Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը մոտենում է եզրագծին:
Տղմարդկանց մրցակցությունում մի փոքր անկանոն մեկնարկած մեր հավաքականը վերջնագծի մատույցներում կարգավորել է խաղը եւ անչափ կարեւոր միավորներ է վաստակում: Երեկ կայացած 7-րդ տուրում մեր տղաներն անչափ համառ պայքարում նվազագույն՝ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող Ռուսաստանի հավաքականին ու թիմային 11,0 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական: Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաղթեց Եվգենի Տոմաշեւսկուն՝ ապահովելով Հայաստանի ընտրանու հաղթանակը:
Այսօր, նախավերջին տուրում, մեր տղաները խաղում են մրցաշարի առաջատար Ֆրանսիայի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ