա հանրապետության միակ տնտեսագետն է, որը սկսած 1994թ.՝ իր հոդվածներում խիստ քննադատել է Հայաստանում իրականացված սոցիալ-տնտեսական բարեփոխումները, բացահայտել դրանց կործանարար հետեւանքները, ապացուցել, որ ՀՀՇ-ական իշխանության տարիներին երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) դինամիկան կեղծվել է 3, արդյունաբերական արտադրանքինը՝ 4, գյուղատնտեսականինը՝ 2 անգամ: Նրա հոդվածները, ամբողջությամբ վերցրած ներկայացնում են ՀՀ անկախության անցած տարիների, ներկայի եւ ապագայի սոցիալ-տնտեսական հայելին:

Բ. Միրզոյանի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի վիճակագրական տարեգրքում (2011թ.) ներկայացրել է «Հայաստանի Հանրապետություն, 20 տարի» բաժինը, որը հստակ պատկերացում է տալիս, թե ինչպիսի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական եւ հարկա-բյուջետային փոփոխություններ են տեղի ունեցել անկախության 20 տարիներին եւ ինչ դիրք է զբաղեցնում ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում: Նրա հրատարակած հոդվածները կրում են խիստ գիտական, վերլուծական եւ կառուցողական բնույթ: Ներկայումս հրատապ է դարձել վիճակագրական արժանահավատության հիմնախնդիրը, որը մանրամասնորեն ներկայացված է «Реальные и фиктивные темпы экономического роста» լայնածավալ հոդվածում («АА», 08.10.2013թ.): Կառավարության մակարդակով այդ հիմնախնդիրը ներկայումս քննարկման առարկա է դարձել:

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

հետազոտական կենտրոն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930